Հայաստան

Ստեփանավանում տեղի ունեցած հրդեհի հետևանքները վերացնելու նպատակով ստեղծվել է օպերատիվ շտաբ

2 րոպեի ընթերցում

Ստեփանավանում տեղի ունեցած հրդեհի հետևանքները վերացնելու նպատակով ստեղծվել է օպերատիվ շտաբ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Լոռու մարզի Ստեփանավան համայնքում փետրվարի 8-ին տեղի ունեցած հրդեհի հետևանքները վերացնելու նպատակով ստեղծվել է օպերատիվ աշխատանքային խումբ (շտաբ) և հաստատվել է շտաբի կազմը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:

Օպերատիվ շտաբի ղեկավար է նշանակվել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը:

Օպերատիվ աշխատանքային խումբը պետք է կազմակերպի հրդեհի հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումներ և արդյունքների վերաբերյալ վարչապետին պարբերաբար ներկայացնի տեղեկատվություն և ըստ անհրաժեշտության՝ առաջարկություններ:

Փետրվարի 8-ի առավոտյան ժամը 4:30-ի սահմաններում հրդեհ էր բռնկվել Ստեփանավանի Աշոտաբերդ թաղամասի փայտաշեն շենքերից մեկում: Մեկ անձ զոհվել է: Բուժօգնության է դիմել 8 քաղաքացի, որից 3-ը տեղափոխվել են Երևան, 1 անձ բուժում է ստանում Ստեփանավանի բժշկական կենտրոնում։ Մյուս քաղաքացիները ստացել են առաջին բուժօգնությունն ու դուրս գրվել հիվանդանոցից։

Ներկա պահին տարհանված քաղաքացիներն ապահովված են կեցության վայրերով։ 29 քաղաքացի տեղավորվել է հյուրանոցներում, 13-ը՝ հարազատների բնակարաններում:

Տարհանված քաղաքացիներից 6-ը անչափահաս երեխա է։
Նշվում է, որ բոլոր ընտանիքներն ապահովված են սննդով և հիգիենիկ անհրաժեշտ պարագաներով, ըստ անհրաժեշտության՝ նաև դեղորայքով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում