Պաշտոնյաները և դպրոցականները Տերյանի 140-ամյակի առթիվ ծաղիկներ են խոնարհել Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում
1 րոպեի ընթերցում
![Պաշտոնյաները և դպրոցականները Տերյանի 140-ամյակի առթիվ ծաղիկներ են խոնարհել Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2025/02/09/OYu4mZsLZpgbB01q9yYIybFKyFAyZsoXtH8x7YBY.webp)
Նշանավոր հայ բանաստեղծ, քնարերգու, հասարակական-քաղաքական գործիչ Վահան Տերյանի փետրվարի 9-ին լրացող 140-ամյակի կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, Տերյան ընտանիքի անդամներ, մտավորականներ, գիտնականներ, պաշտոնյաներ այցելել են Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն՝ խնկարկելու և ծաղիկներ խոնարհելու բանաստեղծի հիշատակին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Ֆեյսբուք»-ի էջը տեղեկացնում է, որ ներկաները նշանավորել են Վահան Տերյանի գործունեությունը, անցած ճանապարհը, ստեղծագործական վաստակը։
Երևանի թիվ. 91 դպրոցի աշակերտներն էլ ասմունքել են Տերյանի բանաստեղծություններից։
Ըստ աղբյուրի՝ նախարար Ժաննա Անդրեասյանը հետաքրքրվել է աշակերտներից՝ ի՞նչ են սիրում ընթերցել, արդյոք կազմակերպո՞ւմ են քննարկումներ գրական գործերի վերաբերյալ։ Նախարարը նշել է, որ ինքն էլ աշակերտների հետ սիրով կմասնակցի որևէ գրքի քննարկման։
Հաջորդիվ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի է ունեցել «Տերյանի հետ» խորագրով միջոցառումը։