Հայաստան

Չկա ՀՀ-ի որևէ սահմանային միլիմետր, որն ավելի կարևոր է, քան մեկ այլ սահմանային միլիմետրը. ՔՊ խմբակցությունը՝ սահմանազատման մասին

2 րոպեի ընթերցում

Չկա ՀՀ-ի որևէ սահմանային միլիմետր, որն ավելի կարևոր է, քան մեկ այլ սահմանային միլիմետրը. ՔՊ խմբակցությունը՝ սահմանազատման մասին

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար, պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ չկա Հայաստանի Հանրապետության որևէ սահմանային միլիմետր, որն ավելի կարևոր է, քան մեկ այլ սահմանային միլիմետրը, իսկ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը Տավուշի հյուսիսային հատվածից շարունակելու շուրջ համաձայնությունն ուղղված է ոչ թե հատվածական, այլ ամբողջական սահմանազատում իրականացնելուն։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին պատգամավորը հայտարարեց ճեպազրույցի ընթացքում՝ անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի սահմանազատման կանոնակարգին, ինչպես նաև այդ գործընթացի հետ կապված Ազգային ժողովի ընդդիմադիր ուժերի ունեցած անհամաձայնությանն ու քննադատություններին։

«Ո՞վ ասաց, որ մենք չենք գնում ամբողջական սահամանազատման․ սահմանազատման կանոնակարգը հենց այն մասին է, որ մենք պետք է գնանք ամբողջական սահմանազատման։ Տավուշում սահմանազատում իրականացնելը հենց նրա մասին է, որ սահամանազատումը հատվածական չլինի, քանի որ Տավուշում տեղի ունեցած սահմանազատման գործընթացում մենք ունենք հատվածներ, որտեղ մի մասը հիմա սահմանազատված է, կան հատվածներ, որոնք արված չեն։ Հիմա մենք ուզում ենք ամբողջացնել հենց այդ սահմանը»,-ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արթուր Հովհաննիսյանն՝ անդրադառնալով ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի պնդմանը, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումն ու սահմանագծումը պետք է լինեն ամբողջական, համաչափ, բավարարեն միջազգային չափանիշներին։

«Կան օկուպացված տարածքներ, և մենք ասում ենք, որ սահմանազատման կանոնակարգում հստակ հասցեագրված են տվյալ խնդրահարույց հատվածների լուծումները,  մենք աստիճանաբար գնալու ենք սահմանի այլ հատվածների սահմանազատմանը»,-նշեց Արթուր Հովհաննիսյանը։

Պատգամավորը վստահեցրեց, որ Տավուշի հատվածում իրականացվող սահմանազատումը կարվի այնպես, որ տեղի բնակիչներն անվտանգ ապրեն։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում