Օտարների մեջ` մենակ, յուրայինների մեջ՝ օտար. Գոհար Ռշտունին ընթերցողներին ներկայացրեց Կոստան Զարյանին նվիրված էսսեն

5 րոպեի ընթերցում

Արձակագիր, թարգմանչուհի Գոհար Ռշտունու գրքերի հերոսները պատմական դեմքերն են՝ դիվանագետներ, հայրապետներ, բարերարներ, գրողներ և այլք։ Նրա 27-րդ գիրքը նվիրված է մեծանուն գրող Կոստան Զարյանի 140-ամյակին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Նոթեր Կոստան Զարյանի մասին» հայերեն և ռուսերեն գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ փետրվարի 26-ին Հայաստանի գրողների միությունում։

Գրքի նախաբանում ասվում է՝ Կոստան Զարյանի ստեղծագործությունները եզակի երևույթ են հայ ժողովրդի  մշակութային կյանքում։ «Մեր առջև եվրոպացին է և հայը, հազարամյակների ընթացքում կորցրած թվացող իրականություն, որի մասին նոր դարաշրջանում հայ ժողովուրդը մոռացել էր՝ ընկղմված ասիական կայսրությունների մեջ։ Հայ մշակույթը համաեվրոպական մշակույթին պատկանելու գիտակցումը բանաստեղծ և մտածող Կոստան Զարյանին թույլ տվեց ընտրել Եվրոպա վերադառնալու դժվարին ճանապարհը՝ չկորցնելով կապն Արարատի և հայկական քաղաքակրթության հետ»,-ասվում է տեքստում։

Գոհար Ռշտունու խոսքով՝ Լուսինյանների մասին գրականությունն ուսումնասիրելիս մի չտեսնված  փոքր հատվածի է հանդիպել Կիլիկիայի վերջին թագավոր Լևոն Լուսինյանի մասին, թե ինչպես է նա հայտնվել Եվրոպական երկրներում և օգնություն խնդել արքաներից իր թագավորություն վերադառնալում համար։ «Այնքան գեղեցիկ էր գրված, այնքան թեթև։ Պարզվեց՝ այդ հատվածը «Սպանիա» գրքից էր։ Պատվիրեցի այդ գիրքն ու ուղղակի ցնցված էի։ Հենց այդ երկից հետո սկսեցի Զարյան կարդալ»,-պատմում է նա և խոստովանում՝  խենթանում էր այն մտքից, որ շատերը ծանոթ չեն այդ գոհարներին։

Ռշտունին փորձել է արտացոլել համակարգի և գրողի միջև հարաբերությունները։ Գիրքը գրականագիտական գործ չի համարում, ասում է՝ այն էսսե է մարդ Զարյանի մասին՝ ծնված օրից մինչև նրա վերջին նամակը, որում ցավով անդրադառնում է անարդարություններին։

Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը կարծել է՝ գրքում կգտնի Զարյանի հոդվածները, էսսեները։ Ծանոթանալով բովանդակությանը՝ փաստել է՝ Ռշտունու խոսքը հետաքրքիր է։ Ըստ Միլիտոնյանի՝ Ռշտունին ուսումնասիրել է Կոստան Զարյանի կյանքն ամբողջությամբ և բազմակողմանիորեն է այն մատուցել։

«Զարյանի կյանքը վայրիվերումներով լի էր։ Ինչպես ասում են՝ նա օտարների մեջ մենակ էր, յուրայինների մեջ՝ օտար, հատկապես 1962-ին, երբ եկավ Հայաստան։ Նա մեծ փիլիսոփա էր, գեղագետ, մշակութաբան։ 1960-ականներին տպագրվեց նրա «Տատրագոմի հարսը», հետո՝ «Նավը լեռան վրա», որն ինչ-որ չափով  խեղաթյուրված էր հրատարակվել, և Զարյանը դժգոհ էր հատկապես վերջաբանի առնչությամբ, այնինչ դա հրաշալի ստեղծագործություն է։ Այդ վեպը մեր օրերում էլ շատ արդիական է, այսօրվա գնահատականներ ևս կարող ենք տեսնել թե՛ միջազգային հարաբերությունների, թե՛ ներքին հասարակական-քաղաքական հարաբերությունների, մարդկային տեսակի վերաբերյալ, որը շատ քիչ փոփոխություններ է կրում»,-ասում է Միլիտոնյանը։

Միությունը հրատարակել է  Զարյանի «Միացյալ նահանգներ», «Սպանիա» և այլ գրքեր։ 2000 թվականից ի վեր կառույցը լույս է ընծայում Զարյանի լավագույն ստեղծագործությունները թե՛ հայերեն, թե՛ օտար լեզուներով։ 

Միլիտոնյանը նշում է՝ Հայաստանում ապրելու տարիներին Զարյանը, որպես հեղինակ, շատ քիչ տարածում է ունեցել։ Կարծում է՝ Զարյանը հաղորդակցվող չէր, չէր պարտադրում  իրեն, ինչպես յուրաքանչյուր տաղանդավոր մարդ։ Միլիտոնյանը նրան տեսել է Երևանի փողոցներում, տարբեր սրճարաններում։ Ասում է՝ նա պատկառելի տեսք ուներ։

«Զարյանը հետաքրքիր կյանք է  ապրել, որն արտացոլվել է նրա գրականության մեջ։ Նա մեծ ներդրում ունի գեղարվեստական գրականության մեծ դաշտում, բանաստեղծական ոլորտում։ Զարյանի բանաստեղծությունները հրաշալի պոետական խրախճանք են մտքի, հոգու, մտածողության, այն մտածողության, որը 1960-ականների վերջերին «Գարուն» ամսագիրը հետևողականորեն շարունակեց պատկերավոր, ասոցիատիվ մտածողությամբ, պաթետիզմից զուրկ, խորքային ու ենթատեքստային»,-ընդգծում է Միլիտոնյանն ու հավելում՝  Զարյանն ուներ հրաշալի լեզու. երիտասարդ տարիքում մուրադ Ռաֆայելյան վարժարանում գրաբարյան, միջին հայերենին, բարբառներին, արևելահայերենի առնչվելով՝ առաջիններից մեկն էր, որ հիբրիդային հայերենի հետաքրքիր նմուշ էր ստեղծում։

Միլիտոնյանի համոզմամբ՝ Զարյանը նաև իր էսսեներով Հայաստանում էսսեի դպրոց բացեց։

Գոհար Ռշտունին էսսեներին է նվիրել շուրջ 15 տարի։ Նա գրել նաև Մելիք Լազարևի մասին, Գրիգոր Աղաջանյանի, Վահան Տերյանի, Ագրիպինովա Վագանովայի  և այլոց մասին։ 

Հայերեն