Կրթություն

Լոռու մարզում գործարկվել է ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի նոր տրանսպորտային համակարգը

4 րոպեի ընթերցում

Լոռու մարզում գործարկվել է ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի նոր տրանսպորտային համակարգը

Լոռու մարզի Դեբեդ գյուղում մարտի 7-ին տեղի է ունեցել «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (ՔՈԱՖ) ՍՄԱՐԹ կենտրոնի տրանսպորտային համակարգի մեկնարկի պաշտոնական արարողությունը։ Միջոցառմանը ներկա էին ՔՈԱՖ գործադիր տնօրեն Լիանա Ղալթաղչյանը, ՔՈԱՖ բարերար, տրանսպորտի հիմնական նվիրատու Ջեք Յուրեջյանը, ՀՀ ԿԳՄՍՆ Հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը, կառավարության, Դեբեդի և հարակից համայնքների ներկայացուցիչներ։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Հայաստանի մանուկներ» հիմնադրամից, ամերիկահայ բարերար Ջեք Յուրեջյանի նվիրատվության շնորհիվ հիմնադրամը ձեռք է բերել թվով 16 ժամանակակից ավտոբուսներ և ուղևորատար մեքենաներ, որոնք այս պահից սկսած շաբաթը 7 օր անվճար կերպով սպասարկելու են մարզի 30 համայնքի շուրջ 1,500 երեխայի՝ բառացիորեն ապահովելով նրանց կրթական ուղին դեպի ՍՄԱՐԹ կենտրոն և հակառակ ուղղությամբ։ 

Միջոցառումը մեկնարկել է պաշտոնական ելույթներով, որոնց հաջորդել է Հիմնադրամի և Իվի Մոթորս ընկերության համագործակցության հուշագրի ստորագրումը ապագա ՍՄԱՐԹ կենտրոնների տրանսպորտային համակարգերի ներդրման գործում համագործակցության պատրաստակամության վերաբերյալ։ Իր բացման խոսքում ՔՈԱՖ գործադիր տնօրեն Լիանա Ղալթաղչյանը նշել է. «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ-ի տրանսպորտային նոր համակարգը կապահովի ոչ միայն երեխաների անվտանգ տեղաշարժը, այլև կփորձի փոխել հասարակության վերաբերմունքը ճանապարհային անվտանգության նկատմամբ։ Մենք այդ նպատակին ուզում ենք հասնել ճանապարհային մշակույթի ձևավորման մեջ ինչպես մեր վարորդների կողմից իրենց դերի գիտակցման, այնպես էլ մեր երեխաներին փոքրուց պատասխանատու և կարգապահ ուղևոր լինել սովորեցնելու միջոցով»։ Ղալթաղչյանը նաև ընդգծել է, որ այս համակարգի ներդրումն ավելի մեծ գործընթացի մաս է. այժմ այն ներդրվում է Լոռում, բայց հասնելու է Արմավիր, Սյունիք և բոլոր այն մարզեր, որտեղ ՔՈԱՖ-ը ՍՄԱՐԹ կենտրոններ կունենա։

ԿԳՄՍՆ Հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանն ասել է. «Ուզում եմ նշել, թե ինչքան կարևոր է «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի հերթական նախաձեռնությունը կրթության քաղաքականության իրականացման տեսանկյունից։ Սա ոչ միայն տրանսպորտի անվտանգության, այլև կրթությանը զուգահեռ անվտանգ երթևեկության մշակույթի ձևավորման և երեխաների համար տարբեր միջավայրերում իրենց հմտությունները, կարողունակությունները զարգացնելու հնարավորության մասին է»։ 

Ըստ աղբյուրի՝ ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի տրանսպորտային համակարգը լոռեցի երեխաներին և երիտասարդներին հնարավորություն կընձեռի օգտվել 2024 թվականի արտադրության և անվտանգության առաջադեմ առանձնահատկություններ ունեցող JAC մեքենաներից։ ՔՈԱՖ-ի՝ կրթությունն ավելի հասանելի դարձնելու առաքելության շրջանակում այս նոր համակարգը մեծ նվաճում է և նպատակ ունի նպաստել ոչ միայն երեխաների, այլև ամբողջ մարզի բարեկեցությունը։ 

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի մասին 

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղական բնակչության կյանքի որակը՝ կենտրոնանալով մասնավորապես երեխաներին և երիտասարդներին վերաբերող ծրագրերի ու կարիքների վրա: ՔՈԱՖ-ի զարգացման թիրախային ոլորտներն են կրթությունը, առողջապահությունը, ինչպես նաև սոցիալական և տնտեսական զարգացումը: ՔՈԱՖ-ը մեկնարկել է իր ծրագրերը 2004թ.-ին՝ սկսելով մեկ գյուղից և ընդլայնվելով Հայաստանում ու Արցախում՝ 82+ համայնքներում՝ ներդնելով ավելի քան 70 մլն ԱՄՆ դոլար՝ 100,000-ից ավելի գյուղաբնակ շահառուների համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում