Միացյալ Նահանգներ

Ուկրաինայում հայտնել են, որ Զելենսկին նամակ չի հղել Թրամփին

3 րոպեի ընթերցում

Ուկրաինայում հայտնել են, որ Զելենսկին նամակ չի հղել Թրամփին

ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպան Օքսանա Մարկարովան բացատրել է, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսին հղած իր ուղերձում, խոսելով Ուկրաինայի ղեկավար Վոլոդիմիր Զելենսկիից ստացած «նամակի» մասին, նկատի է ունեցել X-ում նրա հաղորդագրությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Լիգա» պարբերականը։

«Արդեն իսկ դժվարին իրավիճակում, այնուամենայնիվ, առաջ ենք շարժվում, հարաբերություններ վերակառուցում և առաջ ենք տանում մեր առաջնահերթությունները։ Նախագահ Դոնալդ Թրամփն ազգին հղած իր ուղերձում ընթերցել է մեր նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի գրառումը և ասել. «Ես գնահատում եմ, որ նա գրել է այս նամակը», - նշել է դեսպանը։

Զելենսկիի մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովն իր հերթին «Լիգա»-ին հաստատել է, որ Ուկրաինայի նախագահի կողմից որևէ «նամակ» չի եղել, և Թրամփը խոսել է X սոցիալական ցանցում արված գրառման մասին։

Ելույթ ունենալով ԱՄՆ-ի Կոնգրեսի առջև՝ Թրամփն ասել էր, որ ԱՄՆ-ն ​​«զորեղ ազդանշաններ» է ստացել Ռուսաստանից խաղաղությանը պատրաստակամ լինելու մասին, ինչպես նաև հայտարարել էր, որ Զելենսկիից ստացել է նամակ  ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններ վարելու պատրաստակամության մասին: 

ԱՄՆ նախագահը նամակի համար շնորհակալություն է հայտնել Զելենսկիին։

Հաղորդագրությունը, որի մասին ասել է Թրամփը, Զելենսկիի գրառումն է X-ում, որտեղ նա ափսոսանք էր հայտնել, որ Սպիտակ տանը տեղի ունեցած հանդիպումը «չանցավ այնպես, ինչպես նախատեսված էր»։ Նա շնորհակալություն էր հայտնել ԱՄՆ-ին և անձամբ Թրամփին Ուկրաինային ցուցաբերած օգնության համար և ընդգծել, որ Ուկրաինան անվերջանալի պատերազմ չի ցանկանում։

«Ես և իմ թիմը պատրաստ ենք աշխատել նախագահ Թրամփի ուժեղ առաջնորդության ներքո՝ տևական խաղաղության հասնելու համար», - գրել էր Ուկրաինայի նախագահը։

Բացի այդ, Զելենսկին հայտարարել էր, որ Կիևը պատրաստ է «ցանկացած ժամանակ և ցանկացած ձևաչափով» ստորագրել հանքային պաշարների վերաբերյալ համաձայնագիրը, որը քայլ է «դեպի ավելի մեծ անվտանգություն և ամուր անվտանգության երաշխիքներ»։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում