Վարչապետը և ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղարը քննարկել են Հայաստանում կայանալիք COP17-ին առնչվող հարցեր
2 րոպեի ընթերցում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շումեյքերին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, վարչապետը ողջունել է Աստրիդ Շումեյքերի այցը և նշել, որ այն հնարավորություն կտա քննարկել Հայաստանում անցկացվելիք COP17 համաժողովի կազմակերպման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքն ու առաջիկա անելիքները: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ակտիվ համագործակցությունը և աջակցությունը՝ նախապատրաստական աշխատանքներն արդյունավետ իրականացնելու նպատակով: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանի կառավարությունը կներդնի բոլոր ջանքերը՝ միջոցառումը լավագույնս անցկացնելու համար:
Աստրիդ Շումեյքերի խոսքով՝ այն հանգամանքը, որ միջոցառման կազմակերպման աշխատանքները համակարգում է Վարչապետի աշխատակազմը, վստահություն է հաղորդում, որ այն կանցկացվի բարձր մակարդակով: ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղարը հավելել է, որ միջոցառման անցկացման նախաձեռնությունը վկայում է կենսաբազմազանության ոլորտի օրակարգն առաջ մղելու գործում ՀՀ կառավարության շահագրգռվածության մասին:
Զրուցակիցները քննարկել են COP17-ի օրակարգին և առաջիկայում նախատեսվող աշխատանքներին վերաբերող հարցեր: