Մարտիրոս Սարյանի 145-ամյակին վարպետի տուն-թանգարանում բացվեց «Ջրաներկի արվեստը» ցուցադրությունը
4 րոպեի ընթերցում
Մարտիրոս Սարյանի 145-ամյակի առթիվ փետրվարի 28-ին վարպետի տուն-թանգարանում բացվեց «Սարյանի ջրաներկի արվեստը» ցուցահանդեսը, որն այցելուներին հնարավորություն կտա նորովի բացահայտել նկարչի ջրաներկ գործերի նուրբ ու երազկոտ պատկերային լեզուն։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցուցադրության բացմանը նկարչի թոռնուհի, Սարյանի տուն-թանգարանի ցուցադրությունների կազմակերպման բաժնի վարիչ Ռուզան Սարյանն ասաց՝ Սարյանի ծննդյան օրը սովորաբար նշվել է փետրվարի 29-ին, սակայն իրենք Ռոստովի մարզային արխիվից ստացել են փաստաթղթի լուսանկար, որում հստակ գրված է, որ վարպետը ծնվել է հին տոմարով փետրվարի 15-ին, իսկ փետրվարի 16-ը նրա մկրտության օրն է։
Խոսելով ցուցադրության մասին՝ Ռուզան Սարյանն ընդգծեց՝ պահոցներից հանել են Սարյանի ջրաներկով արված աշխատանքների լավագույն նմուշները։ Ցուցադրված են վաղ շրջանի գործերը՝ սկսած առաջին ինքնադիմանկարից, որը նկարել է 22 տարեկանում։ «Սարյանն ունիվերսալ նկարիչ էր, տիրապետում էր բոլոր տեխնիկաներին, իսկ ջրաներկն ամենաքմահաճ, ամենադժվար տեխնիկան է, որովհետև թույլ չի տալիս որևէ բան ուղղել, երբ այն չորանում է, հնարավոր չէ որևէ բան ավելացնել։ Պետք է վիրտուոզ լինել և տեր ամեն մի վրձնահարվածի նման բարձրորակ աշխատանքներ ստանալու համար»,-հավաստիացրեց նա։
Ռուզան Սարյանի խոսքով՝ Մարտիրոս Սարյանն այդ ջրաներկ գործերով իր մասին խոսել տվեց։ Նրա առաջին ցուցահանդեսներում ընդգրկված եղել են այդ գործերից շատերը։ «Սարյանի պես երիտասարդ նկարիչների կողքին էին ռուս վարպետներ Բորիսով-Մուսատովը, Վրուբելը, որոնք բացառիկ հեղինակություններ էին։ Դեռ այդ ժամանակ Բենուայի նման հայտնի նկարիչը, Սարյանի նկարները տեսնելով, 1900-ականների սկզբներին ասել է, որ Սարյանի գործերի մեջ արդեն կա ուրույն ոճ։ Ինքնատիպ ոճ, լեզու ստեղծելն ամենադժվար բանն է։ Սարյանը տարբերվում էր իր հասակակից նկարիչներից, իսկ նրա համակուրսեցիներին էին Պետրով-Վոդկինը, Ուլյանովը, Կուզնեցով եղբայրները և այլ մեծեր։ Դեռ այդ ժամանակ Սարյանն իր ուրույն ճանապարհն էր հարթում դեպի գեղանկարչություն, և այդ փուլը սկսեց ջրաներկ, գուաշ, տեմպերա գործերով, հետո 1909, 1910 աստղային թվականներն են գալիս, երբ նա նվաճում էր նոր բարձունքներ»,-շեշտեց Սարյանն ու հավելեց՝ Մարտիրոս Սարյանը երբեք չմնաց նույն տեղում. հասնելով շատ մեծ նվաճումների՝ նա փնտրում էր, նորարարություն էր գտնում, գնում էր առջևից։
Ռուզան Սարյանն ընդգծեց հեքիաթների կարևորությունը Սարյանի ստեղծագործություններում և ասաց, որ հեքիաթները մեծ դեր են խաղացել Սարյանի կյանքում։ Պատահական չէ, որ Սարյանն ու Ավետիք Իսահակյանը՝ մեծանուն արվեստագետն ու գրողը, մտերիմներ էին։
«Իսահակյանը «Աբու Լալա Մահարի» պոեմում քարը քարին չի թողնում, քննադատում է, նաև հրաշալի խոսքեր է ասում՝ աշխարհը հեքիաթ է, կյանքը՝ երազ։ Արի ու տես, որ այդ երկու փիլիսոփա, հրաշալի վարպետների կյանքի ընկալումը համընկնում է, որովհետև Սարյանի համար ևս աշխարհը հեքիաթ էր, կյանքը՝ երազ։ Նրա ջրաներկ աշխատանքները կոչվում են «Հեքիաթներ և երազներ» »,-եզրափակեց Ռուզան Սարյանը։
Սարյանի յուրատիպ ստեղծագործություններով հարուստ ցուցահանդեսը, որ գործում է տուն-թանգարանի մի քանի հարկում, այցելուների համար բաց կլինի մարտի 1-ից:
Ռուզան Սարյան