Երևանի ավագանին ընդունեց հանրային տրանսպորտից օգտվելու պայմանների փոփոխության և տոմսերի ժամկետների երկարացման մասին որոշումը
4 րոպեի ընթերցում
Երևանի ավագանին ընդունեց մայրաքաղաքի հանրային տրանսպորտի սակագների սահմանման վերաբերյալ որոշման մեջ փոփոխությունների, լավարկումների նախագիծը, որը վերաբերում է, մասնավորապես, թոշակառուներին, հաշմանդամություն ունեցող երեխաներին, ուղևորության տոմսի վավերականության ժամկետի երկարացմանը։
«Մենք դեռևս հունվարին հայտարարել էինք, որ թեման այսօրվա նիստում լավարկման միտումով քննարկվելու է։ Գործող որոշմամբ՝ արտոնյալ տոմսեր տրամադրվում են թոշակառուի կարգավիճակ ունեցող անձանց, որոնք ունեն նաև Երևան քաղաքի հաշվառում. նախագծի ընդունման դեպքում նախատեսվում է Երևան քաղաքի հաշվառման պահանջը հանել և ըստ այդմ՝ այդ սակագներով տոմսեր ձեռք բերելու իրավունքը տրամադրել նաև Երևան քաղաքի հաշվառում չունեցող թոշակառուներին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ավագանու՝ 2024 թվականի մարտի 12-ի 95 N որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին հարցի զեկուցման ընթացքում նշեց Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ գործող նախագծով խորը կամ ծանր ֆունկցիոնալության կորուստ ունեցող անձանց կամ նախկին դասակարգմամբ՝ առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրված է անվճար երթևեկելու իրավունք, սակայն քաղաքացիների կողմից բարձրացված խնդիրների շրջանակներում պարզ է դարձել, որ հաշմանդամություն ունեցող երեխաները այլ կատեգորիա են և ներառված չեն արդեն իսկ որոշված շրջանակում, և նախագծով առաջարկվում է նրանց նույնպես ընդգրկել անվճար երթևեկության իրավունք ունեցող անձանց շրջանակում։
«Գործող որոշմամբ՝ նախատեսված է նաև անվճար երթևեկելու հնարավորություն 4 և ավելի անչափահաս երեխա ունեցող, Երևան քաղաքի հաշվառում ունեցող քաղաքացիների համար, և այս հարցում ևս առաջարկություններ լսելու արդյունքում առաջարկվում է անչափահասության պահանջը նույնպես վերացնել՝ այսինքն վերացնել անվճար երթևեկելու համար երեխաների պահանջվող տարիքի բաղադրիչը»,-նշեց Սուրեն Գրիգորյանը։
Վերջինիս խոսքով՝ նախատեսվում է նաև 1 և 7 օր տոմսերի ուղևորությունների սահմանափակումը վերացնել և դրանք դարձնել անսահմանափակ, ինչպես նաև 90 րոպեի ընթացքում 3 ուղևորության հնարավորություն տվող տոմսի վավերականության ժամկետը դարձնել 180 րոպե։
«Այս որոշումների՝ ուժի մեջ մտնելու ժամկետը նախատեսված է մարտի 1-ը՝ հաշվի առնելով, որ ենթադրում է տեխնիկական և մի շարք փոփոխություններ համակարգում, որոնց համար ժամանակ է պահանջվելու»,-ասաց Գրիգորյանը։
Երևանի փոխքաղաքապետի դիտարկմամբ՝ առաջարկվում է 10 ուղևորություն ենթադրող տոմսերի վավերականության ժամկետը երկարաձգել՝ 30 օրից դարձնելով 45 օր, որպեսզի կոնկրետ ձևաչափով այս տոմսից օգտվող քաղաքացիները հասցնեն բոլոր տասը ուղևորությունները սպառել։
Գրիգորյանը նաև հավելեց, որ առաջարկությունների մեջ է մտնում նաև անապահովության նպաստ ստացող անձանց զեղչեր տրամադրելն՝ անկախ Երևան քաղաքի հաշվառում ունենալուց։
«Նախատեսված է, որ այս փոփոխությունը պետք է ուժի մեջ մտնի հրապարակմանը հաջորդող օրը»,-ասաց նա:
Վերջինս, անդրադառնալով տրանսպորտից երթևեկելու համար ձեռքբերվող տոմսերի հարցում համակարգի անսարքություններին, նշեց, որ տեխնիկական խնդիրները չեն բացառվում, և այդ խնդիրների կարգավորման ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում, կամ էլ քաղաքացիներին առաջակվում են վճարման այլ միջոցներ։
Նիստի ընթացքում արձանագրվեց, որ այս բարեփոխումների արդյունքում տրանսպորտից օգտվելու համար լավ պայմաններ են ստեղծվում առնվազն 850 հազար քաղաքացիների համար։
Քաղաքապետի տեղակալը զարմանք արտահայտեց այն հայտարարության վերաբերյալ, որ քաղաքապետարանը փոփոխությունների է գնում տրանսպորտային նոր համակարգի ոլորտում՝ կարծիք հայտնելով, որ դա նորմալ պրակտիկա է և փոփոխություններն ուղղված են համակարգի լավարկմանը։