ՀՀ ՏԿԵ նախարարն այցելել է Ստեփանավանում հրդեհի հետևանքով տուժած բնակիչներին
2 րոպեի ընթերցում
![ՀՀ ՏԿԵ նախարարն այցելել է Ստեփանավանում հրդեհի հետևանքով տուժած բնակիչներին](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2025/02/10/RqhgsX7cUpaEEJEIKeou8nPc55M390pW3yZuS4Fd.webp)
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել է Լոռու մարզի Ստեփանավան համայնք՝ ծանոթանալու Աշոտաբերդ թաղամասի բազմաբնակարան փայտե շենքում տեղի ունեցած հրդեհի հետևանքների վերացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՏԿԵ նախարարությունից հայտնում են, որ Դավիթ Խուդաթյանը մարզպետ Արամ Ղազարյանի, համայնքապետ Արմեն Գրիգորյանի հետ շրջայց է կատարել թաղամասում, այցելել է նաև հարևանությամբ կառուցվող նոր թաղամասի շինհրապարակ, որտեղ շինարարության ավարտից հետո կտեղափոխվեն Աշոտաբերդ թաղամասի բնակիչները։ Շինարարությունն այս պահին ընթացքի մեջ է։
Այնուհետև, նախարարն այցելել է հյուրանոց, որտեղ տեղակայվել են տարհանված բնակիչները։ Խուդաթյանը զրուցել է նրանց հետ, ծանոթացել պայմաններին։
Շրջայցից հետո Ստեփանավանի համայնքապետարանում` օպերատիվ շտաբի անդամների մասնակցությամբ, կայացել է խորհրդակցություն: Արամ Ղազարյանը ներկայացրել է հրդեհից հետո իրականացված աշխատանքների, տարհանված բնակիչների կարիքները հոգալու ուղղությամբ ձեռնարկված քայլերի մասին:
Այս պահին հյուրանոցում տեղակայված է 29 քաղաքացի։ 13 բնակիչ իրենց ցանկությամբ գտնվում են իրենց հարազատների տանը։ Բոլորն ապահովված են սննդով և անհրաժեշտ բոլոր պարագաներով։
Խորհրդակցության ընթացքում նախարարը շնորհակալություն է հայտնել գործընկերներին արդյունավետ աշխատանքի համար, տվել է մի շարք հանձնարարականներ՝ ինչպես ընթացիկ, այնպես էլ միջնաժամկետ անելիքների վերաբերյալ։