Ամասիա համայնքում 2025 թվականին կիրականացվի սուբվենցիոն հինգ ծրագիր
3 րոպեի ընթերցում

ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակում 2025 թվականին Շիրակի մարզի Ամասիա համայնքում նախատեսվում է իրականացնել հինգ սուբվենցիոն ծրագիր՝ չորսը հաստատված են, մեկը՝ հաստատման փուլում:
Սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում Ամասիա համայնքի Ամասիա բնակավայրում վերանորոգելու են երկու բազմաբնակարան շենքի տանիք: Ծրագրի ընդհանուր արժեքը 36.934.723 դրամ է: Համայնքի կողմից ներդրվող մասնաբաժնի չափը կազմում է 45%, բնակիչների կողմից ներդրման չափը կազմում է 10% : Ծրագրի տևողության ժամկետը՝ վեց ամիս:

«2025 թվականին ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակում նախատեսվում է Ամասիա համայնքի Ամասիա բնակավայրում իրականացնել մեկ փողոցի ասֆալտապատման աշխատանքներ՝ ընդհանուր 450 մ երկարությամբ: Երկշերտ ասֆալտապատումից բացի կենտրոնական փողոցը կունենա նաև երկկողմանի մայթեր: Ծրագրի շրջանակում նախատեսվում է նաև Բանդիվան բնակավայրում վերանորոգել ու գործարկել շուրջ 1000 մ երկարության ոռոգման համակարգ: Սուբվենցիոն այս ծրագրի շրջանակներում ոռոգելի կդառնան Բանդիվան բնակավայրի անջրդի ու դժվարամատչելի համարվող մոտ 1000 հեկտար հողատարածքներ, կբարձրանա նաև վարելահողերից ակնկալվող բերքատվության ցուցանիշը»,-այս մասին «Արմենպրես»-ին ասաց Ամասիա համայնքի ղեկավարի մամուլի քարտուղար Ալեքսան Սարգսյանը՝ տեղեկացնելով, որ սուբվենցիոն ծրագրի շրջանակում 2025 թվականին նախատեսվում է Ամասիա համայնքի կարիքների համար ձեռք բերել մեկ բազմաֆունկցիոնալ տեխնիկա:
Ծրագրի շրջանակներում համայնքի ավտոպարկը կհամալրվի մեկ Էքսկավատոր-բեռնիչ տեխնիկայով: «Եվս մեկ սուբվենցիոն ծրագրով էլ նախատեսվում է գազաֆիկացնել համայնքի երեք բնակավայր՝ Արեգնադեմ, Գտաշեն և Հովտուն, ծրագիրը դեռ հաստատման փուլում է: Եվս մեկ ծրագիր, որը դեռ 2024 թվականին էր հաստատվել՝ ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում իրականացվելու է այս տարի՝«Հայասա» թաղամասի խմելու ջրի կառուցման ծրագիրն է՝ 51 մլն 116 հազար դրամ արժեքով: Ծրագրի տեղափոխման պատճառը «Վեոլիա ջուր» ընկերության շինթույլտվության ձգձգումն է եղել: Այս թաղամասը մոտ մեկ կմ հեռու է Ամասիայից ու երբեք խմելու ջուր չի ունեցել»,-հավելեց պատասխանատուն: