Միացյալ Նահանգներ

Թրամփն ԱՄՆ ՄԶԳ-ի աշխատակիցներին սպառնացել է «կարգապահական տույժով»՝ արտաքին օգնության սառեցումն անտեսելու դեպքում

2 րոպեի ընթերցում

Թրամփն ԱՄՆ ՄԶԳ-ի աշխատակիցներին սպառնացել է «կարգապահական տույժով»՝ արտաքին օգնության սառեցումն անտեսելու դեպքում

ԱՄՆ նախագահի վարչակազմն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությանը (ԱՄՆ ՄԶԳ, USAID) կոչ է արել միանալ Վաշինգտոնի ջանքերին՝ փոխակերպելու աշխարհում ամերիկյան օգնության հատկացումը՝ համաձայն Դոնալդ Թրամփի՝ «Ամերիկան առաջնահերթ է» քաղաքականության։ Վարչակազմի հրահանգներն անտեսող աշխատակիցներին սպառնացել են «կարգապահական տույժով»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Նշվում է, որ հունվարի 25-ին ԱՄՆ ՄԶԳ-ի 10 000-ից ավելի աշխատակիցներին ուղարկված հուշագրում հետագա հրահանգներ են տրվել այն բանից հետո, երբ հունվարի 24-ին սառեցվել է ԱՄՆ արտաքին օգնությունն ամբողջ աշխարհում։

Ըստ Reuters-ի տրամադրության տակ հայտնված հուշագրի՝արտաքին օգնության ծախսերի դադարեցումը նշանակում է «լիակատար կասեցում»։ Միակ բացառությունները վերաբերում են շտապ հումանիտար պարենային օգնությանը և պետական պաշտոնյաների՝ իրենց հիմնական աշխատավայրեր վերադառնալու ծախսերին։

Հունվարի 20-ին նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո Թրամփը հրահանգել էր 90 օրով դադարեցնել արտաքին օգնությունը՝ ստուգելու՝ արդյոք այն համապատասխանում է իր արտաքին քաղաքականության առաջնահերթություններին։ 

Հունվարի 24-ին ԱՄՆ պետքարտուղարությունն աշխատանքը դադարեցնելու հրաման էր տվել ԱՄՆ ՄԶԳ-ին նույնիսկ արդեն գոյություն ունեցող և հատկացված օգնության համար։

Reuters-ը հիշեցնում է, որ ԱՄՆ-ն աշխարհում օգնություն մատակարարող ամենախոշոր դոնորն է։ 2023 ֆինանսական տարում Վաշինգտոնը 72 միլիոն օգնություն է հատկացրել ամբողջ աշխարհում։ 2024 թվականին ՄԱԿ-ի շրջանակներում հատկացված ամբողջ հումանիտար օգնության 42 %-ը բաժին է ընկնել ԱՄՆ-ին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում