Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Պարույր Հովհաննիսյանը հայտարարել է, որ Երևանի և Թեհրանի հարաբերություններն աննախադեպ բարձր մակարդակի վրա են գտնվում, և ինքը չի տեսել որևէ հարց, որում չի հաջողվել իրանական կողմի հետ հասնել համաձայնության։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն՝ անդրադառնալով հարցին, որ հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության փաստաթղթի ստորագրումից հետո ԱՄՆ նախկին պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել էր, որ ԱՄՆ-ից մաքսային և սահմանային անվտանգության հարցերով թիմ կայցելի Հայաստան՝ կապված Հայաստանի սահմանային անվտանգության հետ, և որքանո՞վ է դա առնչվում Իրանին, արդյոք իրանցի գործընկերների հետ քննարկվե՞լ է այս հարցը:
Փոխնախարարի դիտարկմամբ՝ Հայաստանը քննարկում է իրանցի գործընկերների հետ բոլոր հարցերը, բայց ԱՄՆ նախկին պետքարտուղարի նշված հայտարարությունը վերաբերվել է Հայաստանի սահմանային հսկողության արդյունավետության բարձրացմանը, այլ ոչ թե այս կամ այն երկրի հետ որևէ հատուկ զգայուն ասպեկտներին:
Նա հիշեցրեց, որ վերջերս Հայաստանի ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանն այցելել էր Իրան և որևէ մտահոգություն, մտավախություն Իրանի կողմից չի հնչել այդ առիթով։
Փոխնախարարի դիտարկմամբ՝ ինքը չի տեսել որևէ հարց, որում չի հաջողվել իրանական կողմի հետ հասնել համաձայնության։
«Մեր հարաբերությունները աննախադեպ բարձր մակարդակի վրա են գտնվում, և դրա վկայությունը տեսնում ենք, թե՛ վերջին շրջանում այցերի, թե՛ այլ պաշտոնյաների հայտարարություններից ելնելով»,-ասաց նա:
Հունվարի 14-ին Հայաստանի և ԱՄՆ-ի միջջև ռազմավարական գործընկերության կանոնադրությունը ստորագրելուց հետո ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել էր, որ ԱՄՆ–ից առաջիկա շաբաթներին մաքսային և սահմանային անվտանգության հարցերով թիմ կգնա Հայաստան՝ սահմանային անվտանգության կարողությունների զարգացման ուղղությամբ հայ գործընկերների հետ աշխատելու համար: