ՀՀ ԱԳՆ-ում տեղի է ունեցել Քիմիական զենքի կոնվենցիայի շրջանակներում ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի նիստ
1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում փետրվարի 21-ին տեղի է ունեցել «Քիմիական զենքի մշակման, արտադրության, կուտակման, կիրառման, արգելման և դրա ոչնչացման մասին» կոնվենցիայից բխող պարտավորությունների կատարման աշխատանքները կանոնակարգելու նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի (Ազգային մարմին) նիստը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ ԱԳ նախարարությունը:
Նիստի ընթացքում քննարկվել են Քիմիական զենքի կոնվենցիայից բխող պարտավորությունների իրականացման ընթացքը, ՀՀ կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերը, ինչպես նաև Հայաստանի և Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) միջև փոխգործակցության հետ կապված հարցեր:
Նշվում է, որ մտքեր են փոխանակվել Կոնվենցիայի դրույթների կիրարկման նպատակով իրականացված օրենսդրական բարեփոխումների վերաբերյալ։