Նախատեսվում է ՀՀ-ում բարելավել արհեստական բանականության ենթակառուցվածքները. ԲՏԱ նախարարությունն ու Mistral AI ընկերությունը համաձայնագիր են ստորագրել
3 րոպեի ընթերցում
![Նախատեսվում է ՀՀ-ում բարելավել արհեստական բանականության ենթակառուցվածքները. ԲՏԱ նախարարությունն ու Mistral AI ընկերությունը համաձայնագիր են ստորագրել](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2025/02/11/jf6gDb35bd8bJjvdwMOdcaG82pdYu2QLurr7XyZD.webp)
Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն ու «Միստրալ ԷՅԱՅ» ընկերությունը մեկնարկում են համագործակցություն՝ խթանելու արհեստական բանականության (ԱԲ) ոլորտում համատեղ նախաձեռնությունները։ Փետրվարի 10-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում ԲՏԱ նախարարության և «Mistral AI» ընկերության միջև համաձայնագիր է ստորագրվել։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։
ՀՀ բարձր տեխնոլոգիական նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը նշել է, որ այս համագործակցությունը կարևոր գործոն է հզոր էկոհամակարգ ձևավորելու համար, որը կներգրավի տաղանդավոր մասնագետներին և կօգտագործի ԱԲ լուծումներն՝ առավել արդյունավետ և արագ կառավարում ապահովելու համար։
«Mistral AI» ընկերության գործադիր տնօրեն Արթուր Մեսչն ընդգծել է, որ Հայաստանի ԱԲ էկոհամակարգը ծաղկում է, և հպարտ են, որ կարող են իրենց ԱԲ լուծումներով աջակցել Հայաստանի պետական կառավարման համակարգին, ստարտափներին և տաղանդներին:
Փաստաթղթով նախատեսվում է Հայաստանում բարելավել ԱԲ ենթակառուցվածքները, աջակցել ԱԲ հենքով բիզնես լուծումներին և բարելավել հանրային կառավարումը ԱԲ հիմքով գործող GovTech ծրագրի միջոցով՝ կիրառելով «Mistral AI» ընկերության փորձառությունը առևտրային և բաց կոդով արհեստական բանականության տեխնոլոգիաների ոլորտում:
Ակնկալվում է, որ փաստաթուղթը հնարավորություն կընձեռի Հայաստանին դառնալ տարածաշրջանում ԱԲ էկոհամակարգի առանցքային դերակատար՝ խթան հանդիսանալով նորարարությանը և տեխնոլոգիական առաջընթացին: Փաստաթուղթը միտված է տեխնիկական աջակցության և գիտելիքների փոխանակման միջոցով ամրապնդել Հայաստանի արհեստական բանականության էկոհամակարգը, նորարարության ոլորտում գործունեություն ծավալողների համար ներդնել արհեստական բանականության հարթակ՝ բիզնես լուծումներ մշակելու համար և աջակցել ԱԲ գործիքների կիրառմանը կառավարման ու ծառայությունների մատուցման արդյունավետությունը խթանելու համար:
ՀՀ կառավարության և արդյունաբերական ոլորտի համագործակցության շրջանակում Հայաստանի կառավարությունը կապահովի ենթակառուցվածքային և կարգավորող աջակցություն, իսկ «Mistral AI»-ը Հայաստանում կօգտագործի իր փորձառությունը, կանցկացնի վերապատրաստումներ և կառաջարկի ԱԲ նպատակային լուծումներ։