ԳԱՎԱՌ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ «Միասին» համահայկական ՀԿ-ն Հայաստանում ապրող սոցիալապես անապահով, Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հայորդիների, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների երեխաների համար իրականացրել է «Խաղաղ Ամանոր» բարեգործական ծրագիրը՝ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Լճաշեն և Գագարին բնակավայրերի նշյալ թիրախային խմբերի 35 երեխայի համար։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, Լճաշենի «Էթիունի» հյուրատանը կայացած տոնական միջոցառման ժամանակ երեխաների համար իրականացվել է երեխաներին զվարճացնող շոու-ծրագիրը, ապա ելույթներ են ունեցել Լճաշենի արվեստի դպրոցի աշակերտները:
Միջոցառման ավարտին երեխաներին այցելել է Ձմեռ Պապը: 2024 թվականի ծրագրի անմիջական նվիրատուները «Միասին» ՀԿ-ի սփյուռքյան գործընկերներն էին՝ համահայկական կազմակերպություններ, կիրակնօրյա դպրոցներ, մշակութային խմբեր, հանրային ոլորտի ներկայացուցիչներ և անհատներ, որոնք կազմակերպության հորդորով նվերներ էին պատրաստել երեխաներին: Այս քայլը նաև նպատակ էր հետապնդում՝ Սփյուռքում ապրող երեխաներին հաղորդակից դարձնել Հայաստանում բնակվող իրենց հասակակիցների խնդիրներին:
«Միասին» համահայկական ՀԿ-ի նախագահ Գևորգ Չիչյանը շնորհավորել է բոլորին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով՝ մաղթելով խաղաղություն և անփորձանք տարի հայ ժողովրդին, ապա շնորհակալություն հայտնել բարեգործական ծրագրի սփյուռքյան բոլոր նվիրատուներին, որոնց աջակցությամբ իրականություն դարձավ ամանորյա միջոցառումը և հնարավոր եղավ ժպիտներ պարգևել երեխաներին:
«Խաղաղ Ամանոր» բարեգործական ծրագիրը Լճաշենում իրականացնելու համար «Լճաշենցիների միավորում» ՀԿ-ն շնորհակալագիր հանձնեց «Միասին» կազմակերպությանը։