Մշակույթ

Գյումրիի Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

2 րոպեի ընթերցում

Գյումրիի Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը հյուրախաղերով լինելու է ԱՄՆ-ում: Աճեմյանցիները Փասադենայում բնակվող թատերասերների դատին են ներկայացնելու Գաբրիել Գարսիա Մարկեսի «Երկնագույն շան աչքերը» ներկայացումը՝  դերասաններ՝ Արսեն Միքայելյան և հրավիրված դերասանուհի Իննա Խոջամիրյան, և «Սիրո քասթինգ» լիրիկական կատակերգությունը՝ գլխավոր դերերում՝ ժողովրդական արտիստ Անահիտ Քոչարյան, վաստակավոր արտիստներ Սուսաննա Բաղդասարյան, Դիանա Մացոյան: Առաջին ներկայացումը նախատեսված է փետրվարի 21-ին: 

Թատրոնի տնօրեն Արամ Կարապետյանը «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ դրամատիկ թատրոնը ներկայացումներով հանդես կգա «AGBU արվեստի կատարողական կենտրոնի» սրահում: Նախատեսված է երեք ներկայացում, սակայն, պահանջարկից ելնելով, հնարավոր է նաև այդ թիվն ավելացնել: «2019 թվականին ևս նույն փորձը ունեցանք՝ նախատեսված երեք ներկայացման փոխարեն հինգ ներկայացում ունեցանք»,-ասում է Արամ Կարապետյանը՝ կարևորելով այն, որ պետական թատրոնն է հյուրախաղերի մեկնում: ԱՄՆ-ում հյուրախաղերը հնարավոր է եղել կազմակերպել ԿԳՄՍ նախարարության և «Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությամբ:

Անդրադառնալով թատերաշրջանի ընթացքում սպասվող անակնկալներին՝ թատրոնի տնօրենը տեղեկացրեց, որ տարին հոբելյանական է, և երկու առաջնախաղից բացի լինելու է նաև թատերական փառատոն: «Ապրիլի սկզբին թատրոնը կունենա երկու նոր առաջնախաղ՝ ռեժիսորներ՝ Հասմիկ Վիրաբյան և Մերի Մարգարյան, կներկայացվի Ռեյ Բրեդբերիի «Վանիլային պաղպաղակի գույնի հրաշալի կոստյումը», և Աստրիդ Լինդգրենի «Երկարագուլպա Պեպին»: Միջազգային թատերական փառատոնը կկայանա սեպտեմբերին ու նվիրված կլինի թատրոնի 160-ամյակին»,-հավելեց թատրոնի տնօրեն Արամ Կարապետյանը։

 

 

 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում