Մշակույթ

Երկլեզու դրամատիկական արվեստանոցի 4-րդ թողարկումը համախմբել է 25 մասնակցի

5 րոպեի ընթերցում

Երկլեզու դրամատիկական արվեստանոցի 4-րդ թողարկումը համախմբել է 25  մասնակցի

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Երկլեզու դրամատիկական արվեստանոցը, որի շրջանակում հայ դերասանները, ռեժիսորները ֆրանսերեն և հայերեն անցկացվող դասընթացների միջոցով ծանոթանում են միջազգային փորձին, այս անգամ համախմբել է 25 երիտասարդի։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ արվեստանոցի չորրոդ թողարկումը մեկնարկել է հունվարի 10-ին։ Այն մասնակիցներին հնարավորություն է տալիս բացահայտել հրավիրյալ մասնագետների մեթոդաբանությունը, ժամանակակից թատրոնի  և կինոյի ավանդույթներն ու միտումները։

Հունվարի 13-ին լրագրողների հետ հանդիպմանը ֆրանսահայ կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ և պրոդյուսեր Սերժ Ավետիքյանը, որը նախագծի տնօրենն է, հավաստիացրեց, որ արվեստանոցի արդյունքներն անգնահատելի են, քանի որ իրենք «հնձել են ավելին, քան ցանել են» և հրաշալի պտուղներ են ստացել։ «Մենք սպասվածից ավելիին ենք հասել։ Նախորդ արվեստանոցների մասնակիցներից մի քանիսը ֆրանսերեն են դասավանդում, մի քանիսը թատերախմբեր են ստեղծել և հանդես են գալիս ֆրանսալեզու թատերական ներկայացումներով»,-նշեց Սերժ Ավետիքյանը։

Արվեստանոցի դասընթացները կազմակերպվում են Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում։ Մասնակիցների մեծ մասը բուհի ուսանողներ են, շրջանավարտներ։ Ռեկտոր Սառա Նալբանդյանի խոսքով՝ արվեստանոցը մեծ դերակատարություն է ունենում մշակույթի զարգացման գործում։ «Այն երիտասարդ ստեղծագործողներին իրենց մտահորիզոնն ընդլայնելու հնարավորություն է ընձեռում։ Բուհը թատերական արվեստի բազա է տալիս, իսկ արվեստանոցի շնորհիվ մասնակիցները նոր մոտեցումներ են յուրացնում։ Ամենակարևորն այն է, որ նրանցից մի քանիսը մեկնում են Ֆրանսիա  և այնտեղ են ծանոթանում նորամուծություններին ու այդ ամենը բերում են Հայաստան»,-նշեց բուհի ռեկտորը։

Ըստ Նալբանդյանի՝ լեզվի իմացությունը աշխարհայացք է ձևավորում, իսկ ֆրանսերենին տիրապետելը շատ կարևոր է, քանի որ դա թույլ է տալիս հասկանալ ֆրանսիական մշակույթն իր խորությամբ և հարստությամբ։

Նալբանդյանը շեշտեց, որ բուհը կարողանում է կապեր հաստատել ֆրանսիական տարբեր հաստատությունների հետ ու համագործակցության համար նախապայմաններ ստեղծել։ «Բացի կարճատև ծրագրերից, որ իրականացնում ենք ֆրանսիական մշակութային, կրթական հաստատությունների հետ, նաև երկարատև ծրագիր ունենք։ Այսօրվանից Ֆրանսիայի խորեոգրաֆիայի ակադեմիայից  մեզ մոտ է ժամանել ժամանակակից պարի չորս դասախոս։ Նրանց հետ համաձայնագիր ենք կնքել, ինչի արդյունքում նրանք տարեկան երկու անգամ գալու են բուհ։ Նրանց շրջանավարտներից մեկը դասավանդում է մեզ մոտ և հինգ տարի անց մենք համատեղ դիպլոմ ենք հանձնելու ուսանողներին»,-տեղեկացրեց ռեկտորը։

Վերադառնալով արվեստանոցին՝ նա նշեց, որ անգամ արվեստանոցից դուրս իրականացվող ծրագրերի պարագայում անպայման համագործակցում են Սերժ Ավետիքյանի հետ։  

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին շնորհավորեց Սերժ Ավետիքյանին, որը նաև արվեստանոցի գաղափարի հեղինակն է։ «Նա գաղափարն իրականացրեց մեծ համառությամբ և տոկունությամբ։ Հպարտ ենք, որ աշխատում ենք Ավետիքյանի հետ, շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր աջակցում են այս նախաձեռնությանը»,-ասաց նա և տեղեկացրեց, որ Երկլեզու դրամատիկական արվեստանոցն այս տարի կունենա հինգ շրջան։ Հրավիրյալ արտիստներն են Լիզա Թորոմանյանը, Անն Կուտյուրոն, Լորան Բերժեն, Իվան Մորանը (Ֆրանսիա) և Լինա Ռիյադը (Լիբանան)։

Նախագծի մարտահրավերներից է Ֆրանկոֆոնիան, և մասնակիցները 2024 թվականի նոյեմբերից ֆրանսերեն են ուսումնասիրում SPFA ասոցիացիայի Երևանի և Գյումրիի գրասենյակներում։ 

Հինգերորդ շրջանի ավարտին արվեստանոցի տասը երիտասարդ արտիստ հնարավորություն կունենա մասնագիտական պրակտիկա անցնել Վիլեր Կոտրեի ֆրանսերեն լեզվի միջազգային ավանում։

Արվեստանոցի չորրորդ թողարկման գործընկերներն են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը/Հայաստանի ֆրանսիական ինստիտուտը, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը, ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, Փարիզի քաղաքապետարանը, Ազնավուր հիմնադրամը, SPFA ասոցիացիան, Miassine հիմնադրամը, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը և Վիլեր Կոտրեի ֆրանսերեն լեզվի միջազգային ավանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում