Ադրբեջան

Ղազախստանում սպասում են ադրբեջանական ինքնաթիռի կործանման հետաքննության արդյունքների հրապարակմանը

2 րոպեի ընթերցում

Ղազախստանում սպասում են ադրբեջանական ինքնաթիռի կործանման հետաքննության արդյունքների հրապարակմանը

Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ տեղի ունեցած ավիավթարի հետաքննության նախնական արդյունքները կարող են հրապարակվել հաջորդ շաբաթ։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Կազինֆորմ» գործակալությունից, այս մասին կառավարությունում կայացած ճեպազրույցում հայտարարել է Ղազախստանի փոխվարչապետ Կանատ Բոզումբաևը։

Նա նշել է, որ Ղազախստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փորձագետներից բացի, հետաքննությանը միացել են նաև Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) ներկայացուցիչները։

«ԻԿԱՕ-ի ստանդարտների համաձայն՝ ավիացիոն իշխանությունները մեկ ամսվա ընթացքում իրականացնում են ավիավթարի հետաքննություն։ Մոտ 17-18 մարդ՝ փորձագետներ Ռուսաստանի Դաշնությունից, Ադրբեջանից, Ղազախստանից։ Նախնական մասը, հուսով ենք, կհրապարակվի հաջորդ շաբաթ», - ասել է Կանատ Բոզումբաևը։

Նա հավելել է, որ ավիավթարից հետո քրեական գործ է հարուցվել։

«Բացի այդ, հարուցվել է քրեական գործ, կատարվում է բալիստիկ և պայթյունատեխնիկական փորձաքննություն։ Մեր ուժայիններն աշխատում են՝ սերտ կապ պահպանելով», - ասել է Ղազախստանի փոխվարչապետը։

Ադրբեջանական ավիաուղիների (AZAL)՝ Բաքու-Գրոզնի չվերթն իրականացնող ինքնաթիռը կործանվել է 2024 թ. դեկտեմբերի 25-ին Ակտաուի մերձակայքում։ Ինքնաթիռում եղել է 67 մարդ, այդ թվում՝ անձնակազմի հինգ անդամ։ Աղետի հետևանքով 38 մարդ մահացել է, 29 մարդ ողջ է մնացել։ Ըստ նախնական տվյալների՝ ինքնաթիռը կործանվել է Գրոզնիի երկնքում արտաքին միջամտության հետևանքով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում