Հայաստան մուտք կգործեն վենչուրային նոր ֆոնդեր և նոր մասշտաբային ծրագրեր. Հակոբ Արշակյան

3 րոպեի ընթերցում

Առաջիկայում սպասվում է վենչուրային նոր ֆոնդերի մուտքը Հայաստան և երկրում նոր լուծումներով մասշտաբային ծրագրերի իրականացում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Սիներջի» բիզնես կենտրոնում փետրվարի 19-ին կայացած Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) 24-րդ համաժողովի շրջանակներում այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը:

«Կան ստարտափերի սեգմենտին վերաբերող դրամաշնորհային ծրագրեր, որոնք շարունակվում են, և ամբողջապես կառավարության տիրույթում են: Իհարկե, կան որոշակի օրենսդրական մեխանիզմներ, որոնց լավարկման վրա աշխատում ենք, բայց պետք է ասել, որ ներդրումային միջավայրի տեսանկյունից ստարտափ համայնքում բավականին լավ և հրապուրիչ ներդրումային միջավայր կա: Առաջիկայում կտեսնեք նոր վենչուրային ֆոնդերի և նոր մասշտաբային լուծումային ծրագրերի մուտքը Հայաստան»,- լրագրողների հետ զրույցում նշեց Հակոբ Արշակյանը: 

Նա տեղեկացրեց նաև, որ փետրվարի 26-ին նախատեսված է վարչապետին կից գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդի նիստը, որի ժամանակ քննարկվելու է ինստիտուցիոնալ նոր մեխանիզմերի ներդրումը, որը վերաբերում է պետություն-մասնավոր ոլորտ համագործակցության շրջանակներում կրթության, գիտության և արդյունաբերության միջև կապի ապահովման պետական ծրագրերի մշակմանը:  

ԱԺ փոխնախագահն արձանագրեց նաև, որ ԱՏՁՄ ոլորտի հայկական ընկերությունները հիմնականում գործում են միջազգային շուկայում, սակայն խիստ ցանկալի է տեսնել նրանց աշխատանքը նաև Հայաստանի թվայնացման օրակարգերի շուրջ: 

«Հուսով եմ, որ այդ առումով նույնպես զգալի ակտիվացում կունենանք: Չնայած կան Հայաստանում աշխատող ընկերություններ, բայց պետք է ասել, որ ոլորտում հիմնականում զբաղված են միջազգային շուկաներ արտահանման բիզնեսով: Հայաստանի դիրքը տարեցտարի ամրապնդվում է: Միանշանակ կա Հայաստանն ավելի ճանաչելի դարձնելու հնարավորություն»,- նշեց Հակոբ Արշակյանը: 

Նրա դիտարկմամբ՝ շարունակում է արդիական մնալ ինժեներական ուղղվածության բուհերում դպրոցների ավելի շատ շրջանավարտների ներգրավման հարցը: Հակոբ Արշակյանը ծնողներին կոչ արեց ուշադրություն դարձնել այդ հանգամանքին՝ նշելով, որ տեխնոլոգիական և բնագիտական մասնագիտությունները կարող են շատ լուրջ ապագա ապահովել նրանց զավակներին, որոնք լավ սովորելու դեպքում ապահովված կլինեն բարձր վարձատրությամբ երաշխավորված աշխատանքով:

ԱՏՁՄ հիմնադրման 25-ամյակին ընդառաջ հրավիրված համաժողովը միավորել է նորարարության ոլորտի շուրջ 300 մասնակցի՝ Հայաստանից և արտերկրից: Համաժողովի շրջանակներում տեղի են ունենալու ԱՏՁՄ խորհրդի և նախագահի ընտրություններ:  

Հայերեն English Français

Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը դուրս մնաց հետագա պայքարից

Կոնֆերենցիաների լիգա. «Նոա»-ն դուրս եկավ հաջորդ փուլ, «Փյունիկ»-ը լքում է պայքարը

Փրկարարները հայտնաբերել են մառախուղի պատճառով մոլորված քաղաքացուն

ԶՈՒ ԳՇ պետը ժամկետային զինծառայողների հետ քննարկել է կարգապահության և իրավախախտումների կանխարգելման հարցեր

Հայ-չինական հարաբերությունները գտնվում են քաղաքական երկխոսության բարձր մակարդակի վրա՝ ստանալով ռազմավարական բնույթ. ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ

Հարավային Կովկասում ձևավորվում է խաղաղության, համագործակցության և փոխկապակցվածության նոր ժամանակաշրջան. ՉԺՀ դեսպան

«Սևանի շուրջ» սիրողական հեծանվային արշավի անցկացման համար կհատկացվի շուրջ 23.9 մլն դրամ

Խուդաթյանն Իրանի փոխարտգործնախարարի հետ քննարկել է էներգետիկ և տրանսպորտային ծրագրերը

Սյունիքի և Վայոց ձորի 12 համայնքում կամրապնդվեն աղետներին պատրաստվածության և վաղ ազդարարման կարողությունները

«Wildberries»-ը հաշվարկում է լոգիստիկ ենթակառուցվածքի միջադեպերից տուժած վաճառողների վնասները