Հայերը և վրացիները պետք է խուսափեն բաժանարար գծեր ստեղծելուց. Ջոնի Մելիքյան

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վրաստանցի քաղաքական գործիչ, Վրաստանի հայրենասերների դաշինք կուսակցության անդամ Իոսեբ Մանջավիձեն դեկտեմբերի 28-ին Facebook սոցիալական ցանցի իր էջում հակահայկական գրառում է կատարել, որտեղ փորձել է «հայկական հետք» գտնել իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցներ կիրառելու կապակցությամբ։ Ուշագրավ է, որ վրաստանյան իշխանամետ Ռուսթավի 2 և Իմեդի հեռուստաալիքները տարածել են վրացի քաղաքական գործչի հակահայկական շեշտադրումներ պարունակող գրառումը։ Թեմայի շուրջ «Արմենպրես»-ը զրուցել է Օրբելի վերլուծական կենտրոնի ավագ փորձագետ, վրացագետ Ջոնի Մելիքյանի հետ։

-Պարոն Մելիքյան, Սոսո Մանջավիձեի հակահայկական բնույթի գրառման մեջ նշվում էր, որ Վրաստանի իշխանությունների դեմ հանդես եկող ԱՄՆ կոնգրեսական Ջո Ուիլսոնը որն անձնվիրաբար պայքարում է «Վրաստանում գունավոր հեղափոխություն իրականացնելու համար, հանդիսանում է Ամերիկա-Հայաստան համաժողովի անդամ, ավելի պարզ՝ հայկական լոբբիի ներկայացուցիչ»։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ պնդումը։

-Սոսո Մանջավիձեի այս հայտարարությունները ոչ միայն ապատեղեկատվություն են, այլև նպատակ ունեն նպաստելու տարածաշրջանում անվստահության և լարվածության սրմանը։ «Հայկական հետք» որոնելը Վրաստանի ներքաղաքական գործընթացներում կամ արտաքին հարաբերություններում հիմնազուրկ և վնասակար մոտեցում է։

Ջո Ուիլսոնն ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի անդամ է, ինչպես նաև այլ հանձնախմբերի, ներառյալ՝ ադրբեջանականի և վրացականի։ Սա ցույց է տալիս, որ նրա գործունեությունը չի սահմանափակվում որևէ հատուկ ուղղությամբ և ավելի շուտ միտված է ԱՄՆ ազգային շահերի առաջմղմանը։ Այս պնդումը բացահայտ ապատեղեկատվություն է, որը ոչ մի իրական փաստական հիմք չունի։

-Մանջավիձեն պնդում է, թե հայկական որոշ ուժեր իբր ձգտում են ապակայունացնել Վրաստանը։

-Սա ևս անհիմն հայտարարություն է։ Հայաստանը և հայ ժողովուրդը մշտապես հանդես են եկել Վրաստանի հետ փոխադարձ հարգանքի և բարեկամության դիրքերից։ Մեր երկու պետությունները տարածաշրջանում կարևոր գործընկերներ են, և հարաբերությունները հիմնված են ոչ միայն ընդհանուր շահերի, այլև դարավոր պատմական կապերի վրա։ Հայաստանն աջակցել և աջակցում է տարածաշրջանային կայունությանն ու համագործակցությանը՝ առանց որևէ երկրի շահերը վնասելու։

-Մանջավիձեն անդրադարձել է նաև տնտեսական և ենթակառուցվածքային նախագծերին՝ պնդելով, որ հայկական խմբերը փորձում է խոչընդոտել Վրաստանի շահերին։ Ձեր կարծիքը։

-Հարկ եմ համարում ընգծել, որ հայկական կողմը մշտապես աջակցել է տարածաշրջանային հաղորդակցությունների վերականգնմանն ու զարգացմանը։ Անշուշտ, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին և այլ նախագծեր կարևոր նշանակություն ունեն տարածաշրջանի համար։ Իսկ ՀՀ դիրքորոշումն այն է, որ տարածաշրջանում իրականացվող տնտեսական, ենթակառուցվածքային նախագծերը ձևավորեն առավելագույն համագործակցային միջավայր։ ՀՀ կառավարության առաջ քաշած «Խաղաղության խաչմերուկի» գաղափարը վերոնշյալի վառ օրինակ է, թե ինչպես կարելի է բոլոր կողմերի շահերին ծառայող նախաձեռնություններ իրականացնել։

-Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարության ազդեցությունը վրացական հասարակության և տարածաշրջանային հարաբերությունների վրա։

-Բնականաբար, նման հայտարարությունները որևէ դրական ազդեցություն չեն կարող ունենալ հայ-վրացական հարաբերությունների, ինչպես նաև՝ տարածաշրջանային համագործակցության գործընթացների վրա։ Դրանք ոչ միայն խաթարում են փոխվստահության մթնոլորտը, այլև հասարակական կարծիքը շեղում են իրական խնդիրներից։ Մեր տարածաշրջանում, որտեղ խնդիրները բազմազան են, նման ապատեղեկատվությունը վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ։

Հետևաբար պետք է զերծ մնալ մանիպուլյատիվ և ապատեղեկատվություն պարունակող հայտարարություններից։ Մեր ժամանակների իրական մարտահրավերները պահանջում են համագործակցություն և համատեղ լուծումներ։ Հայերը և վրացիները պետք է միասին աշխատեն, որպեսզի ամրապնդեն իրենց երկրների անվտանգությունը և տնտեսական զարգացումը՝ առանց բաժանարար գծեր ստեղծելու։ Աշխարհի և տարածաշրջանի համար այս կարևոր շրջափուլում միասնականությունը մեզ համար առավել կարևոր է, քան երբևէ։

 

Հայերեն ქართული Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում