Հայաստանի բռնցքամարտի կանանց ընտրանին նախապատրաստվում է աշխարհի առաջնությանը
2 րոպեի ընթերցում

Հայաստանի բռնցքամարտի կանանց հավաքականը նախապատրաստվում է տարվա առաջին մրցաշարին` աշխարհի առաջնությանը, որին մասնակցում են 50 երկրի ներկայացուցիչներ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս տարի առաջնությանը կմասնակցեն ընդամենը 4 մարզուհիներ` Անուշ Գրիգորյանը, Էլիդա Քոչարյանը, Սոնա Հարությունյանը և Եկատերինա Սիչևան: Աշխարհի առաջնությանը չի մասնակցի Եվրոպայի չեմպիոն և բրոնզե մեդալակիր Անի Հովսեփյանը: Նա աշխարհի առաջնությունը բաց կթողնի սեփական որոշմամբ:
Հայաստանի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Վազգեն Բադալյանի խոսքով` կանանց ընտրանին, ծաղկաձորյան հավաքից սկսած, ֆիզիկական մեծ աշխատանքի միջոցով նախապատրաստվում է աշխարհի առաջնությանը: Այս տարի հավաքականում ընդգրկված են նաև մինչև 23 տարեկանների ազգային թիմի մի խումբ անդամներ:
«Մեր գերնպատակն աշխարհի առաջնության մեդալ նվաճելն է, քանի որ Հայաստանի պատմության մեջ մենք աշխարհի առաջնության մեդալ չունենք: Մեզ դժվար առաջնություն է սպասվում, քանի որ ուժեղ թիմեր են մասնակցում մրցաշարին»,-ասաց Բադալյանը:
Վերջինիս խոսքով` աշխարհի առաջնությունում պակաս կարևոր նշանակություն չունի վիճակահանությունը:
Երևանյան հավաքից հետո Վազգեն Բադալյանի գլխավորած թիմը վերջին հավաքը կանցկացնի Բուլղարիայում: Այնտեղից թիմը կմեկնի Սերբիա, որտեղ էլ կկայանա աշխարհի առաջնությունը:
Հայաստանի բռնցքամարտի կանանց թիմի անդամ, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Անուշ Գրիգորյանը նոր-նոր է վերականգնվել ձեռքի վիրահատությունից հետո և թիմի հետ նախապատրաստվում է աշխարհի առաջնությանը:
«Վիրահատությունից հետո մտածում էի, որ չեմ հասցնի մասնացել աշխարհի առաջնությանը: Բայց օրգանիզմս ավելի լավ վիճակում էր, քան ես պատկերացնում էի: Լավ տրամադրված ենք՝ անկախ ամեն ինչից: Իսկ թե ինչ կլինի այնտեղ, կնվաճե՞նք մեդալ, թե՞ ոչ, ցույց կտա ռինգը»,-ասաց Գրիգորյանը:
Բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությունը կկայանա մարտի 8-16-ը: