Կրթություն

Հանրապետության 10 մանկապարտեզներում մսուրային ծառայության ներդրման աշխատանքներն արդեն մեկնարկել են

3 րոպեի ընթերցում

Հանրապետության 10 մանկապարտեզներում մսուրային ծառայության ներդրման  աշխատանքներն արդեն մեկնարկել են

Կրթության զարգացման ռազմավարության համաձայն` 0-ից 2 տարեկան երեխաների համար մսուրային ծառայության ներդրման  նախապատրաստական աշխատանքներն արդեն մեկնարկել են:   

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը՝ նշելով, որ կառավարության որոշմամբ  նախադպրոցական ուսումնական հաստատությունների ֆինանսավորման կարգում տեղի է ունեցել փոփոխություն,  հաստատվել է պիլոտային ծրագիրը, ըստ որի՝ մինչև 2026 թվականի դեկտեմբերի 30-ը 0-ից 2 տարեկան երեխաների կրթությունը կիրականցվի պետական բյուջեի հաշվին:  

«Այժմ արդեն մեր կողմից ընտրվել է 10 մանկապարտեզ, որոնցից որոշները նորակառույցներ են, որոշներում դեռ աշխատանք կա անելու` վերանորոգման և խմբասենյակները կարգի բերելու կարիք կա: Չունենք նաև փոքրիկների համար նախատեսված գույքի ցանկ և տեխնիկական բնութագրեր, որոնց ուղղությամբ  այժմ նույնպես աշխատանքներ են տարվում:

Նախարարի հրամանով՝ հաստատված նախադպրոցական ուսումնական հաստատությունների գույքի ցանկը վերանայվել  է: Այնտեղ ավելացվել են մանեժներ, փոքրիկների համար օրորոցներ, տակդիրներ փոխելու սեղաններ, այսինքն՝ այնպիսի գույք, որը երբևէ չի եղել մեր մանկապարտեզներում: Այժմ կազմվում են ավելացված գույքի  տեխնիկական բնութագրերը, և առաջիկայում նախարարության կողմից կկազմակերպվի գնումը»,-նշեց Սվաջյանը:

Փոխնախարարն ընդգծեց՝ բացի գույքի հարցից կա նաև սննդային նորմատիվների հետ կապված խնդիր: Քանի որ այս տարիքի երեխաների համար նախադպրոցական ծառայություն չի եղել, հետևաբար նրանց համար նախատեսված սննդային նորմատիվներ չկան, իսկ մանկապարտեզը չի կարող գործել առանց սննդային նորմատիվների: 

«Ներկայում առողջապահության նախարարության հետ աշխատում ենք, որպեսզի սննդային նորմատիվները մշակվեն: Երբ այս բոլոր նախապատրաստական աշխատանքներն իրականացված լինեն, մենք կկարողանանք խմբերը բացել: 

Գիտեմ, որ այն համայնքներում, որտեղ խմբակները գործելու են՝ Երևանում, Վանաձորում, Գյումրիում և Հրազդանում, ծնողների կողմից բավականին մեծ  հետաքրքրություն կա:  Նույնիսկ արդեն հերթագրումներ կան»,- ասաց ԿԳՄՍՆ փոխնախարարը:

Սվաջյանը կարևորեց նաև  մանկավարժների վերապատրաստումների և կարողությունների զարգացման բաղադրիչը՝ ընդգծելով, որ  ԿԶՆԱԿ հիմնադրամը մշակել է 0-ից 2 տարեկան երեխաների հետ աշխատող մանկավարժների վերապատրաստման առանձին ծրագիր, որը պատրաստ է, բայց քանի  դեռ խմբերը չեն գործում, բնականաբար, հնարավոր չէ վերապատրաստումները սկսել: 

Փոխնախարարը նշեց՝ 10 մանկապարտեզներից յուրաքանչյուրում  նախատեսվում է ընդունել 0-ից 2 տարեկան մոտ 20 երեխա: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում