ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Եվրոպական կրթական հիմնադրամի (ETF) ներկայացուցիչներին: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Արաքսիա Սվաջյանը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին և կարևորել Հայաստանում կրթական լայնածավալ բարեփոխումների շրջանակում ETF-ի հետ համագործակցությունը և հայտնել այն տարբեր ուղղություններով շարունակելու պատրաստակամություն:
Հանդիպման առանցքում Արևելյան գործընկերության երկրների համար հմտությունների և կրթության բարեփոխումների աջակցության ծրագիրն էր (Supporting Education Reforms and Skills in the Eastern Partnership (SER)): Ծրագիրը եռամյա է՝ 2024-2026 թվականների համար, մեկնարկել է 2024 թվականի մայիսից: ETF-ի և ազգային փորձագետների կողմից մշակվել է կրթական բարեփոխումների ընթացքի գնահատման զեկույց՝ համաձայն RED (կրթության արագ ախտորոշման) մեթոդաբանության:
Ըստ աղբյուրի՝ գործընկերներն ընդգծել են, որ SER ծրագրի շրջանակում ակնկալվում է նպատակային գործողությունների միջոցով հզորացնել Արևելյան գործընկերության երկրների կարողություններն ու քաղաքականությունների մշակման ու իրագործման գործընթացները՝ համադրելով յուրաքանչյուր երկրին հատուկ նախաձեռնությունները, ինչպես նաև իրականացնելով փոխադարձ ուսուցում և ցանցային համագործակցություն:
Առանցքային ոլորտներն են՝ կրթական ոլորտի վերլուծություններն ու տվյալների հիման վրա որոշումների ընդունումը, ուսուցիչների մասնագիտական զարգացումը, դպրոցների օպտիմալացումը, ոլորտային և բյուջետային պլանավորումը, ինչպես նաև ոլորտի արդյունավետության մոնիթորինգը և գնահատումը։
Նախարարը շեշտել է, որ հետազոտության արդյունքները կօգնեն հասկանալ դրանցից բխող հետագա քայլերը՝ հատկապես հաշվի առնելով, որ այժմ ընթացքի մեջ է կրթության ռազմավարության միջանկյալ գնահատման փուլը:
Հանդիպմանը քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: