Հովհաննես Թումանյանի թանգարանը բազմաբովանդակ ծրագրերով է տոնում բանաստեղծի 156-ամյակը
6 րոպեի ընթերցում

Հովհաննես Թումանյանի թանգարանը հետաքրքիր միջոցառումներով է նշում Ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան 156-ամյակն ու Գիրք նվիրելու օրը։
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում թանգարանի տնօրեն Լուսինե Ղարախանյանն ընդգծում է՝ տարին անցկացնելու են «Կյանքը գրքերեն» խորագրի ներքո, ուստի գրքառատ, գրքաստեղծ նախաձեռնություններով են հանդես գալու, իսկ Թումանյանի տարեդարձը՝ փետրվարի 19-ը, տոնելու են շնորհանդեսներով, համերգներով, քննարկում-բանավեճերով։
«Փետրվարի 19-ին ժամը 11։00-ին «Իմ Թումանյանը» ստեղծագործական աշխատանքների մրցույթն ենք ամփոփելու։ Մրցույթին մասնակցել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, ՀԲԸՄ հայորդաց տների, «Դա Վինչի արտ ստուդիա»-ի և «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի սաները։ Կլինի երեք մրցանակային տեղ։ Այնուհետև Թումանյանի անձնական գրադարանի առաջին գրքի՝ «Վերք Հայաստանի» 1858 և 1908 թվականների հրատարակությունները կցուցադրվեն Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում՝ «Մեր ազգի սիրած Վերք Հայաստանին» համատեղ ժամանակավոր ցուցադրության շրջանակում։ Ցուցադրվելու են նաև ձեռագրեր՝ կապված Թումանյանի «Վերք Հայաստանի» աշխատության վերաբերյալ»,-տեղեկացնում է Ղարախանյանը։
Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի, ողբ հայրենասերի» պատմավեպը հայ նոր գրականության հիմնաքարերից է։ Այն ոչ միայն նշանակալի ազդեցություն է ունեցել հայ գրականության զարգացման վրա, այլև մեծապես ոգևորել, ոգեշնչել է Հովհաննես Թումանյանին։ Մեծ լուսավորչի գլուխգործոցը եղել է Հովհաննես Թումանյանի առաջին գիրքը՝ հիմք հանդիսանալով նրա հարուստ գրադարանի ստեղծման համար։
Ցուցադրությունը կարևորում է Աբովյանի վեպի բարոյական արժեքները, դրանց արդիականությունը և խրախուսում հայ դասական գրականության ընթերցանությունը՝ որպես ազգային ու համամարդկային արժեքների տարածում։
Ժամը 15։00-ին «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանում, որտեղ ժամանակավոր գործում է Թումանյանի թանգարանը, կմեկնարկի «Դու քո ճամփեն գնա քույրի՜կ... Թումանյանը և կանայք» գրական բանավեճը։ «Ճշմարիտ. միթե գեղեցիկ կնոջից ավելի սրտառուչ երգ կա…»,- այսպիսին է եղել կնոջ թումանյանական ընկալումը: Կինը՝ Թումանյանի գրական և գեղարվեստական ժառանգության մեջ, կինը՝ բարձրագույն պատկերացման դիրքերից, բանաստեղծին ոգեշնչած մուսայաստեղծ կանայք, նրա ընկերակցությանն ու բարեկամությանը, սիրուն ու ջերմությանն արժանացած կանայք, կնոջ դերի թումանյանական ընկալումը. այս և ուշագրավ այլ մանրամասների շուրջ բանավիճելու են բ.գ.թ., գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը և բ.գ.թ., գրականագետ Հայկ Համբարձումյանը:
Բանախոսությանը հաջորդելու է «Նվարդ Թումանյան. նամականի, գիրք Բ» շնորհանդեսը։ «Առաջին գրքում ամփոփված են հարազատների ընտանեկան նամակները, իսկ այս գրքում Նվարդի և ժամանակակիցների՝ հայազգի և օտարազգի մշակույթի, արվեստի, քաղաքական և հանրային գործիչների նամակներն են, որոնցում շատ լավ պատկերվում են տվյալ դարաշրջանը, հանրային կյանքը, ամեն ինչ»,-ասում է թանգարանի տնօրենը։
Նա առանձնահատուկ է համարում նաև «Անանուն» ձեռագիր գրքի ստեղծումը։ Այն լինելու է ժողովրդական հավաքական ստեղծագործություն՝ գրված թանգարանի այցելուների ձեռքով։ Յուրաքանչյուր նոր գրվող հատվածը պետք է լինի արդեն իսկ գրված որոշակի պատմության գաղափարական և սյուժետային տրամաբանական շարունակությունը՝ կազմելով ընդհանուր մի գեղարվեստական «կտավ»։ Թումանյանի խոսքերով՝ «Ամենամեծ ստեղծագործողն ինքը ժողովուրդն է», և «Անանունը» դառնալու է ժողովրդի ստեղծարար ներուժի վկայությունը։ Նախաձեռնության մեկնարկը տրվելու է փետրվարի 19-ին և շարունակվելու է ամբողջ տարվա ընթացքում։
Ձեռագործ գիրքը թանգարանի համար պատրաստել է «Ոսկան Երևանցի» տպագրատուն-հրատարակչությունը։
Տոնական օրվա ընթացքում այցելուները կարող են վայելել «Մեղեդի» լարային քառյակի կատարումները։ Կանցկացվի նաև «Գաղտնի Թումանյան» գրքատոն խաղ-մարտահրավերը։ «Մենք ընդունել ենք «Զանգակ» հրատարակչության մարտահրավերը և մարտահրավեր ենք նետելու Հայաստանի մյուս թանգարաններին»,-նշում է Լուսինե Ղարախանյանը։
Անդրադառնալով Թումանյանի թանգարանի վերանորոգման աշխատանքներին՝ թանգարանի տնօրենը հայտնում է՝ երբ աշխատանքները սկսվել են, պարզվել է, որ երկրորդ մասնաշենքում կա մի պատ, որն ամրակայել հնարավոր չէ, ուստի անհրաժեշտ է քանդել այն։ «Այդ պարագայում նոր նախագիծ է առաջանում, բայց ընդհանուր նախագծից որևէ շեղում, խախտում չկա։ Հանրության մեջ թյուրըմբռնում կա, երբեմն թեման քաղաքականացնում են, բայց իրականում դա բնական գործընթաց է, այժմ պետք է նորից շինթույլտվություն ստանանք։ Շենքի արտաքին տեսքը չի փոխվելու։ Առաջին մասնաշենքը վերանորոգվում է, իսկ երկրորդ մասնաշենքը՝ վերակառուցվում։ Պետությունը մեկ մլրդ և ավելի դրամ է ներդրել։ Թանգարանը լինելու է ազգային արժեքների հրաշալի կենտրոն, դպրոցականների, երիտասարդների սոցիալականացման հրաշալի միջավայր է ստեղծվելու։ Այն հավակնում է նաև ինստիտուտ դառնալ»,-եզրափակում է Լուսինե Ղարախանյանը։