Մարզեր

Արմավիրում ՆԳ նախարարի գլխավորությամբ անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն

2 րոպեի ընթերցում

Արմավիրում ՆԳ նախարարի գլխավորությամբ անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը դեկտեմբերի 27-ին Արմավիրի մարզում անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն, որը համախմբել էր Ոստիկանության, Փրկարար ծառայության, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային ստորաբաժանումների ղեկավար կազմին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ խորհրդակցությանը ներկա էին ՆԳ նախարարի տեղակալները, գլխավոր քարտուղարն ու նախարարության ղեկավարության այլ ներկայացուցիչներ։ Արմավիրի մարզի ՆԳ նախարարության ստորաբաժանումները ներկայացրել են կատարած աշխատանքներն ու առկա խնդիրները։

Նախարարը մի շարք ուղղություններով տվել է հանձնարարականներ՝ ուժեղացնել ծառայությունները, ակտիվացնել մի շարք հանցատեսակների դեմ ամենօրյա հետևողական միջոցառումներն ու օպերատիվ աշխատանքը։

Նախարարն ընդգծել է Արմավիրի մարզի կտրվածքով Ոստիկանության բոլոր հենասյունային ուղղությունների միջև արդյունավետ համագործակցության կարևորությունն ու դերը մարզի աշխատանքների կատարողականը գնահատելիս։ Արփինե Սարգսյանը շեշտել է, որ տարածքային յուրաքանչյուր ստորաբաժանում տարեսկզբին պետք է ունենա կազմած աշխատանքային պլան, որն իր մեջ կներառի տվյալ տարածքում կատարվող հանցատեսակների, դրանց առանձնահատկությունների վերլուծություններ։

Կադրային քաղաքականության շրջանակում կարևորվել է ծառայողների բարեվարքությունը, կատարողական կարգապահությունը, քաղաքացիների հետ գրագետ շփումներն ու պրոֆեսիոնալիզմը։

Քննարկվել են նաև Միգրացիայի և քաղաքացիության, Փրկարար ծառայության, Հաշվառման-քննական ստորաբաժանումների աշխատանքին վերաբերող այլ հարցեր։

 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում