ԳՅՈՒՄՐԻ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ Շիրակի մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտները 2024 թվականին կատարվել են 96.5 տոկոսով, նախատեսված 4,635,814.2 հազար դրամ սեփական եկամուտներից հավաքագրվել է 4,471,990.4 հազար դրամ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին դեկտեմբերի 30-ին կայացած մարզային խորհրդի նիստի ժամանակ նշել է Շիրակի մարզպետի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ Լիպարիտ Մարտիրոսյանը՝ տեղեկացնելով, որ այս թիվը փոփոխական է՝ վերջին օրերին ևս եկամուտների հավաքագրման հաշիվների փոփոխություն է գրանցվել:
2024 թվականին սեփական եկամուտների հավաքագրման ամենացածր ցուցանիշը գրանցվել է Գյումրի համայնքում` 91.3 տոկոս, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցվել էր 98 տոկոս:
«ՀՀ պետական բյուջեով մարզի համայնքներին 2024 թվականի նախատեսված 9,352,061.3 հազար դրամ «Դոտացիան» ամբողջությամբ ֆինանսավորվել է: 2024 թվականին ՀՀ պետական բյուջեից մարզպետի աշխատակազմի ենթակա կազմակերպություններին նախատեսված ֆինանսավորումն ամբողջությամբ հատկացվել է»,-հավելեց Լիպարիտ Մարտիրոսյանը:
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը հույս հատնեց, որ հաջորդ տարի սեփական եկամուտների հավաքագրման մասով համայնքներն ավելի լավ կաշխատեն: «Երբ բնակիչը զգաց, որ այն գումարը, որ ինքը տալիս է, ծախսվում է համայնքի վրա՝ կառուցվում են այգիներ, խաղահրապարակներ, վերանորոգվում ճանապարհրներ, ինքն այդ գումարն ավելի պատրաստակամորեն կվճարի»,-նշեց Շիրակի մարզպետը։