Միացյալ Նահանգներ

Մակրոնը ողջունել է Թրամփի՝ ռուս-ուկրաինական հակամարտությանը վերջ դնելու ջանքերը

3 րոպեի ընթերցում

Մակրոնը ողջունել է Թրամփի՝ ռուս-ուկրաինական հակամարտությանը վերջ դնելու ջանքերը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը բարձր է գնահատել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմին վերջ դնելու նպատակով ձեռնարկվող քայլերը, սակայն հորդորել է Թրամփին «զգույշ լինել» բանակցային գործընթացում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Մակրոնը հայտնել է Fox News-ի հետ հարցազրույցում։

Նա նշել է, որ կողմ է հրադադարին, բայց զգուշացրել է, որ նախկին զինադադարն «ամեն անգամ խախտվել է Ռուսաստանի կողմից, և իրենք չեն արձագանքել»: 

Մակրոնը կարևոր է համարել Դոնալդ Թրամփի հանդիպումն իր ուկրաինացի գործընկեր Վոլոդիմիր Զելենսկիի հետ, ինչպես նաև բարձր է գնահատել Ուկրաինայի նախագահի կարողությունները՝ որպես ղեկավար։

«Նա շատ խիզախ ղեկավար է, ակնհայտ է, որ նա ունի ուժեղ և շատ ընդունակ առաջնորդային հատկություններ: Երեք տարի առաջ կմտածեի՞ք, որ Ուկրաինան կդիմադրի նման կերպ: Նրանք անհավանական աշխատանք կատարեցին: Երեք տարի է անցել, և Ռուսաստանը մի քանի կիլոմետր է գրավել, բայց ոչ ամբողջը: Երեք տարի է անցել, և նրանք դրդեցին Շվեդիային ու Ֆինլանդիային միանալ ՆԱՏՕ-ին: Ուստի ես կարծում եմ, որ բոլորիս խնդիրն է օգնել Ուկրաինային հասնել կայուն խաղաղության», - ասել է Ֆրանսիայի նախագահը:

Մակրոնը նաև ավելացրել է, որ խնդիր չի տեսնում, որ ԱՄՆ-ն հետաքրքրված է ուկրաինական հազվագյուտ օգտակար հանածոներով։ Ըստ նրա՝ այդ գործարքը կօգնի ապահովել Ուկրաինայի ինքնիշխանությունը։ 

Ինչ վերաբերում է Ուկրաինայում եվրոպացի զինվորականների տեղակայմանը, ապա Ֆրանսիայի նախագահի պնդմամբ՝ գրեթե 30 երկիր պատրաստ է մասնակցել Ուկրաինային անվտանգության երաշխիքների տրամադրմանը։ Նրա խոսքով՝ եվրոպական երկրները «պատրաստ են կիսել Ուկրաինայի անվտանգության ապահովման բեռը»։ 

«Ես խոսել եմ եվրոպացի 30 առաջնորդների և դաշնակիցների հետ, և նրանցից շատերը պատրաստ են մաս կազմել նման գործարքի, անվտանգության այս կամ այն ​​տեսակի երաշխիքների», - ասել է Մակրոնը։ 

Միևնույն ժամանակ նա շեշտել է, որ իրենք բոլորը ցանկանում են «համերաշխության ազդանշան ստանալ ԱՄՆ-ից» Ռուսաստանի կողմից պայմանավորվածությունների խախտման դեպքում։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ խնդիր չի տեսնում Ուկրաինայում եվրոպացի խաղաղապահների տեղակայման առումով։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում