Քաղաքականություն

Միրզոյանն անդրադարձել է ԵՄ դիտորդական առաքելության գործունեության հարցին Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ուժի մեջ մտնելու դեպքում

3 րոպեի ընթերցում

Միրզոյանն անդրադարձել է ԵՄ դիտորդական առաքելության գործունեության հարցին Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ուժի մեջ մտնելու դեպքում

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նշել է, որ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումից, վավերացումից և ուժի մեջ մտնելուց հետո ԵՄ գործընկերների հետ ընդունելի ու փոխշահավետ համաձայնություններ կքննարկվեն կառույցի դիտորդական առաքելության գործունեության վերաբերյալ։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Արարատ Միրզոյանը նշեց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների նիստում կառավարության 2024 թվականի ծրագրի մասին զեկույցին հաջորդած հարցուպատասխանի ընթացքում։ 

«ԵՄ դիտորդական առաքելության համագործակցության ձևեր միշտ էլ կարող ենք քննարկել և հանգել համաձայնությունների Եվրոպական միության մեր գործընկերների հետ։ Դիտորդական առաքելությունը տեղակայվել է մեր առաջարկությամբ, մեր խնդրանքով։ Նպատակն է ապահովել, նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի կայունությանը, սահմանամերձ շրջաններում կայունությանը, խաղաղությանը, և պետք է արձանագրենք, որ առաքելության տեղակայումից ի վեր, իսկապես, այն ծառայել է նպատակին, առաքելությունը իսկապես ստացված է։ Միևնույն ժամանակ, երբ կստորագրվի այդ համաձայնագիրը (խմբ. նկատի ունի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը, որի տեքստը կողմերն արդեն համաձայնեցրել են) և կվավերացվի, ուժի մեջ կմտնի, բնականաբար, խաղաղությունն ու կայունությունը շատ ինստիտուցիոնալ կդառնան Հայաստանի և Ադրբեջանի սահմանին։ Ուզում եմ վստահեցնել, որ երբ այս համաձայնագիրը կստորագրվի, կվավերացվի և ուժի մեջ կմտնի, մենք Եվրոպական  միության գործընկերների հետ քաղաքացիական առաքելության համագործակցության մասով ընդունելի, փոխշահավետ լուծումների կգանք»,-ընդգծեց ՀՀ ԱԳ նախարարը։  

Հայաստանն ու Ադրբեջանը մարտի 13-ին հայտարարել են, որ վերջնական համաձայնության են հասել խաղաղության պայմանագրի նախագծի տեքստի շուրջ։ Խաղաղության համաձայնագրի նախագծի 17 դրույթներից մեկը վերաբերում է համաձայնագրի ստորագրումից հետո Հայաստանի և Ադրբեջանի սահմանին երրորդ երկրների ուժերի տեղակայումը բացառելուն։ ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունը Հայաստանում իր գործունեությունը սկսել է 2023 թվականի փետրվարից։ 2025 թվականի հունվարին ԵՄ խորհուրդը ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության մանդատը 2 տարով երկարաձգելու որոշում կայացրեց։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում