Երևան

Երևանի ավագանին չընդունեց հանրային տրանսպորտի մեկ ուղևորության սակագինը 100 դրամ սահմանելու «Ազգային առաջընթաց» խմբակցության նախագիծը

5 րոպեի ընթերցում

Երևանի ավագանին չընդունեց հանրային տրանսպորտի մեկ ուղևորության սակագինը 100 դրամ սահմանելու «Ազգային առաջընթաց» խմբակցության նախագիծը

Երևանի ավագանին չընդունեց «Ազգային առաջընթաց» խմբակցության կողմից ներկայացված նախագիծը՝ մայրաքաղաքի հանրային տրանսպորտով  1 ուղևորության սակագինը 100 դրամ սահմանելու մասին։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագծին կողմ քվեարկեց ավագանու 27 անդամ, դեմ՝ 30 անդամ։ 

Հանրային տրանսպորտով մեկ ուղևորության սակագինը 100 դրամ սահմանելու նախագիծը ներկայացրեց «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Արամ Թորոսյանը։ 

Նա իր զեկույցի ժամանակ ներկայացրեց նաև այն ստորագրությունները, որոնք հավաքվել են քաղաքացիներից ու վերաբերում են տրանսպորտի սակագնի բարձրացմանը։ 

«Տրանսպորտի թանկացման նախագիծն ընդունելուց հետո քաղաքային իշխանություններն առնվազն 6 անգամ փոփոխել են իրենց բերած տարբերակը՝ նվազեցնելով փաթեթների գները և երկարացնելով դրանց ժամկետները։ Այս ամենն, իհարկե, տեղի է ունեցել բացառապես հանրության ճնշման և ընդդիմադիր ուժերի կազմակերպած դիմադրության արդյունքում»,-նկատեց Թորոսյանը։ 

Նրա դիտարկմամբ՝ այդ փոփոխությունները նաև խոսում են այն մասին, որ այդ թանկացումների հիմքում որևէ հստակ և ճշգրիտ հաշվարկ չի եղել դրված։

«Լավ եք արել, որ լսել եք ժողովրդի ձայնը և սակագինն իջեցրել եք 150 դրամ, սակայն, կարծես թե, լավ չեք լսել, որովհետև արդեն մեկ տարուց ավելի է, ինչ ժողովուրդն ասում է, որ պետք է պահել 100 դրամ վճարելու հնարավորությունը»,-ասաց Արամ Թորոսյանը։  

Նրա խոսքով՝ Երևանի իշխանություններին առաջարկվում է ուժի մեջ թողնել բոլոր փաթեթները, սակայն մեկ ուղևորափոխադրումը պետք է մնա 100 դրամ։ 

«Մենք կողմ ենք, որ Երևանում զարգանա տրանսպորտը, կողմ ենք տոմսային համակարգի ներդրմանը, քանի որ մենք Հայկ Մարությանի թիմից ենք, որը սկիզբ է դրել տրանսպորտի ռեֆորմին»,-ասաց նախագծի հիմնական զեկուցող Արամ Թորոսյանը։

Նրա խոսքով՝ տրանսպորտի բարձր սակագնի պահպանումը վտանգավոր է, քանի որ այն կարող է հանգեցնել քաղաքացիների կողմից ուղեվարձի չվճարմանը, ինչից կարելի է խուսափել ցածր ուղեվարձի պարագայում։ 

«Հետևաբար, հորդորում ենք լինել ողջամիտ, ընդունել մեր առաջարկը և հանուն մարդկանց, հանուն ավելի մատչելի և մրցունակ տրանսպորտի ուժի մեջ թողնել 100 դրամ վճարելու հնարավորությունը։ Եթե այս նախագիծն ընդունվի, ապա մենք մեր ֆրակցիայի, մեր քաղաքական ուժի բոլոր կարողությունները կներդնենք և մարդկանց կհորդորենք մաքսիմալ օգտվել տրանսպորտից և անպայման վճարել այդ 100 դրամը ու վճարել ոչ կանխիկ տարբերակով»,-ընդգծեց Արամ Թորոսյանը։ 

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն իր հերթին նկատեց, որ ներկայացված նախագծով ստացվում է, որ «Ազգային առաջընթաց» կուսակցությունն առաջարկում է 100 դրամից էականորեն ավելի նվազ գին սահմանել։ 

«Եթե գինը սահմանվում է 100 դրամ, և բոլոր փաթեթները պահպանվում են, այսինքն՝ 850 հազար մարդ ունենում է արտոնություններ, իսկ նրանցից ահռելի քանակությամբ մարդիկ ուղղակի սկսում են անվճար օգտվել տրանսպորտից, ստացվում է, որ դուք առաջարկում եք տրանսպորտի գինն էականորեն նվազեցնել 100 դրամից»,-նկատեց Ավինյանը։

Այդուհանդերձ, նախագծի հիմնական զեկուցող Արամ Թորոսյանը դժվարացավ պատասխանել հարցին՝ կա՞ն արդյոք հիմնավոր հաշվարկներ, թե ինչպես պետք է սպասարկվեն նորացված ավտոբուսներն ու տրանսպորտային այլ միջոցները կամ ինչպես պետք է պահպանվեն ավտոբուսների վարորդների աշխատավարձերն ու լուծվի քաղաքապետարանի բյուջեի ճեղքվածքն այն դեպքում, եթե հանրային տրանսպորտի գինը սահմանվի 100 դրամ։  

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանը հայտարարեց, որ դաշինքը դեմ է թանկացումներին և քաղաքացիներին կոչ է անում շարունակել տրանսպորտի ուղեվարձը չվճարելու հանրային բոյկոտը։ 

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը հայտարարեց, որ խմբակցությունը հաստատակամ է իր որոշման մեջ և վստահ է, որ ընտրված ճանապարհը ճիշտ է։

«Մենք վստահ ենք, որ այս ճանապարհը ճիշտ է և վստահ ենք, որ դուք էլ եք (խմբ․ Երևանի ավագանու ընդդիմադիր ուժերը) գիտակցում, որ մենք ճիշտ ենք, որովհետև ձեզնից շատերը ժամանակին եղել են ավագանիում, եղել են նախկին քաղաքապետի թիմակիցները, և այս նույն խոսակցություններն այն ժամանակ եղել են»,-նշեց Գալջյանը՝ շեշտելով, որ դեռևս նախորդ քաղաքապետ Հայկ Մարությանի կառավարման ժամանակ էլ եղել է գիտակցում, որ գոյություն ունի տրանսպորտի գնի փոփոխության անհրաժեշտություն։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում