ԳՅՈՒՄՐԻ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզում 2024 թվականին հաստատվել է 32 սուբվենցիոն ծրագիր՝ 141 ենթածրագրով: Շիրակի մարզի խորհրդի տարեվերջյան նիստի ժամանակ մարզպետարանի զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Կարեն Բադիշյանը տեղեկացրեց, որ ծրագրերի ընդհանուր արժեքը կազմել է 7 մլրդ 814 մլն 933 հազար դրամ, գումարի 53 տոկոսը Կառավարության համամասնությունն է՝ 4 մլրդ 139 մլն 513 հազար դրամ:
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը սուբվենցիոն ծրագրերի իրականացման հարցում կոչ արեց պատկան կառույցներին լինել առավել զգոն՝ նշելով, որ առկա թերացումներն ու ձգձգումները մտահոգության տեղիք են տալիս:
«Հիմքից կառուցված մանկապարտեզները մինչև այսօր չեն շահագործվում, երեխաներն անցնում են այդ մանկապարտեզների կողքով և երազանք է թվում այնտեղ հայտնվելը, քանի որ գույքն ինչ-ինչ պատճառներով առկա չէ։ Բնակչին ընդհանրապես հետաքրքիր չէ, թե ինչ բյուրոկրատական քաշքշուկների պատճառով գույքը տեղում չէ։ Մանավանդ այն դեպքում, երբ Կառավարությունը և համայնքը գումարը տրամադրում են։ Պետք է հետևողական լինել և անել հնարավոր ամեն ինչ, որ օր առաջ խնդիրը լուծվի։ Մինչև մանկապարտեզը կառուցվում է, արդեն այդ համայնքի կամ բնակավայրի երեխան դպրոցական է դառնում։ Խնդրում եմ, այդ մասով խիստ հետևողական լինել, այն ամենն, ինչ կախված է Կառավարությունից, Շիրակի մարզպետի աշխատակազմից, 24 ժամ պատրաստ ենք աջակցելու։ Համայնքներում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի թվերը շատ խոսուն են, բայց ինձ համար առաջնային կարևորություն ունեն դրանց որակն ու ժամկետները։ Խնայողություն ասվածը կարելի է չանել, միայն աշխատանքներն իրականացվեն որակով»,-նշեց Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը։