3 րոպեի ընթերցում
Գեղարքունիքի մարզում 2025 թվականի մարտի 1-ից մեկնարկել է «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի համայնքային փուլի մրցումները։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից, բասկետբոլի լիգան անցկացվում է 2 տարիքային խմբով՝ 10-12 տարեկան (5-6-րդ դասարաններ) և 13-15 տարեկան (7- 9-րդ դասարաններ) դպրոցականնների թիմերի միջև։ Թիմի կազմում ընդգրկած են թե՛ տղաներ և թե՛ աղջիկներ: Դաշտում խաղի ընթացքում միաժամանակ գտնվում է 3 տղա և 2 աղջիկ կամ 2 տղա և 3 աղջիկ։ Թիմերին իրավունք է տրված՝ համայնքային փուլի մասնակցության նախնական հայտում ներկայացնել մինչև 12 աշակերտ: Յուրաքանչյուր համայնքային փուլից առաջին տեղ գրաված դպրոցական թիմն իրավունք է ստանում ներկայացնել համայնքը մարզային փուլի մրցումներում։
Մարտի 1-ին Սևանի Ն․ Դագարյանի անվան մարզադպրոցում պայքարի մեջ են մտել Սևանի համայնքային փուլին հայտ ներկայացրած 5-6-րդ դասարանցիների դպրոցական թիմերը։ Ծավալված հետաքրքիր պայքարում հաղթող է ճանաչվել Սևանի Մեսրոպ Մաշտոցի անվան N 1 հիմնական դպրոցի թիմը։ Երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար գրավել են Վարսեր գյուղի Ռ. Պետրոսյանի անվան միջնակարգ և Սևանի Վ. Կարապետյանի անվան N 3 հիմնական դպրոցների թիմերը։ Մարտի 2-ին մրցապայքարի մեջ են մտել 7-9-րդ դասարանցիների դպրոցական թիմերը։ 1-ին մրցանակային տեղը գրավել է Դդմաշեն գյուղի միջնակարգ դպրոցի թիմը։ Երկրորդ տեղում էր Սևանի Մեսրոպ Մաշտոցի անվան N 1 հիմնական դպրոցի թիմը, իսկ երրորդ հորիզոնականում՝ Վարսեր գյուղի Ռ. Պետրոսյանի անվան միջնակարգ դպրոցի թիմը։
Աստղաձոր գյուղի միջնակարգ դպրոցի մարզադահլիճում մարտի 1-ին պայքարի մեջ են մտել Մարտունու համայնքային փուլին հայտ ներկայացրած 5-6-րդ դասարանցիների դպրոցական թիմերը։ Այս տարիքային խմբում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Վերին Գետաշենի N 1 միջնակարգ դպրոցի թիմը։ Երկրորդ հորիզոնականում էր Ծովասարի Բախտիբեկ Մուրադյանի անվան, իսկ երրորդ հորիզոնականում՝ Ծակքար գյուղի միջնակարգ դպրոցների թիմերը։ Հաջորդ օրը հետաքրքիր և համառ մրցապայքար է ծավալվել 7-9-րդ դասարանցիների դպրոցական թիմերի միջև, որի արդյունքում հայտնի են դարձել կիսաեզրափակիչ անցած թիմերը։ Մրցանակային տեղերի համար պայքարը կշարունակվի մարտի 9-ին։
Սևանի և Մարտումու համայնքային փուլերում մրցանակային տեղեր գրաված դպրոցական թիմերը խրախուսվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հավաստագրերով։
Ճամբարակում բասկետբոլի լիգայի համայնքային փուլը կմեկնարկի մարտի 9-ին, իսկ Գավառում և Վարդենիսում՝ մարտի 15-ին։