Մշակույթ

Հովհաննես Թումանյանի անձնվեր սերը՝ Օլգան. հայտնի և անհայտ նամակներ

23 րոպեի ընթերցում

Հովհաննես Թումանյանի անձնվեր սերը՝ Օլգան. հայտնի և անհայտ նամակներ

Հովհաննես Թումանյանն ու նրա ապագա տիկինը՝ Օլգա Մաճկալյանը, հանդիպել են շատ երիտասարդ տարիքում, սիրել են միմյանց, նվիրվել և հարուստ ավանդույթներով փառահեղ ընտանիք ստեղծել, որը հաղթահարել է մի շարք դժվարություններ, սակայն անձնվիրության, հավատարմության շնորհիվ պահպանել է իր գոյությունն ու բարձր արժեհամակարգով ընտանիքի լավագույն օրինակ դարձել։

Սուրբ Սարգսի տոնի առթիվ «Արմենպրես»-ը ներկայացնում է գեղեցիկ դրվագներ հայ մեծանունների սիրո պատմություններից, բացահայտում էջեր, որոնք, գուցե, շատերին ծանոթ չեն, անձնական նամակներ, որոնք հնարավորություն են տալիս առավել լավ տեսնելու անհատների էությունն ու հասկանալու նրանց սրտի գաղտնիքները։

Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի և Օլգա Մաճկալյանի մասին պատմում է Թումանյանի թանգարանի տնօրեն Լուսինե Ղարախանյանը։

«Նամակագրության մշակույթը Թումանյանների տանն արմատացած երևույթ էր։ Այդ նամակագրության շնորհիվ մեծ տեղեկատվություն ենք ստանում ոչ միայն ընտանիքի անդամների՝ ամուսինների և զավակների կապերի, այլև այդ դարաշրջանի, հանրային դեմքերի, արվեստագետների, մշակութային և քաղաքական գործիչների մասին։ Նամակագրական արժեքավոր արխիվը մեզ է հասել, սակայն շատ բան կորել է, երբ խուզարկել են Թումանյանի բնակարանը»,-նշում է տնօրենը։

Տարիներ առաջ Թումանյանի թանգարանը մեկնարկել է «Արևելք-Արևմուտք մատենաշար»-ը, որում նամակների և հուշերի միջոցով անդրադարձ է կատարվում Հովհաննես Թումանյանի խոհերին, նրա զավակների կյանքին ու գործունեությանը։ Հրատարակվել են Մուշեղին, Աշխենին, Արտավազդին վերաբերող գրքեր։ Նվարդին նվիրված գրքի բ հատորի շնորհանդեսը նախատեսվում է Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ին։

Հովհաննես Թումանյանի և Օլգայի սիրառատ նամակները շատ չեն, բայց ընտանիքի անդամների նամակները հուշում են, որ նրանց ստեղծած ընտանիքը կատարյալ էր։ «Թումանյանի ընտանիքի մասին պատմում ենք ավագ դպրոցներում։ Նրանց ընտանիքում ներդաշնակություն է տիրել, գեղեցիկ մթնոլորտ, ապրել են կարգուկանոնով. միասին ընթրել են, խաղացել, անգամ սեփական խաղերն են ստեղծել, Թումանյանի հորդորով հիշատակարաններ են պահել»,-պատմում է Ղարախանյանը։

Օլգայի հուշերից

1887 թվականի սեպտեմբերի վերջերին ես ու ընկերուհիս` Օսանը, գնացինք տատիս մոտ: Ճաշեցինք այնտեղ: Երեկոյան դուրս եկանք փողոց, որ մի նեղ ճանապարհ էր հին, միհարկանի տներով:

Հենց տատիս տան կողքին, մի սենյակում ապրում էր մի ընտանիք` նախշքար (ներկարար) Բագրատ Թումանյանն իր կնոջ հետ: Մենք այդ փողոցումն էինք, երբ այդ տնից դուրս եկավ մի միջահասակ կին, նրա ետևից` բարձրահասակ, նիհար կազմվածքով, գանգուր մազերով մի երիտասարդ: Կինը դիմեց մեզ.
-Չգնա՞նք նորակոչիկներին տեսնելու:

Այն տարին հայերից նոր էին զինվոր հավաքում: Մենք հրաժարվեցինք ու եկանք տուն:

310337653_5099195426852427_2547430671254839308_n.jpg

Մյուս օրը՝ կեսօրին, երբ մեր տան պատուհանից դուրս էի նայում, տեսնեմ անցնում է մեր փողոցով նույն գանգուր մազերով տղան:
Ըստ երևույթին, նա երեկ հետևել էր մեզ:

Երրորդ օրը եկավ մեր տուն ձեռքին թղթեր, որ իրեն էր տվել կոնսիստորի անդամ Հովհաննես քահանա Մարտիրոսյանը: Ես թղթերը վերցրի, միմյանց նայեցինք, ժպտաց և գնաց: Հետո իմացա, որ կոնսիստորիայի գրագիրն է, լավ էլ ձեռագիր ունի:

Անուշկի տատս ինձ պատմեց, որ այդ տղային վաղուց գիտի, իր հարևանն է, հաճախ իր համար նամակներ է գրում. անունն Օհանես է և շատ է հավանում նրան: Դրանից հետո շարունակ գալիս էր, թղթեր բերում: Շատ անգամ նրան մայրս էր ընդունում, ներս էր կանչում, խոսում էին, թղթերը թողնում էր ու գնում: Հետո իմացա, որ մայրս, տեր Հովհաննեսի և Ներսես քահանա Աբովյանի հետ, առանց իմ գիտության, որոշել են մեզ նշանել և ամուսնությունից հետո Օհանեսին քահանա ձեռնադրել: Ներսես Աբովյանը (Օհանեսի ընկեր Անուշավան Աբովյանի հորեղբայրը) նույնպես կոնսիստորի անդամ էր:

1887 թվականի սեպտեմբերին, պաշտոնական այցելություններից մեկի ժամանակ, Թումանյանը Քամոյան եկեղեցու քահանա և կոնսիստորիայի անդամ Հովհաննես քահանա Մարտիրոսյանի բնակարանում տեսնում և սիրահարվում է վերջինիս որդեգրուհի օրիորդ Մարիամ (Օլգա) Մաճկալյանին:

Թումանյանի՝ Մաճկալյանի հետ ամուսնանալու մտադրությունը Տեր-Հովհաննեսի կողմից հավանություն է գտնում և արտոնվում միայն բանաստեղծի քահանա դառնալու պայմանով: Սիրահար պատանին ստիպված է լինում ստորագրել առաջարկված պայմանագիրը, համաձայն որի՝ մինչև Թումանյանի քահանա դառնալը Տեր-Հովհաննեսն էր պարտավորվում հոգալ նորաստեղծ ընտանիքի ծախսերը:

1888 թվականի մարտի 24-ին տեղի է ունենում Հովհաննես Թումանյանի և Մարիամ Մաճկալյանի նշանադրությունը: Այդ կապակցությամբ Թումանյանը գրել էր մի քառատող բանաստեղծություն՝ «Արծվիկ» խորագրով (չի պահպանվել): Նույն թվականի ապրիլին հարսնացուի ծնողների համաձայնությամբ նա փոխադրվում է Տեր-Հովհաննեսի՝ Նորաշենի փողոցում գտնվող բնակարան՝ տանելով իր հետ ողջ ունեցվածքը՝ «մի ձեռք սպիտակեղեն և երկու գիրք»՝ «Վերք Հայաստանի» վեպը և «Հյուսիսափայլ»-ի մի համարը:

1888 թվականի հունիսին Թումանյանը բավական լուրջ հիվանդանում է: Տեր-Թադևոսը որդուն տանում է գյուղ, ուր մնում է մինչև ապաքինվելը: Վերադառնում է միայն սեպտեմբերի 20-ին: 1888 թվականի դեկտեմբերի 1-ին տեղի է ունենում 19-ամյա Հովհաննես Թումանյանի և 17-ամյա Մարիամ Մաճկալյանի ամուսնությունը: Թումանյանի կյանքում սկսվում է մի նոր շրջան: 

«Օլգան մինուճար էր և լավ ընտանիքում էր մեծացել։ Ծրագրված տասը երեխա ունենալը և նրանցից յուրաքանչյուրի նկատմամբ մեծ հոգատարություն, խնամք ցուցաբերելը բացառիկ երևույթ էր։ Հարմարավետ կյանքով ապրած աղջիկն այդքան հյուրառատ տանը կարողացավ զուսպ, համբերատար տիկին լինել, ուսումնատենչ, կիրթ զավակներ դաստիարակել։ Նամակներում Թումանյանը միշտ գրում է՝ «Քո Հովհաննես»։ Նրանց ընտանիքում խնամքով են պատրաստվել ծննդյան օրերին, Օլյան շատ ուշադիր է եղել երեխաների հանդեպ։ Արեգը միս չէր ուտում, և Օլյան նրա համար հատուկ բուսական ճաշեր էր պատրաստում։ Թումանյանն ու Օլգան հոգևոր ամուր կապերով էին կապված։ Ըստ իս՝ նա  հայ մայրերի հավաքական կերպար է, որից երիտասարդները պետք է օրինակ վերցնեն։ Տեխնոլոգիաների զարգացման դարաշրջանում, երբ աղավաղված է ընտանիքի ինստիտուտը, մենք որպես  ազգ արևի լույսի տակ կարող ենք գոյատևել, եթե պահպանենք Թումանյանի ընտանիքի մոդելը, այն, ինչ նա փոխանցել է իր զավակներին, միասնական հայրենիք ունենալու կրակ է վառել իր զավակների մեջ»,-շեշտում է թանգարանի տնօրենը։

Օլգա Մաճկալյանը (Թումանյան) ապրել է հարյուր տարի։ Կյանքի վերջին տարիներին անընդհատ գործել է, բայց՝ անխոս։ «Նրա չորս զավակները չկային. Արտավազդը մահացել էր 1918 թվականին՝ Վանի երկրորդ նահանջի ժամանակ վերջնապահ փոքրաթիվ խմբի կազմում։ Անուշը մահացավ Թումանյանից հետո, երեքը ստալինյան բռնապետության զոհն էին։ Նվարդն ուշ է ամուսնացել ու երեխա չի ունեցել,  Թամարը չի ամուսնացել։ Երեխաները դժբախտ էին, բայց դա  Օլգային չի չարացրել։ Նա մնացել է ջերմ,  հյուրասեր, շռայլ և պահպանել է  մայրական լավագույն որակները»,-ասում է Ղարախանյանը։  

Ամուսնու մահից, զավակների կորստից հետո Օլգա Թումանյանը կարողանում է թիֆլիսյան տան ունեցվածքի մեծ մասն ու բանաստեղծի ձեռագիր ժառանգությունը Երևան տեղափոխել և դուստրերի հետ ստեղծել Թումանյանի թանգարանը: 

Նամակներ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԸ ՕԼԳԱ ԹՈՒՄԱՆՅԱՆԻՆ

Թիֆլիս – Շուլավեր

1890, սեպտեմբերի 20

Օլա ջան,

Թեև ես իմ երեկվան նամակում կարծել եմ, որ առաջին նամակն ես եմ գրում, բայց բանից երևաց, որ դուն ինձանից ավելի պատրաստ ես գտնվել այդ հաղթությունը տանելու։ Շատ ուրախալի է։ Իհարկե, դու չես կարող քեզ ներկայացնել իմ դրությունս և ո՞վ կարող էր ինձ ներշնչել այն անսահման ուրախությունը հոգու, եթե ոչ սերը՝ դուն, հոգիս։ Դուն (ես գիտեմ) հիմա մտքումդ կասես, թե՝ այ, հեռացել եմ, նրա համար է ասում։

Սխալ ես բոլորովին, քո մեծ նշանակությունն ինձ համար մշտական է – հավիտենական. և դուն, ահա մի լուրջ խոստովանություն, իբրև իմ սիրո մարմնացումն, իբրև իմ բոլոր հոգեկան ունակությունների գաղափարատիպը, կարող ես ամեն կերպ ազդել ինձ վերա, այսինքն, այնպես անել, որ և մահացու լինի այն ազդեցությունը և կենսատու։ Այս քո անբռնաբարելի իրավունքից, սեփական խղճից և սիրո աստիճանից է կախված, իսկ ես քեզ չեմ կարող չսիրել, որովհետև այդ իմ կամքիցս վեր է, որովհետև իմ զգացմունքներս տիրում են իմ կամքին, կարծում եմ ավելորդ էր, և դուն էլ ինձանից այսպիսի մի բացատրություն պահանջելու կարևորություն չես զգում։ Էլ ի՞նչ կարիք կա թեորիայի, երբ իրողությունը կատարված է – ահա ապացույց։ Ձեր շորերն արդեն ուղարկեցինք, ստացած կլինեք։ Տերտերը վաղը գալու է, իսկ ես, չնայելով սաստիկ ցանկությանս՝ ստիպված եմ մնալ, ո՞ւմ ինչին է պետք, թե ես սրտով ինչ եմ ցանկանում. ամենքն իրանց գործն են ուզում։ Ես դեռ ինձ չեմ պատկանում, հետևաբար մեր ցանկություններից շատերը կախում ունեն ուրիշների քմահաճությունից։

Անտանելի դրություն է ինքնըստինքյան, բայց որովհետև կյանքի կազմակերպությունն այսպես է՝ ես չեմ պախարակում մեր ընթացքը։ Գոնե մեր սերն և սրտերն ապահովեինք մահաշունչ շրջանի ապականությունից, այդ էլ մեծ բան էր։ Հիրավի, շատ ձանձրալի է իմ դրությունը այս միջոցին, եթե գրքերի բանն էլ չլիներ, անկասկած կգժվեի։

Հա, ստացանք քո ուղարկած խաղողը, me՛rci, երևի գիտությամբ բդեշուր շատ էիր ուղարկել։ Փափազյանցն այդտեղ է, Սմբատից փողերն ստացիր, պատկերդ քաշել տուր և ուղարկիր։

Քո Հովհաննես Թումանյան

ՕԼԳԱ ԹՈՒՄԱՆՅԱՆԸ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻՆ

Շուլավեր – Թիֆլիս

25 սեպտեմբերի, 1890 թ.

Սիրելի Հովհաննես ջան,

Տերտերի հետ ուղարկած նամակդ ստանալով`իսկույն պատասխանեցի: Բայց ես այնպես վրդովված էի, որ ոչինչ չեմ մտաբերում, թե ինչ եմ գրել: Ես սպասում էի, թե քեզանից պատասխան ստանամ, բայց չեկավ: Տերտերի եկած մյուս օրը գնացինք տեր- տերանց բաղը` ճաշով, բայց վայ իմ գնալուն: Մուշեղին խտտած աղբյուրի մոտ լաց էի լինում, թեև ես էլ չէի ուզում, բայց ինչ անեմ, սիրտս չէր համբերում: Բաղից վերադարձանք: Ես շատ տխուր էի, և սիրտս` լցված: Տերտերին ասի, թե ինչու Հովհաննեսին հետդ չբերիր: Նա ասավ, թե ինքը չեկավ, ես ինչ անեմ: Եթե ուզեր, կարող էր սեկրետարին խնդրել` կթողներ: Ուրեմն, դու չես ուզեցել գալ, երևի գրքերի պատճառով: Հետո տերտերը ասավ, թե ուզում է այն ժամանակ գա, երբ դուք գալու լինեք քաղաք: Ես ասի, թե դարդակ վազների համար ինչ է գալիս, իզուր ճանապարհածախսը փչացնում: Այդպես էլ մնաց: Սմբատին էլի ասի, ասավ` թե աշակերտներից փող ունեմ ստանալու, երբ ստանամ, կտամ: Այն ինը աբասին, ես ասի, թե այստեղ մեկին 8 ռուբլի եմ տալու, նորա համար եմ ուզել: 

Վարդանը իր տղի համար շինել է տվել փոքրիկ մանգաղ, ցաքատ, կացին ու բահ: Ես էլ ուզում եմ իմ Մուշեղի համար էլ շինել տամ: Ես շատ եմ հավանում, եթե դու էլ ես ցանկանում, ես առնեմ, թե չէ, չեմ առնի: Կիրակի օրը մենք հրավիրված էինք Կոնոյի զոքանչի բաղում ճաշի: Կոնոն իր նշանածի հետ պոդրուչկով ման էին գալիս, հանաքներ անում, քաղցր խոսում: Ա՜խ, Հովհաննես ջան, ես ինչպես հիշեցի մեր նշանադրության օրերը և ինչպես էի ցանկանում, որ դուն էլ այստեղ էիր եղել, ես էլ քեզ հետ էի հանաքներ արել: Բայց ես հեռու էի, սիրտս լցվեց, չգիտեի, թե ինչ անեմ: Հետո Կոնոն ասավ, թե մի երգ ասացեք: Ես էլ ասացի, թող քո նշանածը երգի, իր նշանածը մոտն է և ինքն էլ` ուրախ: Թե իմ նշանածս էլ այստեղ լինի, ես էլ կերգեմ: Այս մի շաբաթը, յարաբ, ոնց անցկացրիր. ուրախ, թե՞ տխուր: Ես, գոնե, շատ տխուր եմ առանց քեզ:

Ա՜խ, Հովհաննես ջան, որքան դժվար է եղել միմյանցից հեռանալը: Երբ մոտիկ ենք լինում, ղադրը չենք իմանում, միմյանցից դժգոհ ենք, բայց հիմա աչքի է ընկնում, չասես, թե կեղծավորություն է անում: Հովհաննես ջան, հորիցդ ինչ խաբար իմացար:

Նամակիդ պատասխանեց, թե չէ: Մի տեղեկություն գրիր: Հիմա մի ահագին ցավ է դարձել քո զինվորագրությունը իմ սրտին, չգիտեմ, թե ինչ պիտի լինի վերջը: Մուշեղը, մի երկու օր է, աչքը քիչ բաց է արել, լեզուն բացվել է, իշաների վրա շատ է խնդում:

Ես էլ քիչ-քիչ ծանրանում եմ, էլ առաջվա պես չեմ կարողանում ման գալ, շուտ բեզարում եմ:

Նամակիս պատասխանիր շուտ, անհանգիստ եմ լինում: Էլ տեղ չկա, թե բան գրեմ:

Քո Օլինկա Թումանյան

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԸ ՕԼԳԱ ԹՈՒՄԱՆՅԱՆԻՆ

Թիֆլիս – Շուլավեր

1890, սեպտեմբերի 25

Օլա ջան, իմ անգին,

Այս երեկո ստացա երկրորդ նամակդ, ագահ հայացքով մի քանի անգամ նայեցի էջերին և կարոտով կարդացի։ Սիրտս լցվեցավ մի անսահման հրճվանքով և հպարտությամբ, երբ որ կարդացի այն տողերը, որ գրում ես, թե արտասվել ես իմ չգալուս համար… զարմանո՞ւմ ես, հոգիս, որ քո արտասուքով ուրախացա. զարմանալու ոչինչ չկա, շատ բնական է։ Բայց բոլորո- վին սխալ է, թե ես կարող էի և չեկա, ահա թե ինչու. ընդամենը հինգ գրագիր ենք. մեկը գնաց Էջմիածին, մյուսի հայրը վախճանվեցավ, սգվոր էր, երրորդը հիվանդ պառկած էր, չորրորդը հայերեն գրել չգիտե։ Ատենադպիրը հոնքերը կուտած, գործերն առաջին դիզած, անհիշատակ մեռելի նման ինձ էր նայում։

Քե՛զ եմ հարցնում, կարո՞ղ էի գալ։

Մուշիկի համար ինչ որ ուզում ես գնիր, չգիտեմ, ինչու ես հարցնում. թե փող հարկավոր է գրիր, կուղարկեմ. տես, որ դարձյալ չհիվանդացնես։ Մուշեղի լուսանկարին նայելով, անցյալ օրը մի քանի ուսանողներ մարգարեանում էին, թե շատ խելոք, քաջ ու հանճարեղ մարդ կդառնա, այնինչ դու, ինչպես գրում ես, իշաների վրա է խնդում. բաս հետը մի էշ էլ բեր։ Իմ զինվորագրությունից լուր չկա։ Եթե տեսնես ծնկներդ շատ են քոր գալիս, շտապիր գալ, բան կշինես։

Սրտատրոփ սպասում էի նամակիդ։ Ամեն օր գնում էի Փարիզի տղի խանութը նամակ ստանալու, սակայն սրտաբեկ և թույլ քայլերով դատարկաձեռն հետ էի դառնում։ Երեկ ճաշից հետո պառկած մտածում էի. սիրակարոտ սիրտս կրծքումս անհանգիստ բաբախում էր, և ես մտքով քեզ մոտ էի թռչում… հանկարծ ներս մտավ Կոնոն (յուր գալուց մի օր հետո, առաջին օրն եկել էր, ես փոշտումն էի եղել), ես նրանից իսկույն նամակ պահանջեցի, նա ինձ ասաց, որ ես թեև չեմ բերել, բայց Ջափարին է տվել։ Իսկույն գնացինք միասին ստանալու։ Այստեղ ես չեմ կարող նկարագրել իմ հոգու դրությունը, մինչև բավական որոնելուց հետո գտանք դիլիժանսի տեղը։ Օ՜, եթե գիտենար անգութ պանդոկապետը, թե ես ինչպես եմ սպասում յուր պատասխանին, այնպես սառն և անտարբեր չէր պատասխանիլ:

– Դիլիժանսն առավոտը գնաց,– ասաց նա, և ես մնացի կայծակնահարի պես կանգնած։

 – Բաս ձեզ մոտ նամակ չէ՞ թողել։

 – Չէ: Ուրեմն տարավ դարձյալ։ Կարո՞ղ ես երևակայել, թե ինչ հալով վերադարձա։

Այն նամակը թե որ քեզ տա, հետ ուղարկիր, շուտ-շուտ նամակ գրիր։ Թե որ ժամանակը տխուր է անցնում, շատ էլ չսպասեք։

(Շարունակությունը մյուս թերթում)։

Օլա ջան, գրում ես, թե նախանձվում էիր, որ Կոնոն ու իր նշանածն զբոսնում էին միասին, այնինչ դու մենակ էիր. ա՜խ, թե գիտենաս այս խոսքերն ինչպես սիրտս կրակեցին, ինչպես լցվեցա… Բայց չէ որ նրանք տարիներով հեռու են իրարից, իսկ մենք… մենք դեռևս շատ ժամանակ ունենք։ Այստեղ ակամայից հիշելով մեր սիրո անցյալ արկածները, մի բան գրեմ.– առավոտյան թղթերիս մեջ պատահմամբ գտա 87 թվականի վերջերին գրած մի բանաստեղծություն, որը գրել եմ քեզ վերա… ժամանակը (լավ հիշեցի, թե ինչ օր եմ գրել)։ Այնքան ինձ դյուր եկավ, որ հետս տարա կոնսիստոր, չգիտեմ, այնտեղ մնաց, թե հետս բերեցի, վերջապես կորցրել եմ, վաղը կորոնեմ կոնսիստորում. բայց ահա նրա վերջին տները.–

…Ես ուզում եմ սեր երգել,

Երգել սրտանց և վառվել,

Ես ուզում եմ և գրկել,

Փարել նրան և փարվել։

Ես ուզում եմ մի հրատապ

Սաստիկ սիրով ինձ տանջել,

Նրա կրծքին անարատ

Բոցավառվիլ և հանգչել.

Թողեք, թողե՛ք ինձ խնդրեմ,

Թողեք ինձ միայն սեր երգել.

Թողե՛ք, թողե՛ք, որ գրկեմ,

Սիրեմ նրան անարգել…

1887 թ.

Նամակս վերջացնեմ գրքիս մասին տեղեկություն գրելով. դարձյալ ուղարկեցի 20 ռուբլի։ Այս Ստեփանյանիցն էր. նա 40 էր առաջարկում, բայց ես այդ էլ բավական համարեցի, և դարձավ 70 ռուբլի։ Գրեցի, որ գրքի գինը 40 կոպեկ լինի։ Շատերն են ասում, որ 40 կոպեկ արժան է, նույնիսկ գրավաճառանոցում։

Քեզ կարոտ՝ քո Հովհաննես Թումանյան Բարևիր բոլորին։

Հ.Գ. Մոռացել էի. Տերտերն ասում է՝ Շաքարին ասեցեք մոթալը շուտ ուղարկիր։

Հովհաննես

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԸ ՕԼԳԱ ԹՈՒՄԱՆՅԱՆԻՆ

Թիֆլիս – Շուլավեր

1890 թ., 27 սեպտեմբերի

 

...Արի՛, հոգիս, որ առանց քեզ

Կյանքը դառն է և անձուկ,

Արի՜, արի՛, որ նորոգես

Եվ մեր սերը վաղանցուկ...

Օլա ջան,

Թեև այսօր մի նամակ էլ եմ ուղարկել, բայց այնքան քաղցր է ինձ համար քեզ վրա նամակ գրելը, որ ստիպված եմ այսօր երկրորդ նամակը գրել։ Այնպես հափշտակված էի այսօրվան նամակը գրելիս, որ մոռացել եմ (կարծեմ) ամսաթիվը դնել։ Մի շատ ծիծաղելի թերահավատությամբ և անմիտ կասկածանքով ես տանջվում եմ, կարծելով, թե քեզ… կամ թե շատ ուշ եմ տեսնելու։ Ի՜նչքան տխուր են անցնում առանց քեզ իմ ժամերը, նրանցից յուրաքանչյուրը մի ծանր բեռան նման է անցնում սրտիս վրայից և ես համրում եմ։ Ոչ ոք չկա, որին նայելով կարողանայի քո պատկերը մոռանալ, ոչ ոք յուր խոսքով չի կարողանում սիրտս սփոփել, ոչ ոքի ժպիտ ու ծիծաղ ինձ չէ ուրախացնում, այլ, ընդհակառակը, զայրացնում է. ես կարծում եմ, թե դու դեռևս աղբյուրի մոտ նստած, Մուշեղը գիրկդ արտասվում ես… Ես չեմ ուզում ոչ ոք ծիծաղի։ Ես զգում եմ և խոստովանում – չկա մեկ էակ, մեկ անձնավորություն, որ քեզ փոխարիներ ինձ համար։ Բայց դու դեռ կասկածում ես իմ մասին… Տերտերն ինձ պատմեց, թե Օլեն ասում էր՝ «հիմա էլ նա (իբրև ես) էլ տանը կնստի՞, ով գիտի էլ տուն չի գալիս…»։ Հետ նայիր, հոգիս, հիշիր մեր անցյալը, թեև կարճ, բայց փոթորկալի անցյալը, և էլ չես կասկածիլ իմ սիրո և անկեղծության մասին, կհամոզվես, որ մի բան ինչքան դժվարությամբ և թանկ է ձեռք բերված, այնքան էլ թանկ և սիրելի է, եթե ոչ՝ ինչ կարիք կար նրա համար զոհեր անել։

Բայց ես հավատում եմ, ես գիտեմ, որ դեպի միմյանց այդպես զգույշ, այնքան զգույշ, որ պարզ կասկածանքի է փոխվում, այո՛, այսպես վերաբերվիլը սիրող սրտի նախանձն է, մի նախանձ, որ երջանկացնում է մարդու։

Եվ թող, իմ անգին, քո սիրտդ որքան սիրով է լեցուն, այնքան էլ հույսով լինի լիքը մեր ապագայի երջանկության և բարելավության հույսով։ Հավատացիր, որ մեզ, մեր գալոց օրերին ոչինչ, ոչինչ վտանգ չէ սպառնում. մեր ապագան ապահովված է, և այս սրտի ցավով կտեսնեն մեր թշնամիները։

Որքա՜ն ստոր են այս մարդիկը, որքա՜ն խղճալի են և որքա՜ն արհամարհելի։ Անցյալ օրերը մի քանիսը (իհարկե ջոկ-ջոկ) առաջս կտրում են, մի կողմ տանում և փարիսական կեղծավորությամբ ցավելով իմ անբախտության վրա իբրև մի ելք դեպի երջանկություն, ահա թե ինչ բարեկամական խորհուրդներ են տալիս, ինչ են առաջարկում.– դարձյալ մի անգամ կռվել տերտերի հետ (կարծես առաջին անգամը նրա հետ եմ կռվել հատկապես) բոլորը պարզել և մի բան անել… կամ դատ բանալ (իրանք են վկաներ գալիս և բերում) և այլն, և այլն, որ մեկն ասեմ, ես նրանց իմ խոստմունքներով բավական թափ տվեցի (իհարկե, սարքած բաներ են). ստացա մի քանի նույնամիտ նամակներ և գուցե դեռ շարունակվեն։ Ինչքա՜ն հիմար են և կեղտոտ։ Ես ամեն ջանք գործ պիտի դնեմ, որ կարողանամ սրանց մեր ընտանեկան սիրով (եթե հնարավոր է) և միջոցներով ու կենցաղավարությամբ ցույց տամ, թե ինչքան բարձրից եմ նայել իրանց և իրանց դիվային խորհուրդներին։

Տեսնենք զինվորագրությունից ինչպես եմ պրծնում. եթե գիրքս էլ ընդունելու- թյուն գտավ, ինձ էլ ինչևիցե մի նշանակություն կտա, ինձ համար ամեն ասպարե- զում պրոտեկցիա կլինի։

Գուցե շատ հեշտ կարողանայի մի ճամփա գտնել, որով կարելի լիներ փող դիզել, բայց ես ուզում եմ հասկանալով հանդերձ ոտնատակ չտամ մարդկային կյանքի խորհուրդը։ Այդ խորհուրդը միայն փող դիզելու, ուտելու և մեռնելու մեջ չէ կայանում, եթե այդպես լիներ, էլ ինչո՞ւ ենք չարչարվում, որ աշխատենք, ուտենք հետո մեռնենք, հազիր առանց չարչարանքի մեռնենք էլի, ասենք թե աշխատել ենք, կերել, հետո մեռել… Մենք մեր գործը տեսնենք։

Ստացեք մայրիկիդ ֆուֆայկեն նամակիս հետ։ Տերտերը թեև այդտեղ խաբել է, թե տանն առած է, մոռացել եմ, բայց իրիկունս առավ։

Բարևեցեք բոլորին: Բարևում են Պառավանք, գուցե Մաշոյանք էլ բարևեին, բայց նրանց չենք տեսնում էլ. մեր կողմի դուռը փակել են, երևի վախենում են մեզանից, որ տուն կմտնենք, բան կգողանանք։ Պիդժակս քիչ պատռվեց, ուզեցի Մաշոյին տալ, որ կարգին շինի, սակայն նա չերևաց, տվեցի գեներալշին կամ ճիշտն ասած՝ շաշին։

Շինեց էլի։

Քո Հովհաննես Թումանյան

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում