Դավոսում՝ Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել հայազգի անվանի գիտնական, մոլեկուլային կենսաբան և նյարդաբան Արտեմ Փաթափությանի հետ, ով 2021 թվականին արժանացել է Նոբելյան մրցանակի:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել պարոն Փաթափությանի բացառիկ ներդրումն ու գիտական ձեռքբերումները համաշխարհային գիտության ոլորտում՝ ընդգծելով, որ գիտության և կրթության զարգացումը ՀՀ Կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է։
Վարչապետը նշել է, որ կարևոր է մեր հայրենակիցների ներուժի ներգրավումը գիտության զարգացման գործում և հավելել, որ Կառավարությունը շարունակաբար ավելացնում է գիտության ոլորտի ֆինանսավորումը՝ խթանելու նորարարական գաղափարների և ծրագրերի իրականացումը։
Արտեմ Փաթափությանն իր հերթին նշել է, որ Հայաստան կատարած այցի ընթացքում եղել է տարբեր տեխնոլոգիական ընկերություններում և ծանոթացել գիտության ոլորտում առկա ներուժին։ Նա պատրաստակամություն է հայտնել աջակցել ՀՀ Կառավարությանը գիտության և նորարարության զարգացմանն ուղղված ծրագրերի իրագործման հարցում։