ԵՄ-ից աջակցություն կլինի. Էստոնիայի խորհրդարանի նախագահը գնահատում է տարածաշրջանի կայունությանն ուղղված ՀՀ-ի քայլերը

8 րոպեի ընթերցում

Էստոնիայի Ռիիգիկոգուի նախագահ Լաուրի Հուսարը գնահատում է այն, ինչ Հայաստանը ներկայում անում է տարածաշրջանում կայունության ապահովման համար։ Նա համոզված է, որ դա գնահատել է նաև միջազգային հանրությունը: Հուսարն այս մասին ասաց «Արմենպրես»-ի հետ զրույցում։  

-Պարոն Հուսար, ինչպես գիտեք՝ Հայաստանում Եվրամիության անդամակցության հետ կապված որոշ գործընթացներ են սկսվել: Նախ ինչպե՞ս եք գնահատում այդ գործընթացը, և ինչպե՞ս կարող են ԵՄ–ն, Էստոնիան նպաստել այս գործընթացին:  

-Դա տպավորիչ է: Երբ ձեր խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանն ինձ ասաց Հայաստանի հստակ դիրքորոշման մասին, որ դուք ցանկանում եք սկսել ԵՄ անդամակցության գործընթաց, ես դրականորեն զարմացա և, իհարկե, սատարեցի դրան։ Հետո նա ինձ հրավիրեց Հայաստան: Ես ասացի, որ մենք պետք է իսկապես կենտրոնանանք դրա վրա՝ ավելի մեծ ուշադրություն հրավիրելու համար: Եվ ես առաջարկեցի նրան կազմակերպել Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի խորհրդարանների խոսնակների այց Հայաստան՝ իրականում քննարկելու հնարավորություններն այս ուղղությամբ և դեպի Եվրոպա տանող ճանապարհին: Եվ ես իսկապես ուրախ եմ այն ​​պարզ քայլերի համար, որոնք դուք արդեն արել եք դեպի Եվրոպա։ Ես կարծում եմ, որ ԵՄ-ն պատկանում է Եվրոպային: Իհարկե, անելիքները շատ են: Դա երկար գործընթաց է, քրտնաջան աշխատանք է պահանջում։ 

-Ի՞նչ ակնկալիքներ կարող ենք ունենալ ԵՄ-ից: 

-Կարծում եմ՝ հիմնականում պետք է պատրաստ լինեք, որ շատ բարեփոխումներ պետք է իրականացնեք։ Իսկ բարեփոխումների իրականացումը, իրականում, դրական երևույթ է ամբողջ հասարակության համար, որովհետև փոփոխությունները և հասարակության ուղղության փոփոխությունը լիովին նոր տրամադրություն են տալիս։ Ընթացքում բոլոր օրենսդրական կարգավորումներն ընդունելն ու այդ օրակարգը ստանձնելը կարող է բարդ լինել։ Երբեմն դա կարող է դժվար լինել: Սակայն վերջում այլևս չեք հիշում այդ դժվարությունները, այլ հիշում եք, որ անցաք այդ դժվարությունների միջով, արեցիք դա ձեր հասարակության համար, դուք ուժեղացրիք ձեր երկիրը, ձեր ժողովրդի կենսամակարդակը և այլն, և վերջում արդյունքը շատ դրական է։ 

Օրինակ՝ մենք Եվրոպական միություն մտանք ավելի քան 20 տարի առաջ։ Եվ հիմա մեր կենսամակարդակը ավելի քան երեք անգամ բարձր է, քան այն ժամանակ։ Դա մեզ բերեց բարեկեցություն, կայունություն։ Դա մեզ բերեց նաև տարածաշրջանային կայունություն, ինչը շատ կարևոր է։ Մենք չենք կարող այն մոռանալ, որովհետև Եվրոպան դա բերեց: Եվ եվրոպական ֆինանսական աջակցությամբ մենք իսկապես շատ ներդրումներ արեցինք տարածաշրջանում։ Կարծում եմ՝ տարածաշրջանի կենսամակարդակը ևս էականորեն բարձրացավ։ Հետևաբար, շատ առավելություններ կան այնտեղ։

-Խոսենք նաև Հայաստանի խնդիրներից: Ադրբեջանում են դեռ պահվում ավելի քան 20 հայ գերիներ: Ըստ Ձեզ՝ ի՞նչ պետք է անի միջազգային հանրությունը՝ ստիպելու Ադրբեջանին վերադարձնել հայ գերիներին: Ի՞նչ դերակատարում կարող է ունենալ միջազգային հանրությունը: 

-Կարծում եմ՝ դուք արդեն շատ բան եք արել։ Եվ ես իրապես գնահատում եմ այն, ինչ Հայաստանը ներկայում անում է տարածաշրջանում կայունություն ապահովելու համար։ Ես համոզված եմ, որ միջազգային հանրությունը դա գնահատել է։ Եվ աջակցություն կլինի ոչ միայն առանձին երկրներից, այլ նաև Եվրոպական միությունից ու այլ խոշոր միջազգային կազմակերպություններից։ Այն խաղաղության գաղափարախոսությունը, որ դուք ներկայում ունեք, ամենակարևորն է: Եթե խոսենք հակամարտությունների մասին, դուք բավականին առաջընթաց եք գրանցել։ Ուստի,  կարծում եմ, որ այս լուծման համար կա հուսալի աջակցություն։ Եվ նաև կլինի հստակ դիրքորոշում՝ մարդկանց Հայաստան վերադարձնելու համար։ 

-Ինչպես արդեն նկատեցիք, Հայաստանը խաղաղության գործընթաց է սկսել Ադրբեջանի հետ: Մենք ունենք սահմանային հարցեր: Ինչ եք կարծում՝ ի՞նչ պետք է անի Հայաստանը՝ առաջ մղելու այս գործընթացը, և ի՞նչ կարող է անել միջազգային հանրությունը: 

-Դուք պետք է խոսեք, պետք է ներկայացնեք ձեր դիրքորոշումը։ Պետք է կոչ անեք մարդկանց այցելել Հայաստան, բայց ոչ միայն դա, այլ նաև լինել այնտեղ, որտեղ քննարկվում են այդ թեմաները։ Եվ սա ձեր լավագույն հնարավորությունն է։ Դուք պետք է իմանաք, թե ովքեր են ձեր ընկերները։ Ես վստահ եմ, որ Կրեմլում գտնվողները ձեր ընկերները չեն։ Նրանք իրականում փորձում են մանիպուլացնել մարդկանց, ոչ բարեկամաբար են տրամադրված հարևանների նկատմամբ և փորձում են վերականգնել նախկին Խորհրդային միությունը, որի մասին մենք լավ հիշողություններ չունենք։ Ուստի, կարծում եմ, որ համախոհ երկրները պետք է միասին մնան, միասին աշխատեն և համագործակցեն։ Սա լավագույն լուծումն է։

-Մենք մի կողմից ներգրավվել ենք խաղաղության բանակցություններում, սակայն մյուս կողմից Ադրբեջանը շարունակում է պահել հայ գերիներին: Ի՞նչ կարծիք ունեք այս խնդրի մասին, ինչպե՞ս պետք է հարցը լուծվի: 

-Ի վերջո, ցանկացած հակամարտության լուծում պետք է լինի լայն համաձայնությունն այն մասին, թե ինչպես շարունակել առաջ շարժվել։ Եվ ես տեսնում եմ, որ հայկական կողմից այդ ցանկությունն արդեն կա, դուք իսկապես ցանկանում եք շարունակել զարգացնել հասարակությունը և կառուցել հարաբերությունները հարևանների հետ։ Եվ կարծում եմ, որ սա ամենաուժեղ փաստարկն է՝ հակամարտության ամբողջական լուծման համար այնպես, որ մարդիկ շուտով վերադառնան իրենց տները:

-Անդրադառնանք նաև երկկողմ հարաբերություններին, պարոն Հուսար, ո՞ր ոլորտներում եք ներուժ տեսնում, Հայաստանի և Էստոնիայի միջև համագործակցության համար: 

-Մենք արդեն համագործակցում ենք տարբեր ոլորտներում։ Կարծում եմ՝ ներկայում մեր ամենամեծ համագործակցությունը վերաբերում է Հայաստանում թվային հասարակության կառուցմանը։ Առկա է նաև համագործակցություն Էստոնիայի էլեկտրոնային կառավարման ակադեմիայի հետ՝ Հայաստանում տարբեր լուծումներ ստեղծելու և երկրին խորհրդատվություն տրամադրելու նպատակով։ Կարծում եմ, որ իրականում շատ մեծ ներուժ կա։ Մենք թվային հասարակություն ստեղծելու գործում մեծ փորձ ունենք։ Սկսել ենք 2000 թվականին: Թվային լուծումները իրականում շատ են օգնում քաղաքացիներին՝ շփվել պետական կառույցների հետ։ Մենք տարբեր լուծումներ ունենք: Մեր ներկայիս հաջողություններից մեկը էստոնական թվային ընտրություններն են։ Վերջին խորհրդարանական ընտրություններին մասնակցած քաղաքացիների 50 տոկոսը քվեարկել էր թվային տարբերակով, նրանք իրենց ձայնը տվել էին համակարգչի միջոցով։ Այժմ մենք նոր լուծում ենք մշակում: Հավանաբար 1–2 տարուց կլինի նաև մոբայլ տարբերակով քվեարկելու հնարավորություն։ Որովհետև թվային ընտրությունները համակարգչով լավ են, բայց երիտասարդ սերունդը հիմնականում բջջային հեռախոսից է օգտվում: Խորհրդարանի կողմից որոշումն արդեն ընդունվել է։ Հիմա տեխնիկական որոշ լուծումներ են տրվում: 

Հայերեն

Տեղի են ունեցել Քրեակատարողական ծառայության հատուկ նշանակության ստորաբաժանման ուսումնական վարժանքներ

Դոնալդ Թրամփը Կանադային հարկային արտոնություններ է խոստացել ԱՄՆ-ի կազմ մտնելու դեպքում

Հայաստանում կկատարելագործվեն ապաստանի տրամադրմանը և փախստականների պաշտպանությանը վերաբերվող օրենսդրությունները

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նավթի գների նվազեցումը կարող է նպաստել ռուս-ուկրաինական պատերազմի ավարտին

Տավուշի երիտասարդական կենտրոնների հետ համագործակցությամբ կիրականացվի ԼՂ-ից բռնի տեղահանվածների զբաղվածության խթանման ծրագիր

Չինաստանի ԱԳ նախարարը և ԱՄՆ պետքարտուղարը հեռախոսազրույց են ունեցել

Կառավարությունը կարգավորում է հանքագիտության և հնէաբանության հավաքածուների ժամանակավոր արտահանման գործընթացը

ՀԱՄԱՍ-ն ազատ կարձակի ևս չորս իսրայելցի պատանդի

Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է բանակցել ուկրաինական համակամարտության շուրջ

ՊԵԿ նախագահը և ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսի անցակետին առնչվող հարցեր