Արդիական խնդիրներն ու իրողությունները՝ «Միսս դժոխք»-ում. Կամերային թատրոնի բեմ բարձրացավ Երնջակյանի անաստվածային կատակերգությունը
7 րոպեի ընթերցում

Իրականությո՞ւն, թե՞ երևակայական աշխարհ, հորինված խնդիրնե՞ր, թե՞ սովորական մահկանացուներին հուզող հարցեր: Երևանի կամերային թատրոնի «Միսս դժոխք» անաստվածային ներկայացման հերոսները, որոնք դժոխքում հայտնված տարբեր խավերի ու մասնագիտությունների տեր մարդիկ են, բարձրաձայնում են ակնհայտ խնդիրներ, որոնք, թերևս, բոլորիս են վերաբերում: Սեր, անտարբերություն, բռնություն, իշխանություն, տարբեր միջոցառումների միջոցով հասարակությանն այս կամ այն հրատապ խնդրից շեղելու փորձեր, բարոյալքություն և պայքար, միասնական, համախմբված լինելու կոչ:
Հավանաբար յուրաքանչյուր հանդիսատես իրեն կամ իր շրջապատում ապրող որևէ մեկին կգտնի թատրոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Արա Երնջակյանի պիեսի համանուն ներկայացման մեջ, որը նոր մոտեցումներով, շեշտադրումներով կրկին Կամերայինի բեմում էր:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Արա Երնջակյանն այն բեմադրել է 2001 թվականին, այս անգամ ներկայացումը հանդիսատեսի դատին հանձնեց թատրոնի ռեժիսոր Արշալույս Հարությունյանը:
«Ի ուրախություն, թե ի տխրություն մեզ երնջակյանական թեմաները միշտ ակտուալ են, երբեմն՝ ցավեցնելու աստիճանի: Մեր ներկայացումներին ծանոթ հանդիսատեսը նկատած կլինի, որ խաղացանկն ասես անկախությունից հետո մեր իրականության տարեգրությունը լինի: Տասը տարի առաջ գրված պիեսներն այսօր շատ արդիական են: Չգիտեմ դա լա՞վ է, թե՞ վատ: Կար մի շրջան, որ Երնջակյանին խնդրում էի չգրել, քանի որ այն, ինչ նա գրում էր, իրականանում էր: Զուր չէ, որ նրա ներկայացումներն անվանում ենք հոռետեսական կատակերգություններ, որովհետև ամբողջ ընթացքում ծիծաղում ենք մեր մտածելակերպի, ազգային տեսակի, բովանդակության վրա, վերջում նա դրամատուրգիայի միջոցով սառը ցնցուղի տակ է պահում բոլորիս»,-ասում է Հարությունյանը:
Նա հավաստիացնում է՝ «Միսս դժոխք»-ը մեր մասին է, մեր թերությունների, միամտության, խեղճության, ագրեսիվության մասին է:
Ներկայացման իրադարձությունները ծավալվում են դժոխքում, որը նույնականացվում է այն իրականությանը, որում ապրում ենք, պարզվում է, որ դժոխքում գտնվողների և երկրի վրա ապրող մարդկանց միջև շատ ընդհանրություններ կան: Ինչպես Հարությունյանն է ասում՝ այդ ամենը շատ սուր, ինտելեկտուալ երանգներով, նուրբ ակնարկներով և վառ գույներով է մատուցված:
Թատրոնը ժամանակ առ ժամանակ ավանդական դրամատուրգիայի է անցնում, խաղացանկում ընդգրկում են Շեքսպիրի և այլ համաշխարհային դրամատուրգների դասական պիեսներ: Կամերայինը ժանրային սահմանափակում չունի. խաղում են մյուզիքլներ, ողբերգություններ, դրամաներ, կատակերգություններ և այլն: Հարությունյանն ուրախ է, որ Երնջակյանին անդրադառնալու առիթ է ընձեռվել:
Ռեժիսորը կարծում է՝ «Միսս դժոխք» ներկայացումն անպայման իր տեղը կգտնի խաղացանկում, որովհետև գեղեցիկ է, հետաքրքր հույզեր է արթնացնում և իր շուրջ է համախմբել տաղանդավոր դերասանների: «Թարմ ուժեր, առույգ, էներգիայով լի շնորհաշատ դերասաններ, վառվռուն աչքեր, և այդ ամենը ներկայացմանը հմայք է հաղորդում»,-նշում է նա:
Երիտասարդ տարիներին Հարությունյանը խաղացել է «Միսս դժոխք»-ում: Նա վաղուց է դերասանի աշխատանքից անցել ռեժիսորի աշխատանքին և դերասանական խանդ չունի, անում է ամեն բան, որ դերասանները փայլեն, ամբողջ հմայքով ներկայանան: Հասկանում է, թե որքան կարևոր է դերասանի առաջ ճիշտ խնդիր դնել, նրանց «բացելը», որպեսզի կարողանան հանդես գալ ամբողջ գունապնակով, ներաշխարհի հարստությամբ:
Հարությունյանի խոսքով՝ յուրաքանչյուր ռեժիսոր նյութի մասին իր պատկերացումն ունի, իր տեսիլքը, տրամադրությունը, և ռեժիսորի բնավորությունն անպայման արտացոլվում է ներկայացման մեջ, ինչը բնական է, սակայն պիեսում գրեթե փոփոխություններ չեն արվել, միայն ձևի որոշ փոփոխություններ են արվել, բացի այդ՝ առաջին անգամ Երևանի կամերային թատրնում վարագույր են օգտագործել:
Արշալույս Հարությունյանը շատ է կարևորում Արա Երնջակյանի կարծիքը, հատկապես, երբ անդրադառնում է նրա դրամատուրգիային: «Մեծ պատասխանատվությամբ եմ մոտենում դրան: Այնքան լավ եմ ճանաչում Երնջակյանին, գիտեմ նրա ժպիտի տակ թաքնված տխրությունը, թվացյալ բարի հոնքերի զայրույթը: Եթե մի հարց քննարկենք, և ասեմ, որ այս կամ այն տեսարանում մտածում եմ նման լուծման մասին, բավական է, որ նա լռի, պարզապես նայի ու մտածի ասածիս շուրջ, և ես ակամայից ստանում եմ պատասխանը: Ես նրան լավ հասկանում եմ, ճանաչում եմ, զգում եմ նրա դրամատուրգիան, թատրոնն ու այդ ամենն այնքան հարազատ են ինձ, որ այստեղ շատ ազատ եմ, ուստի ամեն ինչ բնական ու ներդաշնակ է»,-եզրափակում է Հարությունյանը:
Ներկայացման կերպարներից յուրաքանչյուրը հետաքրքիր է, ունի իր խառնվածքը, իր շահերը, նպատակին հասնելու միջոցները: Գործող կարևորագույն անձանցից են ոչ միայն դժոխքի ղեկավարը, որը ինչ-որ չափով կոմիկական կերպար է, այլև աշխարհի հնագույն մասնագիտություն ունեցող կանայք՝ մարմնավաճառները:
Նրանցից մեկին մարմնավորում է Էվա Խաչատրյանը, որի համոզմամբ՝ բոլոր կերպարները բազմերանգ են:
«Այս դերում բացարձակ ճշմարտություններ են խտացվել: Մենք տեսնում ենք մարմնավաճառի, որի մեջ ավելի շատ ազնվություն, արդարամտություն կա, քան թվացյալ ավելի բարոյական մարդկանց մեջ, որոնք հոգեպես են անբարո: Տեսնելու ենք տարբեր երևույթների մեջ հակասություններ, բացահայտելու ենք քաղաքական շերտեր, խորը ճշմարտություններ»,-նշում է դերասանուհին:
Նա ցանկանում է, որ հանդիսատեսն իր սեփական կարծիքը կազմի ու գտնի այն բանալիները, որ կան յուրաքանչյուր կերպարի մեջ: Խաչատրյանի խոսքով՝ Երնջակյանն ամեն ճշմարտություն մատուցում է հումորով, երբեմն ծակում է և մեզ վերևից ներքև իջեցնում:
Առաջնախաղն ընդունվեց հոտնկայս ծափահարություններով, «բրավո» վանկարկումներով, ինչը ոգևորեց ստեղծագործական թիմին:
Բեմադրության մեջ զբաղված են նաև Սենիկ Բարսեղյանը, Վիկտորյա Սահակյանը, Էրմինա Զախարովան, Դավիթ Աբրահամյանը, Ավետ Զոհրաբյանը, Նարեկ Ալեքսանյանը: