ԳՅՈՒՄՐԻ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզպետի աշխատակազմում առաջին անգամ հայեցողական պաշտոնները կհամալրվեն մրցույթով: Մարզպետի աշխատակազմը հրավիրում է մասնագիտությամբ իրավաբանների և ֆինանսիստների՝ մարզպետի խորհրդականների թափուր տեղերը զբաղեցնելու նպատակով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նման հայտարարություն է արել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը: Պահանջների մեջ նշված է, որ կարող են դիմել 25 տարին լրացած անձինք, ովքեր ունեն մասնագիտական աշխատանքային փորձ, հանրային ծառայության առնվազն 3 տարվա կամ համապատասխան ոլորտի բնագավառում առնվազն 3 տարվա աշխատանքային ստաժ։
Լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ մարզպետը տեղեկացրեց, որ այս պահին թափուր են մարզպետի աշխատակազմի 2 խորհրդականների պաշտոնները, որոնք համալրելու նպատակով մարզպետն առաջարկում է ուղարկել ինքնակենսագրականներ ու մասնակցել մրցույթի:
Հարկ է նշել, որ խորհրդականի պաշտոնը հայեցողական պաշտոն է, հաստիքները կարող էին համալրվել մարզպետի նշանակումով, բայց Դավիթ Առուշանյանն այլ որոշում է կայացրել: «Ես միշտ այն մտքին եմ, որ Գյումրին, Շիրակի մարզը պիտի տարբերվեն, բայց իրականում սա ժեստ չէ՝ իմ պաշտոնավարման 10 օրվա ընթացքում հասցրել եմ հասկանալ՝ ինձ ի՞նչ է պետք ու նաև այն ժամանակահատվածը, որ եղել եմ պատգամավոր ու նաև Գյումրիի փոխքաղաքապետ, հասկացել եմ՝ ինչ ճանապարհով եմ առաջ գնալու։ Մենք այստեղ շատ լուրջ գործ ունենք անելու, այդ հայեցողական պաշտոնները բարեկամների, ընկերների, ազգականների համար չեն, նախատեսված են մարզին օգուտ տալու համար։ Հրավիրում ենք իրավաբանների և ֆինանսիստների, որովհետև մենք խնդիրներ ունենք ֆինանսական առումով, իրավաբանական առումով, մենք ՏԻՄ-երում ֆինանսական հարցեր ունենք պարզաբանելու, լուծելու, բժշկական հաստատություններում, դպրոցներում, մարզպետարանում, ամենակարևորը՝ շինարարության մեջ, մրցույթների հետ կապված ես լուրջ խնդիրներ եմ տեսնում։ Ակնկալում եմ, որ իրավաբան-ֆինանսիստ համատեղ ուժ ստեղծենք, որ կարողանանք այն տեղերում, որտեղ խնդիր եմ տեսնում, այդ մարդիկ կարողանան լուծում տալ»,-նշեց Դավիթ Առուշանյանը՝ փաստելով, որ պարտադիր չէ տվյալ մասնագետի կուսակցական լինելը, կարևորը փորձը և գիտելիքներ են:
«Կան մարդիկ, որոնք թերահավատորեն են մոտենում, թող թերահավատորեն մոտենան, կարևորն այն է, ինչ նպատակ դրել ենք մեր առջև, կարողանանք այն իրագործել։ Այս պահին շատ կարևոր է, որ այն բացերը, որոնք ունենք, լրացնենք»,-ասաց Դավիթ Առուշանյանը։