Հայաստանը կարևորում է ԵՄ-ի հետ «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ամբողջական կիրառումը. ԱԳ փոխնախարար
5 րոպեի ընթերցում
Հայաստանը մեծապես կարևորում է Եվրոպական միության հետ՝ Հայաստան-ԵՄ «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի և դրա ճանապարհային քարտեզի ամբողջական կիրառումը՝ ինտենսիվ քայլեր ձեռնարկելով ինչպես ճանապարհային քարտեզը լրամշակելու, այնպես էլ նշված փաստաթղթերով ստանձնած պարտավորությունների իրականացումն ապահովելու ուղղությամբ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ընթացող «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծի քննարկումների ընթացքում հայտարարեց նախագծի հարակից զեկուցող, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը։
Պարույր Հովհաննիսյանն իր խոսքում նշեց, որ քաղաքացիական նախաձեռնության արդյունքում ներկայացված նախագիծը համահունչ է վերջին տարիներին ՀՀ-ի և ԵՄ-ի, ինչպես նաև ԵՄ անդամ երկրների հետ փոխգործակցության խորացման դինամիկային ու Հայաստանի քաղաքացիների եվրոպական ձգտումներին։
«ԵՄ-ին առավել մերձենալու քաղաքական կամքն արտահայտվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից Եվրոպական խորհրդարանում հնչեցրած հայտնի ելույթի շրջանակներում, ինչը համապատասխանում է նաև Հայաստանի կառավարության՝ 2021-2026 թվականների ծրագրում ամրագրված՝ ԵՄ և ԵՄ անդամ երկրների հետ հարաբերությունների զարգացման հանձնառությանը։ ԵՄ-նն, իր հերթին, արտահայտել է իր քաղաքական աջակցությունը Հայաստանի ղեկավարությանը»,-ընդգծեց Պարույր Հովհաննիսյանը։
Փոխնախարարի խոսքով՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մերձեցման համար քայլեր են ձեռնարկվել ոլորտային համագործակցության խորացման և ընդլայնման հնարավորություններն իրացնելու ուղղությամբ, նշանակալիորեն ակտիվացել է քաղաքական երկխոսությունը, ներկայում բանակություններ են ընթանում Հայաստան-ԵՄ գործընկերության նոր օրակարգի շուրջ, համագործակցության շրջանակը համալրվել է նոր ուղղություններով, այդ թվում՝ անվտանգային և պաշտպանական։
«Հայաստան-ԵՄ գործընկերության նոր օրակարգի նախագիծը սահմանում է Հայաստան-ԵՄ գործընկերության ոլորտային առաջնահերթություններ, որոնք լրացնելու են երկկողմ հարաբերությունների հիմնաքար հանդիսացող՝ 2017 թվականին ստորագրված և 2021 թվականին ամբողջությամբ ուժի մեջ մտած «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրով ստեղծված գործընկերության ինստիտուցիոնալ շրջանակը։ Գործընկերության նոր օրակարգը ներառում է ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին և լավ կառավարմանը, ազատությանը, շարժունակությանը, տնտեսական և ոլորտային համագործակցությանը, առևտրին, մարդկանց միջև շփումներին առնչվող հարցեր։ Հայաստանը մեծապես կարևորում է և համագործակցում է Եվրոմիության հետ՝ Հայաստան-ԵՄ «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի և դրա ճանապարհային քարտեզի ամբողջական կիրառման ուղղությամբ՝ ինտենսիվ քայլեր ձեռնարկելով ինչպես ճանապարհային քարտեզը լրամշակելու, այնպես էլ նվյած փաստաթղթերով ստանձնած պարտավորությունների իրականացումն ապահովելու ուղղությամբ»,-շեշտեց Հովհաննիսյանը։
ԱԳ փոխնախարարի խոսքով՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների առաջնային կարևորության հարցերի շարքում գնահատելի է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը, Հայաստան-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը, Եվրոպական խաղաղության գործիքի շրջանակներում Հայաստանին աջակցության տրամադրումը։
«ԵՄ-ն շարունակել է հանդիսանալ Հայաստանում զարգացման համագործակցության խոշորագույն դոնորը և Հայաստանում իրականացվող բարեփոխումների հիմնական աջակիցը։ «Դիմակայություն և աճ» ծրագրի շրջանակներում հաստատվել է Հայաստանին աջակցության տրամադրումը՝ առաջիկա 4 տարվա համար, և Հայաստանն այժմ միակ երկիրն է, որն աջակցություն է ստանում նման ձևաչափով՝ չհանդիսանալով ԵՄ անդամության թեկնածու երկիր»,-ընդգծեց Պարույր Հովհաննիսյանը։
Վերջինս նաև շեշտեց, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունների ինստիտուցիոնալ շրջանակը, ինտենսիվությունն ու զարգացման աննախադեպ տեմպերն արդեն ուրվագծում են Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունը։
«Ուստի, Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն առաջարկում է դրական եզրակացության արժանացնել «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» նախաձեռնությունը»,-եզրափակեց ԱԳ նախարարի տեղակալը։