ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Իրանի նրա պաշտոնակից Մասուդ Փեզեշքիանը սկսել են բանակցությունները Կրեմլում։ Հանդիպման բացմանը Պուտինը նշել է, որ Փեզեշքիանի այցը հատուկ նշանակություն ունի, քանի որ երկու երկրների ղեկավարները ոչ միայն կքննարկեն համագործակցության բոլոր ուղղությունները, այլև կստորագրեն Ռուսաստանի և Իրանի միջև ռազմավարական համագործակցության մասին պայմանագիր, տեղեկացնում է «Արմենպրես»-ը։
«Մենք երկար ժամանակ աշխատել ենք դրա վրա, և ինձ համար շատ հաճելի է, որ այդ աշխատանքն ավարտված է։ Սա կարևոր է, քանի որ դա մեզ հնարավորություն կտա լրացուցիչ խթան հաղորդել մեր տնտեսության գրեթե բոլոր ոլորտներին։ Վստահ եմ, որ դա կնպաստի առևտրատնտեսական կապերի հետագա զարգացմանը», - ընդգծել է ՌԴ ղեկավարը։
Վլադիմիր Պուտինը նաև հայտնել է, որ միջազգային օրակարգի շուրջ ռուս-իրանական խորհրդակցությունները շատ պահանջված են։
«Իհարկե, միջազգային օրակարգի վերաբերյալ մեր խորհրդակցությունները մեծ պահանջարկ ունեն ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ, անշուշտ, տարածաշրջանում», - ասել է ՌԴ ղեկավարը։
Իր հերթին Մասուդ Փեզեշքիանը նշել է, որ Իրանի և Ռուսաստանի երկկողմ հարաբերությունները, ապրանքաշրջանառության ավելացումը, ինչպես նաև փոխգործակցությունը տարածաշրջանում և միջազգային ասպարեզում «իսկապես գոհացնում է մեզ»։ Նա նաև փոխանցել է, որ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին շեշտել է Ռուսաստանի հետ հարաբերությունների ամրապնդման կարևորությունը։
«Վստահ եմ, որ այսօր մեր մեծ պայմանագրի ստորագրումը, որն ընդգրկում է երկու երկրների գործունեության բոլոր ոլորտները, այդ թվում՝ մշակույթի, տնտեսության, հումանիտար ոլորտները, մեծ խթան կհաղորդի երկկողմ հարաբերությունների զարգացմանը և կդառնա հետագա առաջընթացի համար ամուր հիմք», - ասել է Փեզեշքիանը։
Իրանի նախագահը նաև ողջունել է ատոմային էլեկտրակայանի կառուցման վերաբերյալ Ռուսաստանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները և հույս հայտնել, որ հանդիպման ընթացքում հնարավոր կլինի վերջնականացնել պայմանավորվածություններն այդ ոլորտում։
«Մենք կարծում ենք, որ Ռուսաստանի հետ մեր երկկողմ հարաբերությունները կրում են ռազմավարական կարևոր և համապարփակ բնույթ.... Մեր գերագույն առաջնորդը և մենք բոլորս կարծում ենք, որ տարածաշրջանային բոլոր խնդիրները պետք է լուծվեն միայն տարածաշրջանային երկրների միջև պայմանավորվածությունների միջոցով։ Մենք կարծում ենք, որ մեր տարածաշրջանում ոչ տարածաշրջանային ուժերի ներկայությունը կարող է միայն խորացնել և ապակայունացնել իրավիճակը», - հավելել է Փեզեշքիանը։
Իրանի նախագահը պաշտոնական այցով Ռուսաստան է ժամանել հունվարի 17-ին։ Հանդիպումից հետո նախատեսվում է, որ կողմերը հանդես կգան մամուլի ասուլիսով։