Հայաստան

Հանրապետությունում ջրծաղիկի դեմ պատվաստման գործընթացը շարունակվում է. պատվաստվել է 1900 երեխա

4 րոպեի ընթերցում

Հանրապետությունում ջրծաղիկի դեմ պատվաստման գործընթացը շարունակվում է. պատվաստվել է 1900 երեխա

Ջրծաղիկի դեմ պատվաստման գործընթացին ուղղված աշխատանքները շարունակվում են ըստ պլանավորածի. հանրապետության ամբողջ տարածքում արդեն պատվաստվել է 1900 երեխա։ 

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց  Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի իմունականխարգելման և կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Սվետլանա Գրիգորյանը՝ նշելով, որ պատվաստանյութը բավական սպասված էր հանրության կողմից. գործընթացը ընթանում է ըստ պլանավորածի և առանց որևէ արտառոց դեպքերի: 

Մասնագետի խոսքով՝ պատվաստումները մեկնարկել են 2025 թվականի հունվարի 31-ից: Պատվաստման ենթակա են 2023 թվականի նոյեմբերի 1-ից հետո ծնված ու 12 ամսականը լրացած երեխաները։ Նախատեսվում է, որ 2027 թվականից այս երեխաները կստանան իրենց 2-րդ դեղաչափը: Երկու դեղաչափը բավարար է՝ կյանքի ընթացքում ջրծաղիկ հիվանդությունից պաշտպանված լինելու համար: 

Գրիգորյանը նշեց, որ Հայաստանում 2025 թվականի հունվար ամսին գրանցվել է ջրծաղիկի 2363 դեպք, իսկ 2024 թվականի ընթացքում գրանցվել է 22 հազար 11 դեպք: 

«Ջրծաղիկը վիրուսային հիվանդություն է և բնորոշվում է ինչպես սեզոնայնությամբ, այնպես էլ պարբերականությամբ: Սեզոնայնությունը հիմնականում արտահայտվում է ձմռան և գարնան ամիսներին, իսկ պարբերականությունը տարիների ընթացքում հիվանդության բարձրացումների և իջեցման հատվածն է: Յուրաքանչյուր  2-ից 5 տարին մեկ անգամ ունենում ենք պարբերական բարձրացման ժամանակահատված: Նշեմ, որ 2024 թվականը ջրծաղիկի պարբերական բարձրացման ժամանակահատվածն էր, այդ իսկ պատճառով  հանրապետությունում գրանցվել է 22 հազար 11 դեպք»,- նշեց Սվետլանա Գրիգորյանը: 

Ըստ մասնագետի՝ Հայաստանում յուրաքանչյուր տարի ջրծաղիկի մոտ 15-16  հազար դեպք է  գրանցվում: Քանի որ 2024 թվականը պարբերական բարձրացման ժամանակահատվածն էր, այդ տարում որոշակի ակտիվություն է դրսևորվել, սակայն 2025-26 թվականներին կանխատեսվում են որոշակի նվազման միտումներ՝ պայմանավորված համաճարակաբանական առանձնահատկություններով:  

«Նշեմ, որ ջրծաղիկը հանրային առողջապահական հիմնախնդիր է ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, և այս համատեքստում է, որ առողջապահության նախարարությունը որոշում է կայացրել պատվաստումների ազգային օրացույցում ներդնել ջրծաղիկի դեմ պատվաստումները, որպեսզի ևս մեկ հիվանդություն դառնա կառավարելի պատվաստումների միջոցով»,-ասաց վարչության պետը:

Սվետլանա Գրիգորյանը նշեց՝ միջազգային փորձը ցույց է տալիս, որ ջրծաղիկի դեմ պատվաստանյութը բավականին արդյունավետ է։ Դրա կիրառման ցուցումները նույնն են, ինչ մյուս պատվաստանյութերի դեպքում է։ Հայաստանի բոլոր պատվաստում իրականացնող բուժհաստատությունները ապահովված են պատվաստանյութով և սահմանված կարգով իրականացնում են պատվաստումների պլանավորում: 

ՀՀ-ում ջրծաղիկ հիվանդությունը հանրային առողջապահական հիմնախնդիր է, այս համատեքստում դեռևս 2022թ նախաձեռնվել է ջրծաղիկի դեմ պատվաստումների ներդրման գործընթաց։ Հիմք ընդունելով ջրծաղիկի դեմ պատվաստումների կիրառման միջազգային փորձը, պատվաստումների արդյունավետության և անվտանգության, ինչպես նաև ծախսարդյունավետության տվյալները՝ ՀՀ ԱՆ-ի կողմից առաջարկվել է ՀՀ կառավարությանը ջրծաղիկի դեմ պատվաստումները ներառել պատվաստումների ազգային օրացույցում։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում