Հայաստանի Հանրապետության սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը մեկնարկում է սփյուռքահայ պատանիների «Քայլ դեպի տուն» 2025 թվականի ուսումնաճանաչողական ծրագրի հայտադիմումների ընդունումը:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Հանձնակատարի գրասենյակի տարածած հաղորդագրությունից, ծրագիրը հնարավորություն է ընձեռում սփյուռքի 13-18 տարեկան պատանիներին և երիտասարդներին երկու շաբաթ անցկացնել Հայաստանում, բացահայտել հայրենիքը և ամրապնդել ազգային ինքնությունը: Ծրագիրը ներառում է հայոց լեզվի (արևելահայերեն, արևմտահայերեն), հայրենագիտության, ազգային երգի, պարի դասընթացներ, ճանաչողական այցելություններ Հայաստանի պատմամշակութային վայրեր, թանգարաններ, կրթական հաստատություններ, հանդիպումներ պետական, հասարակական, մշակույթի և արվեստի գործիչների հետ, մարզական և մշակութային միջոցառումներ:
«Քայլ դեպի տուն»-ն այս տարի կանցկացվի 6 փուլով՝ հունիսի 6-ից օգոստոսի 27-ը, և կընդունի 600 սփյուռքահայ պատանու:
Ծրագրի հայաստանյան մասի բոլոր ծախսերը հոգում է ՀՀ կառավարությունը:
Մասնակիցներն ինքնուրույն պետք է հոգան Հայաստան ժամանման և երկրից մեկնման տրանսպորտային ծախսերը, ձեռք բերեն երկշաբաթյա ճամփորդական ապահովագրություն:
Ծրագրի մասնակցության հայտադիմումների ընդունման վերջնաժամկետը մարտի 12-ն է:
Ծրագրի մանրամասներին ծանոթանալու և դիմելու համար անհրաժեշտ է այցելել ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի պաշտոնական կայքէջ:
Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել հետևյալ կոնտակտային տվյալներով՝ հեռ.՝ +374 10 515-517, +374 10 515-514, +374 99 811 083 (WhatsApp, Viber), էլ. փոստի հասցե՝ [email protected]: