Կրթությունը՝ հասարակության և ուժեղ պետության հիմք. մեկնարկեց «405 կրթական դաշինք» զարգացման հիմնադրամի գործունեությունը
5 րոպեի ընթերցում

Կրթության ոլորտում առկա խնդրները վեր հանելու, դրանց լուծումները գտնելու և ոլորտը զարգացնելու նպատակով մեկնարկեց «405 կրթական դաշինք» զարգացման հիմնադրամի գործունեությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «405 կրթական դաշինք» զարգացման հիմնադրամը ստեղծվել է 2024 թվականին։
«405 կրթական դաշինք»-ի հիմնադիր կառույցներն են «Այբ» կրթական հիմնադրամը, Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցությունը (AMAA), «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամը, «Սիմոնյան» կրթական հիմնադրամը (ԹՈՒՄՈ), Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST), Հայ կրթական հիմնարկությունը, «Հայկական բարեգործական ընդհանուր միություն» հիմնադրամի Հայաստանի գրասենյակը (ՀԲԸՄ Հայաստան):
Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) գործադիր տնօրեն, «405 կրթական դաշինք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սյուզաննա Շամախյանը նշեց՝ կրթությունը հասարակության հիմքն է, և կրթված անհատ ունենալով մենք կունենաք կրթված հասարակություն, և բնականաբար՝ ուժեղ պետություն:
«Այս դաշինքի հիմնադիրները մեծ կարևորություն են տալիս կրթությանը տարբեր տեսակետներից: Կրթությունը մեր ազգի պարագայում նաև եղել է գոյության մեծ շարժառիթներից մեկը, որովհետև մեր լեզուն, մշակույթն ու արժեքները պահպանելով է, որ մենք կարողացել ենք լինել այնտեղ, որտեղ կանք և հիմա էլ ամեն օր դա անում ենք: Հիմա մենք փորձում ենք կրթությունը դարձնել մի արժեք և գործիք, որը մեզ թույլ կտա նաև ստեղծել, արարել և դառնալ շատ ավելի ուժեղ»,-ասաց Շամախյանը:
«405 կրթական դաշինք» զարգացման հիմնադրամի հիմնադիր, գլխավոր գործադիր տնօրեն Շամամ Գևորգյանը նշեց՝ հիմանդրամի ռազմավարական գերակա ուղղություններն են կրթական քաղաքականությունն ու հանրային վերահսկողությունը, հետազոտությունն ու վերլուծությունը և կրթական ցանցի կառուցումն ու գործակցությունը:
«Սրանք գործընթացներ են, որոնք կապված են իրար: «405 կրթական դաշինք» դառնալու է հետազոտական կենտրոն, իրականացնելու է հետազոտություններ, որոնք պետք է փոխանցվի թե՛ հանրությանը, թե՛ մասնագիտական համայնքին, թե՛ պետությանը՝ օգնելու և աջակցելու պետական ծրագրերի իրականացմանը»,-ասաց հիմնադրամի գլխավոր գործադիր տնօրենը:
Գևորգյանն ընդգծեց՝ Հայաստանն իրապես կարիք ունի ռազմավարական պատասխանատվություն ստանձնող մասնագիտական համայնքների ու միավորումների ձևավորմանն ու կայացմանը: Ըստ նրա՝ եթե ցանկանում ենք լինել անկախ և հզոր, պետք է ունենանք անկախ և մասնագիտացված փորձագիտական մեծ ներուժ ունեցող միավորումներ:
«Այս նախաձեռնության հիմքում առաջնայինը համագործակցային և փոխլրացման մեթոդն է, և այս համատեքստում մեր գործընկերային կողմը առաջին հերթին պետությունն է՝ ի դեմս ԿԳՄՍ նախարարության: Մենք լիահույս ենք, որ կրթության զարգացման մեր տեսլականը նույն է»,-նշեց նա:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ողջունելով նախագծի մեկնարկն, ընդգծեց՝ վստահ է, որ բոլոր այն նպատակները, որոնք ներկայացվեցին, օգնելու են իրապես ունենալ այն կրթական համակարգն այնպիսին, ինչպիսին պատկերացնում են բոլորը:
«Կրթության ոլորտում այս պահին զգայուն փուլ է, և այն բոլոր գործընթացները, որոնք իրականացվում է կրթական բոլոր մակարդակներում, տարբեր ուղղություններով հսկայածավալ են: Մենք այդ աշխատանքների յուրաքանչյուրի ուղղությամբ այստեղ գտնվող կազմակերպությունների հետ առանձին-առանձին շատ արդյունավետ ծրագրեր ենք իրականացնում, բայց վստահ եմ, որ այս համախմբումը նաև հնարավորություն է տալու մեզ ունենալ նաև այն փորձագիտական քննարկումները, հակակշիռային փաստարկները, որոնց կարիքը մենք շատ ունենք»,-ասաց նախարարի տեղակալը:
Սվաջյանն ընդգծեց՝ նախարարությունը քննադատություն, կառուցողական առաջարկներ լսելու մեծ անհրաժեշտություն ունի: Նա վստահեցրեց, որ դաշինքը դառնալու է այն հարթակը, որտեղ կարողանալու են միասին քննարկել բոլոր այն ծրագրերը, որոնք այնքան էլ արդյունավետ չեն իրականացվում, ինչպես նաև այն ծրագրերը, որոնք պլանավորում են իրականացնել միասին։