Մարզեր

Մասնավոր ընկերությունն առաջարկում է Գյումրիում աղբի ոչնչացման գործարան հիմնել

2 րոպեի ընթերցում

Մասնավոր ընկերությունն առաջարկում է Գյումրիում աղբի ոչնչացման գործարան հիմնել

«Արմէկոտեկ» մասնավոր ընկերությունն առաջարկում է Գյումրիի քաղաքային աղբավայրին կից 2 հեկտար տարածքում աղբի ոչնչացման գործարան հիմնել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,  ընկերության ղեկավարությունը ծրագրի մանրամասները ներկայացրել է Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատար Սարիկ Մինասյանին։

Ծրագրի արժեքը մոտ 9 մլն դոլար է, և դրա շրջանակներում ընկերությունը ստանձնում է Գյումրի և Վանաձոր քաղաքների ամենօրյա աղբահանության և թափոնների տեղափոխման գործառույթները։ Հավաքված աղբը գործարանում այրման եղանակով ոչնչացվելու է՝ առանց թունավոր նյութերի արտանետումների։

«Ի սկզբանե մենք դիմել ենք ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը։ Մեզ անհրաժեշտ է մոտ երկու հեկտար տարածք գործարանի համար։ Ծրագրի իրականացման համար քաղաքային բյուջեից գումար անհրաժեշտ չէ՝ բավարար է միայն աղբահանության դիմաց բնակիչների վճարած գումարները»,-լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում նշեց «Արմէկոտեկ» ՍՊԸ հիմնադիր տնօրեն Միխայիլ Բադինը՝ հավելելով, որ այս գաղափարը դեռևս  փաստաթղթային ուսումնասիրման փուլում է։

Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատար Սարիկ Մինասյանը տեղեկացրեց, որ անցած տարիների ընթացքում նմանատիպ բազմաթիվ ծրագրեր են ներկայացվել, սակայն դրանք կյանքի չեն կոչվել։ Այս անգամ նա խնդրեց ընկերությանը ներկայացնել նոր համալիր ծրագիր՝ աղբավայրի վերացման ուղղությամբ, քանի որ անհրաժեշտ է ոչ միայն աղբի վերամշակում, այլև առկա աղբի վերացում։ Այս ծրագրով պետք է վերջնականապես լուծել Գյումրիի աղբավայրի հիմնախնդիրը, քանի որ դրա առկայության պայմաններում միայն աղբի վերամշակման ծրագիրը բավարար չի լինի։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում