Ադրբեջանցիների ինքնությունը կառուցվել է առավելապես հակահայկականության հենքի վրա. այդ մասին է փաստում հրատարակված հերթական գիրքը
7 րոպեի ընթերցում

Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում կայացավ պատմական գիտությունների թեկնածու, պատմաբան-արևելագետ Անուշ Հարությունյանի «Ադրբեջան պետության առաջացումը և ադրբեջանցիների էթնոգենեզի խնդիրը» գրքի շնորհանդեսը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գիրքը հայ գիտական շրջանակներում առաջին համապարփակ ուսումնասիրությունն է, որը նվիրված է Ադրբեջան պետության պատմության ուսումնասիրությանը՝ Ադրբեջան պետության առաջացման, ադրբեջանցի ժողովրդի կազմավորման հիմնախնդիրներին։ Նորահայտ արխիվային փաստաթղթերը լույս են սփռում խորհրդային շրջանի ներադրբեջանական զարգացումների վրա։
«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի հետազոտող, պատմական գիտությունների թեկնածու Գոռ Մարգարյանը նշեց, որ Անուշ Հարությունյանի մենագրության հիմքում հեղինակային ատենախոսությունն է, որը հաջողությամբ պաշտպանվել է ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտում։
«Գիրքը մեծածավալ փաստագրական նյութի առատ կիրառմամբ և վելուծությամբ մեզ ցուցադրում է, թե ինչպիսի պայմաններում և ինչպես առաջացավ Ադրբեջան պետությունը, ինչպես ի հայտ եկավ մի նոր հանրույթ, որի համար երկար դեգերումներից հետո ընտրվեց ադրբեջանցի եզրույթը։ Գրքում հանգամանորեն լուսաբանվում է այն իրողությունը, երբ առաջացման օրվանից ի վեր՝ ադրբեջանցին կառուցեց իր ինքնությունն առավելապես հակահայկականության հենքի վրա։ Մենագրության կարևորությունն արխիվային փաստաթղթերի լայն շրջանակի կիրառման մեջ է, որտեղ սկզբնաղբյուրային բազան օգտագործված է իրապես մասնագետի ճշգրիտ ընտրությամբ և փաստերի նշանակության լիակատար վերհանմամբ»,- ասաց Մարգարյանը։
Անդրադառնալով այն հարցին, թե որքանո՞վ է մեզ անհրաժեշտ Ադրբեջանի՝ թեկուզև կարճ պատմության, նրա առաջացման, լեզվի, ժողովրդագրական պատկերի և այլ հարցերի ուսումնասիրությունը՝ Մարգարյանն ընդգծեց, որ շատ կարևոր է իրական փաստերի իմացությունը, որոնք առնչվում են պատմական զարգացումների այս կամ այն շրջափուլին։ Նա հիշեցրեց, որ հայ ժողովուրդը 1918 թվականին հայրենի հողի վրա վերականգնեց իր անկախությունը, նույնը կարելի է ասել Վրաստանի մասին, մինչդեռ Ադրբեջանն ուղղակիորեն ծնվեց այդ թվականին։
«Թե ինչպիսին էր այդ ծնունդը՝ գեղեցիկ, թե անճոռնի, ցույց էր տալու իրադարձությունների հետագա ընթացքը։ Էական հարցն այն է, որ ի տարբերություն հազարամյա Հայաստանի և հայ ժողովրդի՝ սա նորածին մի բան էր, զուրկ պետականության ավանդույթներից, պատմական անցյալից և հիշողությունից, պատմամշակութային ժառանգությունից, անգիտակ, թե ով է ինքը, հետևաբար իր մերկությունն ու պատմամշակութային անցյալի բացակայությունը սկսեց ծածկել՝ գողանալով հայից, յուրացնելով հայինը, հակադրվելով հային։ Հարցի գիտական տեսանկյունից՝ այսօրվա հիբրիդային պատերազմների դարաշրջանում նմանատիպ հարցերի գիտատեսական հենքի վրա կատարվող ուսումնասիրությունները խիստ պահանջված են մեզ համար, որոնք կօգնեն հասկանալ, թե ով է ադրբեջանցին և ինչու է իր ինքնությունը կառուցում հակահայկականության և պատմակեղծարարության հիման վրա»,- ասաց Մարգարյանը։
Գրքի հեղինակն իր խոսքում նշեց, որ Ադրբեջանում սեփական պետության պատմահորինման մեծացող վտանգը, որը սպառնում է յուրացնել հարևան և առաջին հերթին՝ հայ ժողովրդի ու Հայաստանի պատմամշակութային ժառանգությունը, կամ սեփական պետության առաջացման պատմությունը կերտել հայ և հարևան այլ ժողովուրդների հաշվին, Ադրբեջանի պետականության ծագման և ադրբեջանցի էթնոսի կազմավորման ուսումնասիրությունը ստանում է առանձնահատուկ նշանակություն:
Մենագրությունը փորձ է խորը և բազմակողմանի վերլուծել պատմական, քաղաքական, և աշխարհաքաղաքական այն բարդ գործընթացները, որոնք հանգեցրին Ադրբեջանի՝ որպես պետության ձևավորմանը:
«Գիրքը կարող է կիրառական նշանակություն ունենալ ադրբեջանական կեղծարարության հակադարձման առումով։ Ի տարբերություն հարավկովկասյան երկու ժողովուրդների՝ հայերի և վրացիների, որոնք ունեն պետականության դարավոր ավանդույթ և տվյալ տարածքում պետության գոյության պատմական լեգիտիմություն, ապա Ադրբեջանի պարագայում խոսքը գնում է բոլորովին նոր երևույթի մասին՝ զուրկ երկրամասում անկախ պետականության ավանդույթից և փորձից։ Եվ հենց այստեղ պետք է փնտրել էթնոգենետիկ այն թնջուկը, որը երկար տարիներ լուծելի չէր նաև հենց իրենց՝ ադրբեջանցիների համար»,- ասաց Հարությունյանը։
Հեղինակի խոսքով՝ խնդրի քննարկման կարևորությունը բխում է քաղաքական այն գործելակերպից, որն ի սկզբանե որդեգրել է Ադրբեջանը՝ հավակնելու տարածքների և մշակույթի, որոնք հանդիսանում են հարևան ժողովուրդների պատմամշակութային արեալի անբաժան մասը։ Իսկ այդ հավակնությունները միշտ չէ, որ պարզապես հավակնություն են․դրանք արտահայտվում են պատերազմական գործողությունների, էթնիկ զտումների, մշակութային վանդալիզմի, քաղաքական-հոգեբանական քարոզչական տեռորի և հնարավոր բոլոր ձևերով։
«Ժամանակի միջազգային հանրության շրջանում չկար ընկալում և պատկերացում տվյալ տարածքում Ադրբեջանի մասին, չկար պատկերացում և ընկալում տվյալ տարածքի բնակչության էթնիկ պատկանելության մասին, մյուս կողմից չկային հստակ սահմաններ, որոնք երբևէ ճանաչվել են որևէ այլ պետության, վեհաժողովի կամ միջազգային կազմակերպության կողմից։ Մինչդեռ այսօր Ադրբեջանի Սահմանադրությունը հղում է կատարում անկախության վերականգնման մասին ակտին՝ իրեն համարելով 1918-1920 թթ․ Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետության իրավահաջորդ՝ ժխտելով խորհրդային իշխանությամբ ձևավորված իրողություններն ու սահմանները, այնինչ 1918-1920 թթ․ Ադրբեջանը չուներ հստակ և ճանաչված սահմաններ, ինչը մի շարք խնդիրներ է առաջացնում Ադրբեջանի ներկայիս տարածքային ընդգրկման հարցում։ Այսինքն՝ Ադրբեջանի մայր օրենքի համաձայն՝ ներկայիս Ադրբեջանի սահմաններն անորոշ են»,- նշեց Հարությունյանը։