Մշակույթ

Լևոն Մալխասյանը պարգևատրվել է ԿԳՄՍ նախարարության ոսկե հուշամեդալով

2 րոպեի ընթերցում

Լևոն Մալխասյանը պարգևատրվել է ԿԳՄՍ նախարարության  ոսկե հուշամեդալով

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունեցել ՀՀ ժողովրդական արտիստ, հայկական ջազի լեգենդ Լևոն Մալխասյանի 80-ամյակին նվիրված հոբելյանական համերգ:

Համերգին հետևել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:

Նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է մաեստրոյին ծննդյան 80-ամյակի կապակցությամբ և նրան հանձնել ԿԳՄՍՆ ոսկե հուշամեդալ:

«Սա այն օրն է, երբ մաեստրոյին շնորհավորելուց առաջ պետք է միմյանց շնորհավորենք, որովհետև հնարավորություն ունենք միասին ներկա լինելու մեր քաղաքին գույն տվող, այն անձնավորող ու նոր մշակույթ բերող անհատականության ծննդյան միջոցառմանը: Ձեր ստեղծագործությունները յուրաքանչյուրիս նոր էներգիա, ոգևորություն և լավատեսություն են պարգևում: Մաղթում եմ ստեղծագործական հաջողություններ, իսկ մեզ՝ Ձեր ներկայությունը և համերգային  երեկոները վայելելու նոր հնարավորություններ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ժաննա Անդրեասյանի խոսքերն է մեջբերված ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Հոբելյանական համերգի շրջանակում արտերկրից Հայաստան էին հրավիրվել ջազ երաժիշտ, կոմպոզիտոր Արթուր Սաթյանը (Լիբանան), ջազ երաժիշտ Ադամ Տերացույանը (ՌԴ), ջազմեն, դաշնակահար Սամվել Գասպարյանը (ԱՄԷ): Համերգին իրենց կատարումներով հանդես են եկել նաև այլ արտիստներ և երաժիշտներ, այդ թվում՝ «Լևոն Մալխասյան», «Գարիկ Սարիբեկյան» և «Արեգ Առուստամյան» տրիոները, Մարտին Վարդազարյանը, Վահագն Հայրապետյանը։ Համերգային երեկոն տեղի է ունեցել Հայաստանի պետական ջազ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար՝ Դավիթ Մելքոնյան) և Հայաստանի          հանրային ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Երզնկյան) մասնակցությամբ:

Համերգը կայացել է Երևանի քաղաքապետարանի գլխավոր հովանավորությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում