Աշխարհ

Հունգարիան Ուկրաինայի փոխարեն կաջակցի Լիբանանին

2 րոպեի ընթերցում

Հունգարիան Ուկրաինայի փոխարեն կաջակցի Լիբանանին

Հունգարիան Խաղաղության եվրոպական հիմնադրամի իր բաժնեմասից մեկ միլիոն եվրո կհատկացնի Լիբանանի բանակի աջակցությանը՝ ձեռնպահ մնալով այդ գումարը Ուկրաինայի համար զենք գնելու համար ծախսելուց: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին սոցիալական ցանցում տեսաուղերձի ընթացքում տեղեկացրել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն։

«Մենք 400 միլիոն ֆորինտ (1 միլիոն եվրո – խմբագր.) ենք հատկացրել Լիբանանի բանակի աջակցությանը, որպեսզի այն, որպես պետական պաշտոնական ​​կանոնավոր բանակ, կարողանա ստանձնել Լիբանանի անվտանգության երաշխիքները: Այդ գումարը Լիբանան կփոխանցվի Խաղաղության եվրոպական հիմնադրամից: Մենք կարող ենք դա անել, որովհետև զենք չենք ուղարկում Ուկրաինա և կարող ենք այլ նպատակի ուղղել դրամի մեր բաժինը: Ըստ այդմ, այն առաջարկել ենք Լիբանանին՝ լիբանանյան բանակի ուժեղացման նպատակով»,- նշել է Սիյարտոն:

Ավելի վաղ նա հայտնել էր, որ Հունգարիան նախատեսում է Խաղաղության եվրոպական հիմնադրամից 14 միլիոն եվրոյի իր մասնաբաժինը ուղղել Չադի պաշտպանությանը՝ Ուկրաինային զենքի մատակարարման համար վճարելու փոխարեն։

2024-ի նոյեմբերին ԵՄ դիվանագիտության նախկին ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել էր՝ հուսով է, որ եվրոպական դիվանագիտության հաջորդ ղեկավար Կայա Կալասը կկարողանա լուծել Խաղաղության եվրոպական հիմնադրամից Ուկրաինային ռազմական մատակարարումների նպատակով 6.6 միլիարդ եվրոյի ֆինանսավորում հատկացնելու հարցը: Նույն տարվա հունիսին Սիյարտոն ասել էր, որ Հունգարիան չի հաստատի Խաղաղության եվրոպական հիմնադրամից ավելի քան վեց միլիարդ եվրոյի հատկացումը Ուկրաինային զենքի մատակարարմանը, քանի դեռ այդ երկրում շարունակում են հունգարական ընկերությունների նկատմամբ խտրականությունը: 

Եվրամիությունն արտաբյուջետային Խաղաղության եվրոպական հիմնադրամը ստեղծել է 2021 թվականի մարտին՝ հակամարտությունները կանխելու և միջազգային անվտանգությունն ամրապնդելու նպատակով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում