Քաղաքականություն

Հայաստանը ցանկանում է շարունակել համագործակցությունն ԱՄՆ նոր վարչակազմի հետ. Միրզոյան

2 րոպեի ընթերցում

Հայաստանը ցանկանում է շարունակել համագործակցությունն ԱՄՆ նոր վարչակազմի հետ. Միրզոյան

Հայաստանը ցանկանում է շարունակել համագործակցությունն ԱՄՆ նոր վարչակազմի հետ՝ երկու երկրների միջև նոր ստորագրված՝ Հայաստան–ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրության մեջ նշված հավակնոտ նպատակներն իրագործելու ուղղությամբ։ Այս մասին ասաց Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Վաշինգտոնում փաստաթղթի ստորագրման արարողությանը հաջորդած իր խոսքում:

Միրզոյանն ընդգծեց՝ Հայաստանը խորապես գնահատում է ԱՄՆ-ի հաստատուն աջակցությունը Հայաստանի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Նույնքան կարևոր է ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման և տնտեսական դիմակայունության խթանման գործում։

«Մենք խորապես գնահատում ենք ԱՄՆ-ի ներգրավվածությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության խթանման գործում։ Մենք կարծում ենք, որ կայուն և բարգավաճող Հարավային Կովկասը բխում է տարածաշրջանային բոլոր դերակատարների և ավելի լայն միջազգային հանրության շահերից: Հայաստանը հանձնառու է շարունակել սերտ համագործակցությունն ԱՄՆ-ի հետ՝ այս ընդհանուր նպատակին հասնելու համար»,–ասաց Հայաստանի ԱԳ նախարարը:

Նա նաև հայտարարեց, որ համաշխարհային անվտանգության հանդեպ ընդհանուր հանձնառության ոգով Հայաստանը մտադիր է միանալ «Իսլամական պետությանը պարտության մատնելու գլոբալ կոալիցիային»՝ հավելյալ ընդգծելով Հայաստանի նվիրվածությունը միջազգային ահաբեկչության դեմ պայքարին: Հայաստանը հավատում է, որ համատեղ գործողություններն էական նշանակություն ունեն այս սպառնալիքը հասցեագրելու գործում։

«Նայելով ապագային՝ մենք ցանկանում ենք շարունակել համագործակցությունն ԱՄՆ նոր վարչակազմի հետ՝ մեր Ռազմավարական գործընկերության կանոնադրության մեջ նշված հավակնոտ նպատակներն իրագործելու ուղղությամբ: Թող այս Կանոնադրությունը ծառայի որպես Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև ռազմավարական հարաբերությունների խորացման վկայություն և ընդհանուր ձեռքբերումներով լի ապագայի ճանապարհային քարտեզ»,–եզրափակեց Միրզոյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում