Շախմատի գեղեցկությունն «ապագան տեսնելու» մեջ է. Ռոբերտ Հովհաննիսյան

7 րոպեի ընթերցում

Հայաստանի շախմատի տղամարդկանց ընտրանին վերջին տարիներին սերնդափոխություն է ապրում: Հավաքականի ամենահին «բնակիչ»-ը իր նորամուտի տարում` հեռավոր 2011 թվականին, ընտրանու կազմում դարձել էր աշխարհի թիմային առաջնության ոսկե մեդալակիր: Արդեն երկրորդ տարին անընդմեջ Հայաստանի շախմատի չեմպիոնի կոչումը նվաճում է Ռոբերտ Հովհաննիսյանը: Վերջինիս «Արմենպրես»-ի հետ խոսել է շախմատում իր ճանապարհի, մարզաձևի գեղեցկության ու հավաքականի հեռանկարի մասին: 

-Ռոբերտ, սկսելով ամենասկզբից, ինչպե՞ս եք սկսել հետաքրքրվել շախմատով: 

-Ինձ շախմատ խաղալ սովորեցրել է հայրս: Նա երկար տարիներ հետևում էր ինձ, ինչպես նաև մրցաշարերին, որոնց մասնակցում էի: Իսկ իմ առաջին մարզիչը եղել է Յուրի Օհանյանը, սակայն առանձնակի կերպով կուզեի նշել Ադոլֆ Դեմիրխանյանին, որի հետ աշխատանքն ինձ համար իսկապես բացառիկ էր: Նա շատ մեծ ներդրում է ունեցել իմ աճի մեջ: Դեմիրխանյանի մոտ գնացի որպես փոքրիկ, որը հետաքրքրված էր շախմատով, սակայն նրա հետ աշխատանքի արդյունքում դարձա Հայաստանում լավագույններից մեկը` դառնալով մինչև 12 տարեկանների չեմպիոն:Աշխատել եմ նաև Արսեն Եղիազարյանի, Վրեժ Օրդյանի, Վլադիմիր Հակոբյանի, Վահագն Խաչատրայնի և այլոց հետ: 

-Արդյոք եղե՞լ է մի մրցաշար, որից հետո վերջնականապես ինքներդ  Ձեզ համար որոշել եք, որ ապագան կապում եք շախմատի հետ:

-Գիտեք, երբ դեռևս  15-16 տարեկան էի, ինձ մոտ կար մի շրջան, որ չէի կարողանում բարձրացնել անձնական վարկանիշս ու հենց այդ ժամանակ մտածում էի՝ արդյոք պե՞տք է շարունակեմ շախմատով զբաղվել: Բայց, ընդունվելով Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ, փորձեցի ամբողջապես կենտրոնանալ շախմատի վրա:   

-Կա՞ մի շախմատիստ, որի  պարտիաները Ձեզ համար օրինակ են։ 

-Ես կնշեմ Մագնուս Կարլսենին: Ինչո՞ւ, որովհետև նա այն շախմատիստն է, որ կարող է խաղալ տարբեր ոճերով, վատ սկզբնախաղ ունենալով` հաղթել պարտիայում: Մագնուսի շախմատը շատ մարդկային է, հատկապես մեր ժամանակներում, երբ համակարգիչները մեծ դեր են խաղում մեր մարզաձևում: 

-Այդ պարագայում, ըստ ձեզ ինչո՞ւ Մագնուս Կարլսենը հրաժարվեց չեմպիոնական մրցախաղից և այժմ միայն արագ շախմատով է հետաքրքրված: Միթե հոգնե՞լ էր շախմատից, թե՞ հավասար մրցակցություն չգտավ:

-Իմ կարծիքով՝ Կարլսենը հոգնեց ոչ թե շախմատ խաղալուց, այլ այն փաստը ստիպեց հեռանալ, որ աշխարհի չեմպիոնի համար մրցախաղն այժմ անցկացվում է 2 տարին մեկ անգամ և այդ մրցախաղին պատրաստվելու համար 6 ամիս է պետք: Պատկերացնում եք՝ 2 տարին մեկ անգամ, դու պետք է ամբողջությամբ կտրվես աշխարհից և կենտրոնանաս միայն այդ մրցախաղի վրա: 

-Ռոբերտ, շախմատիստը պետք է տաղանդավո՞ր լինի, թե՞ աշխատասեր կամ կա՞ «ոսկե միջին» տարբերակը:

- Դժվարանում եմ ասել, թե որն է առավել կարևոր՝ տաղա՞նդը, թե՞ աշխատասիրությունը: Եթե խոսենք արագ շախմատի մասին, ապա տաղանդ պետք է միանշանակ: Իսկ եթե անդրադառնանք դասական շախմատին, ապա աշխատասիրությունն առաջնահերթ է: Այժմ մեծ դեր ունի պարտիայի սկզբնախաղը:  

-Ո՞րն է շախմատի գեղեցկությունը․ այն գեղեցկությունը, որը տեսանելի է նրանց, ովքեր իրենց կյանքն են նվիրել մարզաձևին:

-Գիտեք, գուցե, շախմատիստների մեծամասնությունը, Մագնուս Կարլսենի պարտիաներին նայելիս, առաջին հայացքից չի հասկանում նրա քայլերի խորիմաստությունը: Նա համակարգչին առավել մոտ քայլեր է անում, ինչը հասկանում ենք վերջնական վերլուծության արդյունքում: Եվ դրանից ելնելով՝ կարող եմ ասել, որ շախմատի գեղեցկությունը «ապագան տեսնելու» մեջ է, հետաքրքիր մտահղացումների մեջ է:  

- Իսկ Ձեզ համար շախմատը խա՞ղ է, արվե՞ստ, թե՞ գիտություն:

-Երբ ես խաղում եմ, ինձ համար շախմատը խաղ է, քանի որ ձգտում եմ հաղթանակի: Երբ ես աշխատում եմ շախմատային պարտիաների վրա, վերլուծություններ կատարում, ապա այդ ժամանակ մի փոքր այլ է, ավելի շատ որպես գիտություն:  

-Աշխարհի չեմպիոն Տիգրան Պետրոսյանն ասում էր. «Ինձ համար սիրելի է յուրաքանչյուր ավելորդ  խաղաքար»: Որո՞նք են Ձեր սիրելի խաղաքարերը:

-Շատերն ինձ ասում են, որ վերջնախաղում փղերով լավ դիրքեր եմ ստանում: Սակայն ինքս չեմ խորացել այդ փաստի մեջ:

-Ո՞վ է բոլոր ժամանակների լավագույն շախմատիստը: 

-Գիտեք, ժամանակների տարբերություն կա և համակարգչի առկայությունը փոխում է իրավիճակը: Կդժվարանամ պատասխանել: 

-Գիտեք, ես ճանաչում եմ շախմատիստների, որոնք սնահավատ են, կարող են մի մրցաշարի մասնակցել նույն շապիկով, օգտագործել նույն գրիչը: Դուք սնահավա՞տ  եք:

-Որոշ բաներ կան, եթե անկեղծ, բայց չի եղել, որ նույն գրիչով կամ նույն շապիկով մի ամբողջ մրցաշարի մասնակցեմ:

-2011 թվականին, երբ Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը դարձավ աշխարհի թիմային առաջնության հաղթող, Դուք ևս թիմի անդամ էիք: 14 տարի անց ինչպե՞ս եք հիշում այդ բացառիկ հաղթանակը:  

-2011 թվականին հավաքականի ունեցած հաջողությունն ավելի շատ հավաքականի մյուս տղաների հաղթանակն էր, և ես  շատ քիչ մասն էի կազմում այդ հաղթանակի: Ես ընդամենը մեկ պարտիա խաղացի այդ մրցաշարում: Ինձ համար մեծագույն հաջողություն էր այդ նվաճումը: Սակայն  հաղթանակից հետո հասկացա, որ ուզում եմ ինքս ներդրում ունենալ հավաքականի այս կամ այն հաղթանակի մեջ: Եվ ուրախ  եմ, որ կարողացա հավաքականին օգնել 2022 թվականին դառնալ Օլիմպիադայի արծաթե մեդալակիր:  

-Դուք կրկին հավաքականում եք և այժմ թիմում սերնդափոխություն է: Ի՞նչ ներուժ ունեն ընտրանու այս կազմի ներկայացուցիչները: 

-Իհարկե, ծանոթ եմ հավաքականի բոլոր տղաների հետ: Սերնդափոխությունն, իմ կարծիքով, նորմալ է և բնորոշ է բոլոր մարզաձևերին: Իհարկե, հավաքականը գնալով ուժեղանում է, սակայն պետք է հաշվի առնենք, որ աշխարհի այլ հավաքականներ առավել արագ են ուժեղանում, մենք պետք է փորձենք առավել մեծ տեմպով զարգանալ:

-Եթե հնարավորություն ունենայիք բոլոր ժամանակների որևէ շախմատիստի հետ մեկ պարտիա խաղալու, ո՞ւմ կընտրեիք:

-Կարծում եմ մեկ դասական պարտիան շատ բան չի որոշի, բայց կընտրեմ Բոբի Ֆիշերին:  

-Ռոբերտ, փոխելով հարցերի ուղղվածությունը, ո՞ւմ եք զանգահարում լավ լուր ստանալիս:

-Կնոջս:

-Եթե անմարդաբնակ կղզում հայտնվեիք, ի՞նչ կամ ո՞ւմ կվերցնեիք ձեզ հետ:

-Կնոջս և երեխայիս:  

-Եթե առանց նախապայմանի Ձեզ առաջարկեին անմահություն, կընտրե՞իք:

- Դժվարությամբ եմ ինձ պատկերացնում 80 տարեկանում անմահ, բայց եթե երիտասարդ մնամ, այո, կհամաձայնեմ:

-Շնորհակալ եմ անկեղծ զրույցի համար:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում