Քաղաքականություն

ՀՀ ԱԳ փոխնախարարը հնարավոր է համարում, որ ՌԴ սահմանապահները դուրս գան հայ-թուրքական և հայ-իրանական սահմաններից

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳ փոխնախարարը հնարավոր է համարում, որ ՌԴ սահմանապահները դուրս գան հայ-թուրքական և հայ-իրանական սահմաններից

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը հնարավոր է համարում, որ սահմանային կարողությունների ամրապնդման արդյունքում Ռուսաստանի Դաշնության սահմանապահները դուրս գան հայ-թուրքական և հայ-իրանական սահմաններից։  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Պարույր Հովհաննիսյանն այս մասին ասաց լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ստորագրված ռազմավարական փաստաթղթով նախատեսված դրույթին, որի համաձայն՝ ԱՄՆ-ից մաքսային և սահմանային անվտանգության հարցերով թիմ կայցելի Հայաստան՝ աշխատելու հայ գործընկերների հետ սահմանային անվտանգության կարողությունների զարգացման ուղղությամբ։   

Պատասխանելով հարցին, թե ի՞նչ է նշանակում սահմանային կարողությունների ամրապնդումը՝ փոխնախարարը նշեց, որ ժամանակն է, որ Հայաստանը կարողանա սեփական ուժերով պաշտպանել իր սահմանները։  

«Միշտ դա իրականացվել էր երրորդ երկրի կողմից, վերջապես պետք է մեր սահմանը կարողանանք ինքներս վերահսկել»:  

Անդրադառնալով հարցին, թե հնարավո՞ր է արդյոք, որ դրա արդյունքում հայ-թուրքական և հայ-իրանական սահմաններից ՌԴ սահմանապահներն առհասարակ դուրս գան՝ փոխնախարարը դրական արձագանք տվեց։   

«Իհարկե, իդեալական աշխարհում ամեն մի երկիր պետք է ի վիճակի լինի վերահսկել իր սահմանները: Իսկ այդ աջակցությունը վերաբերվում է մեր կարողությունների բարձրացմանը՝ համապատասխան փորձառությամբ կիսվելու միջոցով»,-նշեց ԱԳ փոխնախարարը:

Հունվարի 14-ին Հայաստանի և ԱՄՆ-ի միջջև ռազմավարական գործընկերության կանոնադրությունը ստորագրելուց հետո ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել էր, որ ԱՄՆ–ից առաջիկա շաբաթներին մաքսային և սահմանային անվտանգության հարցերով թիմ կայցելի Հայաստան՝ սահմանային անվտանգության կարողությունների զարգացման ուղղությամբ հայ գործընկերների հետ աշխատելու համար: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում