Սփյուռք

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը մեկնարկել է «ԴիասՊրո» մասնագիտական կամավորական ծրագրի հայտերի ընդունումը

3 րոպեի ընթերցում

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը մեկնարկել է «ԴիասՊրո» մասնագիտական կամավորական ծրագրի հայտերի ընդունումը

Հայաստանի Հանրապետության սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը մեկնարկում է «ԴիասՊրո» մասնագիտական կամավորական ծրագրի հայտերի ընդունումը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հանձնակատարի գրասենյակի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ ծրագիրը հնարավորություն է ընձեռում սփյուռքահայ մասնագետներին առցանց կամ առկա եղանակներով իրենց խորհրդատվական և փորձագիտական ներուժը ներդնել Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքի զարգացման գործում: 

Ծրագիրը նախաձեռնվել և մշակվել է՝ հաշվի առնելով հայրենիքի կառավարման համակարգում կամավորական հիմունքներով աշխատանքի պատրաստակամություն հայտնած սփյուռքի տարբեր մասնագիտական շրջանակների և Հայաստանի պետական համակարգի գերատեսչությունների պահանջարկը:

Սփյուռքի մասնագետների կողմից իրականացվող աշխատանքները ներառում են մասնագիտական խորհրդատվության տրամադրում, փորձի փոխանակում, դասընթացների անցկացում և այլ գործունեություն։  

Ծրագրին դիմող մասնագետ-կամավորների ներգրավմանն առնչվող հարցերը համակարգում է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը՝ մասնագետներին ընդունող պետական մարմինների հետ համագործակցությամբ:

Դիմելու չափորոշիչներ

  • Բարձրագույն կրթության առկայություն
  • Ծրագրով նախատեսված մասնագիտական գործունեության կոնկրետ բնագավառում առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձ

Նշվում է, որ հայերենի բավարար իմացությունը ցանկալի է։

2025 թվականին մասնագիտական աշխատանքի կատարման համար նախապատվություն է տրվում հետևյալ ուղղություններին.

  • Նախագծերի կառավարում
  • Թարգմանչական գործ (անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, իսպաներեն և այլ լեզուներ)
  • MS Office ծրագրերի կառավարում
  • Գրաֆիկ դիզայն

Հայտադիմումներ

Հայտադիմումներն ընդունվում են 2025 թվականի հունվարի 14-ից մարտի 1-ը ներառյալ: Ընտրված թեկնածուները կհրավիրվեն մասնակցելու առցանց/առկա հարցազրույցների:

Ծրագրի պահանջներին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի պաշտոնական կայքի «Ծրագրեր» բաժնում։ 

Հայտադիմումը հասանելի է այս հղմամբ

Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ ծրագիրն ամբողջությամբ կրում է կամավորական բնույթ և չի նախատեսում վարձատրություն։  

Հարցերի առկայության դեպքում կարող եք դիմել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ (էլ. փոստ՝ [email protected], հեռ.`+374 10 515 522, +374 10 515 514):  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում